Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը
Ամեն տարի հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվումէ Սուրբ Պատարագ:
Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ:
Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, Հիսուս անունն է հիշատակել: Այս մասին կրկին վկայում է նույն Ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31): Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ և համապատասխանում է եբրայերենի Մեսիային: Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը:
ArmAr.am












