Կասեցնել քրիստոնյաների կյանքի դեմ սանձազերծված վտանգը
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ քարտուղարությունից հայտնում են, որ օրերս Բրատիսլավայի կենտրոնական հրապարակում կազմակերպվել է միտինգ` նվիրված վերջին ժամանակներս հավատի հողի վրա քրիստոնեության դեմ կազմակերպված արշավանքներին: Միտինգի գլխավոր կազմակերպիչը ` Սլովակիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, հանդես եկավ հայտարարությամբ, որից պարզվեց, որ միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում սպանվել են տասնյակ քրիստոնյաներ Եգիպտոսում, Իրաքում և այլուր` կազմակերպված հակաքրիստոնեական ակտերի արդյունքում: Քրիստոնյաների պաշտպանությանը նվիրված միտինգներ արդեն կազմակերպվել են մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում Հունաստանում, Ավստրիայում, Լեհաստանում և այլն: Բրատիսլավյան միտինգում ելույթ ունեցող կարևոր բանախոսներից նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին, դիմելով ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանին, հույս հայտնեց, որ Սլովակիան էստաֆետը կհանձնի Հայաստանին, որպես մուսուլմանական ճակատում քրիստոնեական պատվար հանդիսացող երկրի` համանման միտինգ կազմակերպելու համար:
ԵՀՄՖ-ը դիմում է հայկական ակտիվ կազմակերպություններին` սատարելու եվրոպական երկրների կողմից ծավալված այս շարժումը` նվիրված քրիստոնյաների կյանքի դեմ սանձազերծված վտանգը կասեցնելու պայքարին:
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
ArmAr.am












