Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

ԼՂՀ ԱԳՆ.«Տարօրինակ է Լեհաստանի իշխանությունների դիրքորոշումը»

Հունվար 13, 2011թ. 12:28

Georgi PetrosyanՎերջին ժամանակներս Բաքվի քարոզչամեքենայի շահարկումների առարկա է դարձել Ադրբեջանում Լեհաստանի դեսպանության կայքէջում տեղադրված` Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրությունը, որի առիթը 2010 թվականի դեկտեմբերին Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Թոմաշ Պորեբայի այցն էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Անտարակույս, ԼՂՀ այցելությունների անցանկալիության վերաբերյալ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունը երաշխավորական-տեղեկատվական բնույթ է կրում, ինչի մասին, մասնավորապես  վկայում է այն, որ Լեհաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջում նշված տեղեկատվությունը բացակայում է: Սակայն հավատարիմ մնալով իրեն` պաշտոնական Բաքուն ուռճացնում է հիշյալ թեման:

Այդուհանդերձ, տարօրինակ է մնում Լեհաստանի իշխանությունների դիրքորոշումը, քանի որ  նաև այդ երկիրն է նախաձեռնել ԵՄ <Արևելյան գործընկերություն> ծրագիրը, որը հիմնված է ժողովրդավարության և  միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Արդյո՞ք լեհական իշխանությունները դրանով իսկ չեն ոտնահարում իրենց քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Չէ որ դեռ ոչ մեկի կողմից չի բեկանվել ազատ տեղաշարժվելու և ճշմարտացի տեղեկատվություն ստանալու մասին իրավունքի միջազգային համաձայնագիրը: Միանգամայն տեղին կլինի հարց ուղղել Լեհաստանի արտաքին գործերի նախարար պան Ռադոսլավ Սիկորսկուն, թե արդյոք տվյալ սահմանափակումը տարածվում է նաև լեհ քաղաքացի Անջեյ Կասպշիկի վրա:

Ի դեպ, ամեն ինչից դատելով, Բաքվի չինովնիկների սպառնալիքները հազիվ թե տպավորություն թողնեն որևէ մեկի մոտ: Չնայած նրան, որ  արտասահմանցիների այցերը Արցախ` Բաքվում համարում են քրեորեն պատժելի հանցանք,  անկախության հռչակումից ի վեր ԼՂՀ են այցելել տասնյակ հազարավոր օտարերկրացիներ` զբոսաշրջիկներ, քաղաքագետներ, գործարարներ, դերասաններ, լրագրողներ, այդ թվում` Ադրբեջանի ամենաբարեկամ երկրների, օրինակ, Թուրքիայի ներկայացուցիչներ:

Ավելին, Արցախ այցելող արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը, այդ թվում` ԵՄ երկրներից, տարեցտարի կայուն կերպով ավելանում է: Բազմաթիվ օտարերկրացիներ ԼՂՀ են այցելում մի քանի անգամ: Ընդլայնվում է այն երկրների աշխարհագրությունը, որտեղից զբոսաշրջիկներ են ժամանում: 2010 թվականին առաջին անգամ ԼՂՀ են այցելել Գաբոնի և Կոտ դ’Իվուարի քաղաքացիներ:

Այդ ամենը վկայում է այն մասին, որ աշխարհում տարեցտարի աճում է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ, չնայած Ադրբեջանի ակտիվ հակազդեցությանը և այն բանին, որ ԼՂՀ այցելող օտարերկրյա քաղաքացիները հայտարարվում են <նոն գրատա> անձինք: Զբոսաշրջիկներին հրապուրում են հինավուրց պատմական հուշարձանները, շքեղ բնությունը, առողջ բնապահպանական միջավայրը  և այլն: Սակայն, նրանց խոսքերով, երկրի հիմնական հարստությունը կազմում են նրա բարյացակամ և հյուրասեր մարդիկ:

Անկասկած, այսուհետև ԼՂՀ-ում առանձնահատուկ ուշադրությամբ կվերաբերվեն Լեհաստանի քաղաքացիներին, ովքեր անտեսելով արհեստական արգելքները, կայցելեն ԼՂՀ:

ArmAr.am


Դիտել Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն