Գլխավոր » Politics, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Նախընտրական պայքարը Թուրքիայում թեժանում է

Հունվար 15, 2011թ. 14:44

R.SafrastyanՀարցազրույց ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ

-Պարոն Սաֆրաստյան, ի՞նչ հետեւություններ պետք է անենք, երբ հայ-թուրքական բարեկամության պատրանք ստեղծելու համար նախատեսված ու դեռ կիսակառուց արձանը Էրդողանը նմանեցնում է հրեշի ու պատվիրում քանդել:

-Այն, ինչ այսօր կատարվում է Կարս քաղաքում կառուցվող այդ արձանի կապակցությամբ, պետք է դիտարկել Թուրքիայում ծավալվող ու հետզհետե թեժացող նախընտրական արշավի համատեքստում: Էրդողանն իր կողմնակիցներին ու հակառակորդներին յուրօրինակ մեսիջ է հղում, որ հայ-թուրքական հարաբերությունները բնականոնացնելու գործընթացը իշխող կուսակցության ու անձամբ իր համար կորցրել է հրատապությունը:

Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ արձանը, Էրդողանի ընկալմամբ, իր ներկա վիճակով խորհրդանշում է Հայատանի հետ քաղաքական ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փորձը, որը համարվում է անհաջող:
Թուրքիայի կառավարող վերնախավն ու Էրդողանը պառլամենտական ընտրություններից առաջ շատ ավելի բարդ խնդիրների առջեւ են կանգնած, բայց ստիպված են որոշակի ժամանակ տրամադրել նաեւ Հայաստանի հետ առնչություններին, քանզի հասկանում են, որ այս գործընթացից այլեւս ոչ մի շահաբաժին չեն կարող ստանալ:

Էրդողանը չունի նախագահ Գյուլի ռացիոնալ մտածողությունը, այլ առավելապես զգացմունքային որոշումներ է կայացնում: Դա է պատճառը, որ Կարսում կառուցվող արձանի վերաբերյալ նա այսպիսի կտրուկ հայտարարություն արեց, մտածելով, որ գործընթացը շարունակելը արդեն ապարդյուն է դարձել, ուստի Հայաստանի հետ առնչություններից պետք է ձերբազատվել:

-Տարօրինակ չէ՞, որ Էրդողանի այս դրսեւորումները քննադատեցին անգամ ազգայնականները ու դեմ արտահայտվեցին արձանի ապամոնտաժմանը, թեեւ հենց իրենք էին դեմ Հայաստանի հետ հարաբերությունները բնականոնացնելուն:

-Արդեն հայտնի է, որ թուրքական գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցություններն են քննադատել Էրդողանի դիրքորոշումները: Այս երեւույթը եւս կարելի է մեկնաբանել թուրքական քաղաքական մշակույթի յուրօրինակություններով: Ազգայնականները պնդում են, որ իրենք Էրդողանին ու նրա համախոհներին քննադատում էին Թուրքիայի շահերին դավաճանելու համար եւ երբեք դեմ չեն եղել Հայաստանի հետ հարաբերություններ ձեւավորելուն:

Միաժամանակ ընդդիմադիրները պնդում են, որ միայն բարբարոսները կարող են XXI դարում հարեւանների հետ սահմանը փակել կամ դիվանագիտական հարաբերություններ չունենալ, նաեւ հավատացած են, որ Հայաստանի հետ կարելի է հարաբերություններ հաստատել առանց Թուրքիայի շահերը ոտնահարելու:

Նախընտրական այս փուլում սա է դարձել թուրքական ընդդիմադիրների հաղթաթղթերից մեկը: Այս կերպ նրանք, կարծում եմ, նպատակ ունեն մեսիջ հասցեագրել Արեւմուտքին, հատկապես ԱՄՆ-ին, հասկացնելով, որ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը պատրաստ է ամենատարբեր հարցերի շուրջ բանակցել նրանց հետ:

Հավատացած եմ, որ հիմա արդեն ամերիկյան դեսպանատունը ակտիվորեն ներգրավված է Թուրքիայում ծավալվող նախընտրական պայքարի մեջ, իսկ Ժողովրդահանրապետական կուսակցությունն ամեն կերպ ցանկանում է շահել ամերիկացիների աջակցությունը: Պատահական չէ, որ հիմա նրանք Էրդողանին ջանում են ներկայացնել որպես բարբարոս: Զուգահեռներ են անցկացնում նրա ու Բուդդայի արձանը գնդակահարությամբ կործանած Թալիբանի միջեւ:

ԱՄՆ-ը կորցրե՞լ է Էրդողանի նկատմամբ վստահությունը ու Թուրքիայում նոր դաշնակիցնե±ր է փնտրում:
-Կարծում եմ, ավելի շուտ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որ քեմալականության կորիզն է Թուրքիայում, ցանկանում է ապացուցել, որ իրենք լավագույնս կարող են ամերիկյան շահերը ներկայացնել Թուրքիայում: Միաժամանակ նրանք ամեն կերպ ջանում են ամերիկացիներին հավաստիացնել, որ Էրդողանը իսլամականացնում է Թուրքիան, ընթանում է իսլամական աշխարհի հետ մերձենալու ուղիով եւ շեղվել է Քեմալի նախանշած աշխարհիկ Թուրքիայի ճանապարհից: Թուրքիայում իշխող ողջ վերնախավը նախընտրական շրջանում ընդդիմադիրների կողմից ներկայացվում է որպես ռադիկալ իսլամիստներ, որոնք վտանգ են ներկայացնում Արեւմտյան աշխարհի համար:

-Միշտ խոսվել է Էրդողան-Գյուլ որոշակի հակասությունների կամ առնվազն մրցակցության մասին: Խորհրդարանական ընտրությունների ճանապարհին այս պայքարը դրսեւորումներ ունենո±ւմ է, թե դրանք կտեսնենք միայն նախագահական ընտրությունների ժամանակ:
-Իհարկե նախագահ Գյուլի ու վարչապետ Էրդողանի միջեւ կան հակասություններ, կա երկու անհատականությունների մրցակցություն, սակայն խորհրդարանական ընտրությունների ժամանակ դրանք դրսեւորումներ չեն ունենա: Հիմա երկուսի գլխավոր նպատակն էլ իրենց կուսակցության հաղթանակն է:
Նրանց պայքարը կարող է սրվել միայն խորհրդարանական ընտրություններից հետո: Դրա ամենացայտուն դրսեւորումը կլինի այն, որ Էրդողանը փորձի դառնալ Թուրքիայի հաջորդ նախագահը: Չեմ բացառում, որ նա նույնիսկ օրենսդրական որոշակի մեխանիզմներ գործադրի, որ վաղաժամկետ նախագահական ընտրություններ լինեն:

«Հայոց Աշխարհ»

ArmAr.am


Դիտել Politics, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն