ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան.«Ես ստիպված եմ հիասթափեցնել երկակի չափանիշներ քարոզողներին»
Սեպտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթով հանդես եկավ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում։
Իր խոսքում ՀՀ արտգործնախարարն անդրադարձ կատարեց արցախյան հիմնախնդրին։
Այս ենթատեքստում Նալբանդյանը նշել է, որ պետք է պատասխանատվություն ստանձնել ու աշխատել ոչ միայն սպառազինությունների չտարածման ու միջուկային զենքի վերացման ուղղությամբ, այլև որոշ պետությունների ռազմական նկրտումների դեմ։ Նա ասել է, որ բացարձակապես անընդունելի է, երբ հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքներ են հնչում ամենաբարձր մակարդակով, և դրանք արժանի պատասխան չեն ստանում միջազգային հանրության կողմից։
«Լեռնային Ղարաբաղի գործընթացը, որը բանակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, առաջ է ընթանում։ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն ու արտաքին գործերի նախարարները կանոնավոր կերպով հանդիպում են քննարկելու հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքները։ Հայաստանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործում առաջընթացի հնարավորություն ստեղծելու համար կողմերը պետք է պարտավորվեն զերծ մնալ քայլերից, որոնք կարող են խաթարել երկխոսությունը կամ խոչընդոտել խաղաղ գործընթացը։ Միջազգային ասպարեզում Ադրբեջանը, ինչպես երկու օր առաջ այս ատյանում, շարունակաբար խեղաթյուրված է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը` փորձելով կոծկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ իրականացված էթնիկ զտումներն ու վարած բռնության քաղաքականությունը։ Միջազգային հանրությունը հիշում է ԼՂ դեմ Ադրբեջանի ծավալած բացահայտ ագրեսիան, լայնածավալ ռազմական գործողություններն ու պատերազմը` նաև ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների օգնությամբ։ Այն խլեց բազմահազար մարդկային կյանքեր», – ասել է Էդվարդ Նալբանդյանը։
Շարունակելով՝ նա նշել է, որ Հայաստանը հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար լուրջ հիմքեր կան, եթե կիրառվեն Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների միջև 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագրի, 2008թ. դեկտմբերի 4-ին Հելսինկիում ՄԽ համանախագահների արված հայտարարության ու 2008թ. դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ բոկոր 56 անդամ պետությունների կողմից Հելսինկիում ընդունված հայտարարության սկզբունքները։
«Ըստ այս փաստաթղթերի, կողմերը պետք է պարտավորություն ստանձնեն բանակցությունների միջոցով հասնելու խնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա», – ասել է ՀՀ արտգործնախախարը։
Նա հավելել է, որ հիմնարար սկզբունքները, որոնց շուրջ բանակցություններն ընթանում են ներկայումս, խարսխված են միջազգային իրավունքի հիմնասյուների վրա, որոնք ամրագրված են այս կազմակերպության կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի մեջ ու այլ միջազգային փաստաթղթերում։
«Ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության միջազգային սկզբունքները հավասարապես կիրառելի են։ Ոմանք երկար ժամանակ փորձում էին ժողովուրդների ինքնորոշման գաղափարի կարևորությունը նսեմացնել որպես միջազգային իրավունքի համակարգում երկրորդական սկզբունքի, որը պակաս կարևոր է, քան «տարածքային ամբոջականության» սկզբունքը։ Ես ստիպված եմ հիասթափեցնել երկակի չափանիշներ քարոզողներին. ինքնորոշումն միջազգային իրավունքի անվերապահ դրույթ է, այն ազատության մասին է, ցանկացած ժողովրդի ազատությունն է` իր ապագան ու ճակատագիրը որոշելու, հավաքական իրավունքները պաշտպանելու, երբ այդ իրավուքներն ու ապագան վտանգված են։ Եթե ինքնորոշման իրավունքը ստորադասվեր տարածքային ամբողջականությանը, ՄԱԿ-ում միայն 52 անդամ պետություն կլիներ, այսօրվա 192-ի փոխարեն», – ասել է Էդվարդ Նալբանդյանը։
ArmAr.am












