Գլխավոր » Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

«Ի՞նչն է խանգարում ԼՂՀ իշխանություններին, որպեսզի Ղարաբաղը դառնա ազատ երկիր»

Հունվար 26, 2011թ. 14:25

Kharabagh elections2010 թ. Արցախի Հանրապետությունում անցկացված ԱԺ ընտրություններին մասնակից բոլոր դիտորդներն անխտիր բարձր գնահատեցին խորհրդարանական ընտրությունների կազմակերպվածությունը` փաստելով, որ այն իրականացվել է ժողովրդավարական չափանշներին համապատասխան, արդար եւ թափանցիկ, հավասարության ու քաղաքական մրցակցության պայմաններում:

Ու չնայած դրան, Freedom House-ը հակառակ գնահատական արտահայտող զեկույց տարածեց. համաձայն որի` Արցախը համարվել է  ոչ ազատ երկիր:

Հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այս խնդրի շուրջ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փորձագետ Գեղամ Բաղդասարյանն ասել է. «Անկեղծորեն ասած, ես էլ եմ գտնում, որ Լեռնային Ղարաբաղի ներկայիս վիճակն ավելի մոտ է մասամբ ազատին, քան ոչ ազատին։ Բայց առիթ եմ ունեցել ասելու, որ երկու կարգավիճակներն էլ ամոթալի են։ Իսկ ինչո՞ւ  չպետք է ազատ լինի Լեռնային Ղարաբաղը։ Ի՞նչն է խանգարում ԼՂՀ իշխանություններին, որպեսզի Ղարաբաղը դառնա ազատ երկիր։ Այս հարցը Ղարաբաղում ոչ ոք ինքն իրեն չի տալիս, կամ քչերն են տալիս։ Մենք կարող էինք  եւ պարտավոր էինք լինել ազատ երկիր. դրա համար բոլոր պայմանները կային։ Պատերազմից հետո ֆանտաստիկ, հրաշալի պայմաններ էին  ստեղծված, որպեսզի կարողանայինք կայանալ իբրեւ ազատ երկիր, ուղղակի պետք էր ապաշնորհ լինել այս հնարավորությունը ձեռքից բաց թողնելու համար»:

Գ.Բաղդասարյանի խոսքով, 2007 թվականից հետո ԼՂ-ում ժողովրդավարության հետընթաց է նկատվում։ «Ինձ համար մինչեւ հիմա անհասկանալի է 2007 թվականի նախագահական ընտրություններին միասնական թեկնածուի առաջադրման գաղափարը, ինձ համար անհասկանալի է քաղաքական բոլոր ուժերին մեկ տանիքի տակ հավաքելու գործընթացը, այն ժամանակվա իրական ընդդիմության՝ ՀՅԴ եւ «Շարժում 88» դաշինքի՝ իշխանությանը միանալը։ Այսօր էլ համազգային միասնականության գաղափարի ներքո ստեղծվել է մի մթնոլորտ, որը բացառում է բանավեճն ու մրցակցությունը։ Ղարաբաղում ընդդիմություն պարզապես չկա»,- հայտարարեց Բաղդասարյանը՝ շեշտելով, որ քաղաքական ուժ չլինելու պատճառով ինքն իրեն ընդդիմություն  չի համարում, այլ պարզապես ներկայանում է որպես այլախոհ։

Ամփոփելով՝ Բաղդասարյանը նկատեց, որ ԼՂՀ, ինչպես նաեւ հայաստանյան իշխանությունները պետք է փոխվեն։ «Իշխանությունները Ղարաբաղում միշտ ձեռքից ձեռք են անցնում, մինչդեռ գլխից գլուխ պետք է անցնեն։ Եկել է նոր գլուխների ժամանակը, պետք է անել ամեն ինչ, որպեսզի իշխանությունները ձեռքից գլխի անցնեն»,- ասաց նա։


Թեգեր` , ,

Դիտել Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն