Ռալֆ Յիրիկյան. «Հայ կանայք դարերի ընթացքում ապացուցել են հայրենիքին օգտակար լինելու իրենց ներուժը»
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ՙՄՏՍ՚ ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հայտարարեցին Նա/Նե ամենամյա երրորդ մրցանակաբաշխության արդյունքները` այդ առիթով Հրաչյա Ղափլանյանի անվան Պետական դրամատիկական թատրոնում հրավիրված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
«Հայ կանայք դարերի ընթացքում ապացուցել են հայրենիքին օգտակար լինելու իրենց ներուժը: Տարբեր ոլորտներում կանանց գործունեությունն ու արձանագրած ձեռքբերումները գնահատելի են քաղաքակիրթ բոլոր երկրներում: Կարևոր է, սակայն, դրա նկատմամբ հանրության վերաբերմունքն ու արձագանքը, որի ձևավորման հարցում էական դեր ունեն լրատվամիջոցները», – ասաց Ռալֆ Յիրիկյանը:
Արդեն երրորդ տարին կազմակերպվող Նա/Նե մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել հայաստանյան տպագիր և հեռարձակող լրատվամիջոցների աշխատանքներն այդ ասպարեզում: Հերթական մրցույթին ներկայացված նյութերը տպագրվել կամ հեռարձակվել են 2010թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին: Դրանք ներկայացվել են տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից:
Մրցութային հանձնաժողովը լավագույն աշխատանքների համար սահմանել էր 6 անվանակարգ.
Հեռուստատեսային նյութ
Տպագիր հոդված
Ռադիոնյութ
Առցանց և բլոգում տեղադրված հոդված
Լուսանկարչական աշխատանք
Սոցիալական և առևտրային գովազդ
Ներկայացված 100 աշխատանքներից ընտրվել են հիշատակված 7 անվանակարգերում ճանաչված լավագույնները: Գնահատող հանձնաժողովում ընդգրկված էին հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ` հետևյալ կազմով. Նաիրա Սուլթանյան-Բրիտանական դեսպանատուն Երևանում,
Աշոտ Մելիքյան-Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Ջեմմա Հասրաթյան-Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա, Սուրեն Դեհերյան-Լրագրողներ հանուն ապագայի, Ջինա Սարգիզովա-ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ
Բոլոր անվանակարգերի համար սահմանված էր երեք մրցանակ: Մասնավորապես` առաջին մրցանակակիրը ստացավ Նա/Նե արծաթե արձանիկ (խորհրդանշում է Նա-ին` կնոջը, Նե-ին` տղամարդուն և խոսափողի տեսքով կենաց ծառը) և 300,000 դրամ պարգև: Երկրորդ մրցանակի համար սահմանված էր հավաստագիր և 150,000 դրամ պարգև: Երրորդ մրցանակակիրը ստացավ 75,000 դրամի պարգև և հավաստագիր:
Այս տարի նոր առաջարկությամբ էր հանդես եկել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ը` սահմանելով ՙԼավագույն ուսանողական աշխատանք՚ անվանակարգը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորի սահմանած անվանակարգի առաջին մրցանակակիրը` Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Սեդա Ստեփանյանը ՙՉեմ լռի…՚ նյութի համար բացի Նա/Նե արձանիկից նաև ստացավ HTC բջջային հեռախոս ՎիվաՍել-ՄՏՍ-ից: Երկրորդ և երրորդ մրցանակակիրները արժանացան հավաստագրերի և դրամական պարգևների:
3G ցանցի ներդրումն ազդարարող ՎիվաՍել-ՄՏՍ-ի գովազդային հոլովակը 2010 թ. Բրիտանական Խորհրդի կողմից արժանացել էր Նա/Նե մրցանակի:
ArmAr.am












