«Ադրբեջանցի փախստական»`միֆ, որ պետք է չեզոքացվի
Արևելյան Անդրկովկասի ժողովուրդները կհամախմբվեն ընդդեմ արհեստածին Ադրբեջանի
Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես, արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում թույլ տրված լրջագույն բացթողումներից մեկը հայ փախստականների հիմնախնդրի անտեսումն է:
Ադբեջանահայության (այսուհետ` Արևմտյան Մերձկասպյան կամ Արևելյան Անդրկովկասի հայեր) հիմնահարցը, որը բանալին է արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծման` մինչ օրս շարունակում է դուրս մնալ բանակցային գործընթացից:
Հայաստանյան քաղաքական շրջանակներում եթե երբևէ հիշվում է հայ փախստականների մասին, ապա միայն միջազգային հանրությանը անհասու ինչ-որ ասուլիսներում, մեր կիսատ-պռատ քարոզչությանը բնորոշ աղքատիկ տեղեկատվությամբ:
Օգտվելով հայկական կողմի քաղաքական անհեռատեսությունից, Ադրբեջանը բոլոր հնարավոր մեխանիզմները գործի դրեց միջազգային հանրության ուշադրությունը շեղելու բնիկ ժողովրդի` հայերի դեմ իրականացրած ցեղասպանության փաստից: Եվ հաջողեց. միջազգային տարբեր մակարդակներում այսօր ադրբեջանահայ փախստականների հիմնահարց `որպես այդպիսին գոյություն չունի, էլ ուր մնաց թե խոսվի Ադրբեջանի իշխանությունների կողմից 1988-92թ.թ. հայերի դեմ իրականացրած բնաջնջման ծրագրի մասին:
Փոխարենը, քարոզչության մեջ ճկուն մեր «հարևանը» սկսեց ակտիվ շրջանառել, այսպես կոչված, «ադրբեջանացի փախստականների» խնդիրը, այն վերածելով հակահայկական քարոզչության կարևոր բաղադրիչի:
«Ադրբեջանցի փախստական» միֆի մասին նախագահ Ալիևն ու իր նազիր-վեզիրները չբավարվեցին միայն միջազգային տարբեր ամբիոններից աղաղակելով: Ինչպես միշտ, այս անգամ էլ գործի դրվեց կեղծարարության մեջ նրանց անգերազանցելի երևակայությունը. Չեղածն իրականության տեղ մատուցելու անզուսպ ցանկությամբ Ալիև կրտսերը ձեռնամուխ եղավ, «ադրբեջանցի փախստականների» քաղաք – բնակավայրերի ստեղծմանը: «Ճամբարային բնակավայրերի» ստեղծումը, բնականաբար, զուտ քաղաքական նպատակ էր հետապնդում. այն վերածվեց մի ցուցադրական վայրի, դեպի ուր առաջնորդվում են այդ երկիր ոտք դրած և գործընթացի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող միջազգային կառույցների ներկայացուցիչները:
Այսպիսով, մեր քաղաքական պասսիվության ու կրավորական կեցվածքի հետևանքով, Ադրբեջանին հաջողվեց միջազգային հարթության մեջ շրջանառել «ադրբեջանցի փախստական» կոչվող կեղծիքը, որը մի կողմից օգտագործվում է որպես միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու գործիք, մյուս կողմից, արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում ճկունորեն խաղարկվում հայկական կողմերի դեմ:
Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց ոչ միայն մոլորեցնել միջազգային հանրությանը, այլև «ադրբեջանցի փախստական» հորինվածքը պարտադրել Հայաստանին: Եվ տարօրինակն այն է, որ հայաստանյան թե’ նախկին, թե’ ներկա իշխանությունները սիրահոժար ընդունեցին ու հաշվի նստան Ադրբեջանի կեղծ «փաստարկի» հետ:
Մեզանում անգամ փորձ չարվեց ճշտել, թե Հայաստանից ու Արցախից հեռացած ադրբեջանցիները, միջազգայնորեն ընդունված կարգով, արդյո՞ք, փախստական կոչվելու իրավունք ունեն: Տպավորությունն այնպիսին է, որ այս հարցում գործ ունենք կամ քաղաքական հավկուրության, կամ միտումնավորության հետ: Երկուսն էլ, ի դեպ, հավասարաչափ վտանգավոր ու մեղադրելի են:
«Ադրբեջանցի փախստականներ» գոյություն չունեն
Հիշեցնենք միջազգայնորեն ընդունված ձևակերպումը. փախստականներ են հանդիսանում այն խաղաղ բնակիչները, ովքեր լքում են իրենց բնակության վայրը կյանքին սպառնացող վտանգի պայմաններում։ Փախստականն այն խաղաղ բնակիչն է, ով չի մասնակցում պատերազմական գործողություններին: Եվ ուրեմն, հարց է ծագում, արդյո՞ք, Քաշաթաղում (Լաչին) կամ էլ Քարվաճառում (Քելբաջար) բնակված ադրբեջանցուն կարելի է փախստական կոչել, ով որպես պատերազմական գործողությունների ակտիվ մասնակից, փակում էր Հայաստան-Արցախ ճանապարհը:
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը բազմիցս առիթ է ունեցել թե’ Մինսկի խմբի համանախագահներին, թե’ ադրբեջանական, նաև հայրենական, իշխանություններին հիշեցնելու, որ Արցախը լքած ադրբեջանցիները Արցախի դեմ պատերազմած մարդիկ են, նրանք զանգվածաբար մասնակցել են Արցախի շրջափակմանը և պատերազմի դաշտը լքել ոչ թե որպես խաղաղ բնակիչ, այլ որպես պատերազմում պարտություն կրած կողմ: Ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղից հեռացել են իրենց իսկ կողմից հրահրված պատերազմական գործողությունների ընթացքում: Իսկ պատերազմի մասնակիցը փախստական համարվել չի’ կարող:
Երկրորդ լուրջ փաստարկը. միջազգային իրավունքի տեսանկյունից փախստականն այն անձն է, ով հատում է պետական սահմանը և այն պետությունը, ուր ապրում է` չի համարում իր քաղաքացիության երկիրը: Այնինչ իրենց «ադրբեջանցի փախստական» համարողներից և ոչ մեկն այն կարծիքին չէ, թե ինքը մի պետությունից մեկ այլ պետություն է անցել: Քաղաքագետ Մանասյանն այս առումով տեղին նկատում է. «Եթե նրանք ընդունեն այս փաստարկը, ապա պետք է ընդունեն նաև, որ Արցախի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է: Հետևապես, երբ Արցախից հեռացած ադրբեջանցիները կճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունն ու այն կհամարեն իրենց Հանրապետությունը, միայն այդ դեպքում հայկական կողմը կքննարկի նրանց փախստական լինել-չլինելու հարցը»:
Ինչպես ասացինք, Արցախում ապրած ադրբեջանցիները պատերազմել են Արցախի դեմ, ուրեմն` գործ ունենք ոչ թե ադրբեջանցի փախստականների, այլ Արցախի Հանրապետությանը դավաճանած մարդկանց հետ: Ընդորում, այդ «փախստական» կոչվածները Արցախին դավաճանեցին դեռ այն ժամանակ, երբ չմասնակցեցին անկախության հանրաքվեին: Հետևապես, Արցախի Հանրապետությանը դավաճանած ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիներն իրավունք չունե՜ն փախստական անվան տակ մուտք գործել այդ երկիր:
Սրանով, ի դեպ, ի չիք է դառնում չարաբաստիկ մադրիդյան սկզբունքների` հայկական կողմերի համար մարտահրավեր պարունակող` «փախստականները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը» թեզը:
Ինչևէ, քանի դեռ Ադրբեջանը չի ընդունել Արցախի Հանրապետության անկախ պետություն լինելու փաստը` «ադրբեջանցի փախստական» հասկացություն գոյություն ունենալ չի կարող։ Իսկ եթե Ալիև կրտսերը շատ է կամենում իր կողմից հորինված «ադրբեջանցի փախստական» միֆը դառնա իրականություն` ուրեմն ստիպված է նախ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Հայաստանից գնացած ադրբեջանցիները փախստականներ չեն
Դառնանք Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցների խնդրին: Հայտնի է, որ Հայաստանում բնակվող ադրբեջանցիները երկրից հեռացել են առանց նյութական չնչին իսկ կորուստներ կրելու: Ավելին, հայաստանաբնակ ադրբեջանցիները անարգելք վաճառեցին իրենց բնակարաններն ու Հայաստանից հանգիստ տեղափոխվեցին Ադրբեջան` հսկայական գումարներ վաստակած: Նրանք ոչ միայն իրենց համար շահավետ բնակարանային փոխանակումներ կատարեցին, այլև երկրաշարժից հետո այդ բնակարանների դիմաց Հայաստանի կառավարությունից ստացան փոխհատուցում։ Ադրբեջանում էլ տեր դարձան ցեղասպանության հետևանքով Բաքվից ու Ադրբեջանի այլ բնակավայրերից մազապուրծ եղած հայության ողջ ունեցվածքին: Ուստի, նրանցից և ոչ մեկը, ըստ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, փախստական համարվել չի կարող ունենալ։
Բայց արի ու տես, որ ի տարբերություն հայ փախստականների, որոնք մինչ օրս չունեն կարգավիճակ, Ադրբեջանին հաջողվեց միջազգային կազմակերպություններից կորզել այն. առավել քան 10 տարի է ինչ «ադրբեջանցի փախստականները» օգտվում են «մարդասեր Եվրոպայի գթասրտությունից»:
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Արևելյան Անդրկովկասի բնիկ հայ ժողովրդի հետ:
Զոհն ու ոճրագործը Եվրոպայի համար նո՞ւյնն են
1988-ին թյուրք խուժանի արյան մեջ նորից խլրտաց բարբարոսի գենը… ադրբեջանցի խուժանը ամենուր հայի հետքն էր փնտրում…
«Երբեք չեմ մոռանա այդ օրը: 1990-ի հունվարն էր: Բաքվում աներևակայելի սարսափ էր, քաղաքը վերածվել էր դժոխքի: Ոճրագործները ստույգ գիտեին, թե որ հասցեներում են ապրում հայերը: Տանտերերին կողոպտում էին ու սպանում: Տղամարդկանց, կանանց և երեխաներին ձողերով ծեծելով սպանում էին, աղջիկներին բռնաբարում և ողջ-ողջ այրում»… պատմում է Բաքվի ցեղասպանության ականատեսը: Բաքվում, Սումգայիթում ու Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում տեղի ունեցածը 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճիրի` Հայոց Ցեղասպանության կրկնությունն էր…
Ադրբեջանցիների գործողությունների հիմքում Արևելյան Անդրկովկասի բնիկ ժողովրդի` հայերի ոչնչացման հստակ ծրագիրն էր. նախապես ծրագրված զանգվածային ոճրագործություն` իրականացված ազգային պատկանելության հողի վրա: Սպանդն իրականացնողները ոչ թե առանձին հրոսակախմբեր էին, այլ տասնյակ հազարավորներ, ինչը հաստատվում է բազմաթիվ վկայություններով. «Հայերը փորձում էին փախչել, ամբոխը կանգնեցնում էր փոխադրամիջոցները, այնտեղից դուրս հանում և հաշվեհարդար տեսնում նրանց նկատմամբ»: Հայերի գաղթն անգամ արգելված էր, թույլատրելի էր միայն մահը… Ադրբեջանական ֆաշիզմի հետևանքով Արևելյան Անդրկովկասի (իմա` Ադրբեջանի) բնիկ հայ ժողովուրդը դարձավ փախստական:
Առ այսօր Ադրբեջանը չի փոխհատուցել հայերին պատճառած`և’ բարոյական, և’ ֆիզիկական վնասը: Մարդու իրավունքներից ճամարտակող միջազգային հանրության կողմից ոճրագործները շարունակում են մնալ չդատապարտված, իսկ զոհերը` անտեսված: Մինչդեռ առողջ տրամաբանությունը հուշում է, որ հայ փախստականների խնդիրները պետք է հայտնվեին միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում: Բայց վերջիններս մինչ օրս ոչ միայն անտարբերությամբ շրջանցում են կատարված ոճիրը, այլև ցինիկաբար նույն հարթության մեջ դիտարկում զոհին ու ոճրագործին:
Միջազգային կառույցների անտարբեր պահվածքի պատճառը չէ՞ այն, որ հետագա տարիներին և մինչև այսօր այդ ջարդարարների պարագլուխներից շատերը ղեկավար պաշտոններ զբաղեցրին Ադրբեջանում, իսկ հայկական ջարդերի ժամանակ կոշտ դիմադրության հանդիպած մարդասպանները թաղվեցին Բաքվի շահիդների պուրակում` որպես սուրբ նահատակներ: Ոճրագործությունը Ադրբեջանում մատուցվեց ու շարունակում է մատուցվել իբրև բարձրագույն հերոսություն:
Ո՛չ ԵԱՀԿ-ում, ո՛չ ՄԱԿ-ում, ոչ Եվրոպայի խորհրդում ու ԵՄ-ում այդպես էլ քննարկման առարկա չդարձավ հայ փախստականների խնդիրը:
ԵԱՀԿ-ն, որն ունի ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն գլխավոր կոմիտե, և որի նպատակն է հենց նմանատիպ իրավիճակներին միջամտելը, երբևէ չի քննարկել բնիկ ժողովուրդների ու ազգային փոքրամասնությունների բնաջնջման, արտաքսման, էթնիկ զտումների փաստերն Ադրբեջանում: Ի վերջո, 1990-ին Բաքվի հունվարյան ջարդերից տուժեցին նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` ռուսներ, հրեաներ, հույներ, ասորիներ:
ՄԱԿ-ն իր հերթին ևս երբևէ չի քննարկել Ադրբեջանում անհետացող բնիկ ժողովուրդների հարցը: Չնայած 2007-ին ընդունած «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրով ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավորվել են պաշտպանել նրանց իրավունքները: Մտահոգիչ է, որ ՄԱԿ-ը որևէ կերպ չի արձագանքում նաև այսօր Ադրբեջանի կողմից պարբերաբար հրահրվող ռասսայական ատելությանը:
Հետևելով միջազգային վերլուծաբանների տարածաշրջանային կանխատեսումներին, առավել շոշափելի է դառնում այն անհանգստությունը, որ եթե չկանխվի Ադրբեջանի կողմից ներկայումս վարվող ռասիստական քաղաքականությունը, ապա այն կարող է հանգեցնել տարածաշրջանային սուր բախումների: Տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացումն ու խամաճիկի դերը ստանձնած Ադրբեջանի ձեռքով «կարկանդակներ» փախցնելու արտաքին ուժերի հեռահար նպատակները կարող են հերթական ողբերգությունների պատճառ դառնալ: Հայերի բնաջնջումն իրականացրած ու մարսած երկրի իշխանություններն այսօր ձեռնամուխ են եղել թալիշներին, ուդիներին, լեզգիներին, ավարներին ձուլելու կամ իրենց ծննդավայրից վտարելու քաղաքականությանը:
Վերլուծաբանների դիտարկմամբ, այսօր Ադրբեջանում հասունանում է մարդկության դեմ ուղղված հանցագործ ծրագրերից մեկը` երկրի հյուսիսում ապրող ժողովուրդների դեմ նախապատրաստվող էթնիկ զտումների ու ցեղասպանության հանցագործ ծրագիրը:
«Այլևս լռելու իրավունք չունենք»
Նավթային գործոնով կուրացած գերտերություններից ու մարդու իրավունքի պաշտպան համարվող Եվրոպայից հույսները կտրած` Ադրբեջանից քաղաքական, կրոնական և ազգային պատճառներով հեռացած և տարբեր երկրներում ապաստանած ժողովուրդների ներկայացուցիչները, տեղերում ստեղծելով կազմակերպություններ, այսօր փորձում են համախմբվել` սեփական խնդիրները սեփական ուժերով լուծելու վճռականությամբ:
Մեզ հետ զրույցում Ադրբեջանից փախստականների քաղաքական, կրոնական և ազգային խմբերի լիազոր ներկայացուցիչների համակարգող Խորհրդի քարտուղար Էդուարդ Փոլատովն ասաց. «Այլևս իրավունք չունենք լռել: Արևմտյան Մերձկասպյան հայերը, որպես բնիկ ժողովուրդ, տարածաշրջանի ազգային, կրոնական փոքրամասությունների հետ միասին պետք է հստակ քայլեր ձեռնարկեն: Ադրբեջանը պետք է պատասխան տա հայերի դեմ իրականացրած ցեղասպանության, այսօր` մյուս ժողովուրդների դեմ սերմանվող ռասսիզմի համար: Եկել է մեր համախմբման պահը»:
Իսկ համախմբման առաջին քայլը տեղի կունենա փետրվարի 28-ին սպասվելիք համագումարում: Արևելյան Անդրկովկասի հայերի ներկայացուցչական մարմնի նախաձեռնությամբ այդ օրը Արցախի Հանրապետությունում, հավանաբար, Քարվաճառում, կհրավիրվի համագումար, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած Արևելյան Անդրկովկասի բնիկ հայերը, ինչպես նաև, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Համագումարի հրավիրման նպատակն է հայկական ազատագրված տարածքներում Արևելյան Անդրկովկասի հայերի խորհրդարանի ստեղծումը: Խորհրդի անդամների փոխանցմամբ, փորձ կարվի համագումարը վերածել հայության ու ազգային փոքրամասնությունների համատեղ համագումարի:
Արևմտան Մերձկասպյան տարածաշրջանի ժողովուրդներն այլևս հրաշալի գիտակցում են, որ Բաքուն տարածաշրջանում լարվածություն ու ատելություն սերմնողն է, ուրեմն, «ժամանակն է համախմբվել ատելության օջախի դեմ պայքարում, ողբերգությունների շղթան պետք է ընդհատվի»:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
ArmAr.am












