Պատմական վերաքննություններ
Գաղտնիք չէ , որ որևէ Տեսակի՝ գոյության կռվում առավելագույն կենսունակությամբ պայքարելու անհրաժեշտ պայման է սերունդների միջև անխզելի կապը՝ մոգական այն շղթան , որի բոլոր օղակների անվնաս առկայությամբ էլ պայմանավորված են Պատմաստեղծ Ոգու երկունքները՝ Անցյալը , Ներկան ու Գալիքը անքակտելի ամբողջականության մեջ միավորող հզորագույն անհատները: Այս բնական կապն, իր հերթին, պայմանավորված է պատմական և գենետիկ հիշողությունների անխաթարությամբ՝ գործոններ , որոնց անեղծության ու ամրության փոխշաղկապվածությունը տվյալ Ազգի մեջ կերտում է հաստատուն հավատ՝ դեպի իր ուժերն ու Ապագան : Չկա առավել սարսափելի մի բան , քան այս գործոններից որևէ մեկի թուլացումն ու խաթարումը . գլխապտույտ մի արագությամբ անդունդն են գահավիժում այն ամեն սրբազանն ու պաշտելին , որոնք , հազարավոր սերունդների ջանքերի գնով վերածվել էին Ազգային Որակների :
Բնության մեջ ցանկացած տեսակ դատապարտված է անհետացման , եթե դադարում է իր սնունդն ընդունել սեփական արմատներից : Մարդկային տեսակները , հանգամանքների բերումով որդեգրելով օտար , իրենց էությանը խորթ ու հակոտնյա արժեհամակարգեր՝ կորցնում են բնական – հոգևոր կապն Անցյալի հետ , դադարում են սնվել միայն իրենց Տեսակին հարիր հոգևոր սնունդով , ժամանակի ընթացքում խեղաթյուրում են իրենց պատկերացումները սեփական ակունքների մասին և վերածվելով սոսկ առօրեական արժեքներով առաջնորդվող կապկային հոտերի ՝ բացահայտ հարցականի տակ դնում իրենց Ապագան :
Նման աղետի ականատեսն ու զոհերն ենք մենք ավելի քան 1700 տարի : 301 թվականը լոկ սկիզբն էր հսկայական այն ավերածության , որ հետագա դարերում պիտի արվեր մեր հավաքական հիշողության հետ : Հետևողական ու համառ աշխատանք տարվեց՝ մեր Ազգի գոյությունը քրիստոնեական դավանանքով պայմանավորելու , նախաքրիստոնեական Հայաստանը սերունդներին , որպես ջունգլիներ ներկայացնելու և Հայոց պատմությունը՝ Հայ եկեղեցու հաղթարշավի լույսի ներքո հրամցնելու ուղղությամբ : Հայ եկեղեցու վարած այս քաղաքականությունն ունեցել է մեկ կարևոր պատճառ . նորաթուխ , դրսից պարտադրված հայեցակարգն արմատավորելու համար հարկավոր էր կործանել այն ամենն , ինչ Ազգին կհիշեցներ իր Անցյալը , հարկավոր էր գլխիվայր շրջել մեզ հարազատ արժեհամակարգային ողջ աշխարհը : Եվ այս ամենն արվեց մեծ սիրով ու կույր ատելությամբ : Փառահեղ մշակույթի կրողներս սկսեցինք խարխափել մեզ պարտադրված խավարում , աշխարհակալ Հայի՝ տարածվելու սովոր օրգանիզմը սմքեց , փոքրացավ ու սեղմվեց իր Բնաշխարհի տարբեր անկյուններում ՝ Բնաշխարհ , ուր Հայն այլևս ներկայացվում էր , իբրև եկվոր , ուր Հայն այլևս քարշ էր տալիս իր գոյությունը տարագրի կարգավիճակով :
Մաշտոցի հանճարը սկիզբ դրեց հայ մշակույթի մի նոր վերելքի : Երկարատև նիրհից հետո , որում գտնվում էր հայ ընտրանին , ասես աներևույթ մի զորություն , խթանեց մեր Տեսակի՝ եկեղեցական «բարեփոխումների » արդյունքում թուլացած ու անհետանալու աստիճան նվաղած ինքնապաշտպանական բնազդը : Սեփական Հայրենիքում այլասերման և փոշիացման վտանգը ծնունդ տվեց մտավորականների մի փաղանգի , որն իր սրբազան պարտքն էր համարում մոխիրների միջից պեղելու և վերծանելու այն ամեն փառահեղն ու լուսեղենը , որ ի վերուստ տրված է մեր Ցեղին : Անցյալի հետ խաթարված կապի վերահաստատումը – ահա Մաշտոցի ծնունդ տված Ոսկեդարի ողջ հմայքն ու զորությունը :
Հայրենանվեր մտավորականների այդ բանակում հատկապես առանձնանում և յուրահատուկ տեղ է գրավում Քերթողահայր Խորենացին : Պատմահայրն իր ժամանակակիցներից և հետագա բոլոր ուսումնասիրողներից շահեկանորեն տարբերվում է նրանով , որ հստակ պատկերացում ունի այն մասին , թե ինչ է Պատմությունը , որն է Նրա շարժիչ ուժն ու տրամաբանությունը : Այսպիսով , նա դեպքերի ու երևույթների սոսկ նկարագրողը չէ , նա ապրում ու պայքարում է իր նախնիների հետ և սերունդներին փոխանցում նրանցից ստացած զորությունը : Խորենացու հավաքած հսկայական նյութն ու աղբյուրները չեն վերածում նրա գործը անկենդան մի շարադրանքի . Պատմահոր տրամաբանությունն հետևյալն է . դեպքերն ու դեմքերը լոկ արտացոլումներն են մեր պատմությունը կերտող այն ուժի , որ կոչվում է Հայ Ոգի : Իսկ Ոգու հաղթական բռնկումներն ու վայրէջքները պայմանավորված են մի տրամաբանությամբ . Տեսակի հարատևման ճիգը : Արքաները , հերոսներն ու զորավորներն անցնում են : Մնում և հետագա սերունդների մեջ մարմնավորվելով ապրում ու ներգործում է նրանց Ոգին , և մենք զորավոր ենք այնքանով , որքանով որ հաղորդակից ենք Արարչի կամքով մեր մեջ գործող այդ Ոգուն : Բացարձակ այդ ուժի՝ պատմակերտ Հայ Ոգու, և Տեսակի հարատևման ճիգն՝ իբրև ամենազորավոր մղիչ ուժ ընկալելու հանգամանքը Խորենացուն բերում է այն համոզմունքին , որ մեր Անցյալը , Ներկան ու Ապագան մի ամբողջություն են , Հայ Ոգու դրսևորման հարատև մի ընթացք : Այդ ամբողջության մեջ Պատմահայրն առանձնացնում է երեք անուն՝ Հայկ , Արամ և Տիգրան , որպես Համահայկական ազգասիրության և Համահայաստանյան հայրենասիրության մարմնավորողների , որպես Հայ Ոգու մեծագույն երկունքների , որոնց մեջ նա ցույց է տալիս այն ամենալավն ու առաքինին , ինչ հատուկ է մեր Տեսակին : Մնացած ամեն երևույթ ու դեմք նա անցկացնում է այս՝ խտացված պրիզմայով , ինչն ամենևին էլ չի ենթադրում , թե Քերթողահայրը նվազեցնում է մնացյալի արժեքը , կամ կասկածի տակ դնում հայ մյուս արքաների քաջությունը : Շեշտում ենք . Խորենացու համար անունները երկրորդական են , գլխավորն այն չափանիշներն են , որոնք խտացված են այս երեք կերպարների մեջ : Խորենացին սրանով նաև անուղղակիորեն պատգամում է յուրաքանչյուր Հայի՝ անձնական կամքի մշակմամբ , սատարել Հայ Ոգու զորությանը : Ահա սա է նաև պատճառն այն հանգամանքի , որ մեծ Մտավորականը գիտակցաբար միախառնել է տարբեր դարերում գործած հայ մեծերի կերպարները ( Տիգրաններ , Արտաշես և Սանատրուկ , և այլն …) : Սա է Պատմահոր գործի բուն արժեքը . հետագա սերունդներին փոխանցել Հայ Ոգու զորությունը , որի հարատև ընթացքն հավասարապես պայմանավորված է հայ մեծագործ արքաների , իշխանների ու հոգևոր այրերի կամային զորութենականությամբ՝ նախաքրիստոնեական , և թե քրիստոնեական շրջանում :
Այսպիսով , Հայոց Քերթողահայրը եզակի մնաց ոչ միայն հայ , այլ նաև համաշխարհային իրականության մեջ , եզակի՝ իմաստասիրական առողջ իր մոտեցմամբ դեպի Պատմությունը . ծառայեցնել այն միայն և միայն Տեսակի Հարատևման բնական ու աստվածահաճո գործին :
Հետագա բոլոր դարերում Հայ Մտավորականի գերագույն խնդիրը եղավ վերծանելու մեր հոգևոր արժեքները , վերաշտկելու և ազգային ակունքներին մոտեցնելու արժեքային եղծված մեր համակարգը : Պատմահոր հանճարն այս ճանապարհին լուսավոր փարոս եղավ շատերի համար : Այսօր էլ արժանավոր հայորդիք փորձում են պատառ – պատառ հավաքել ու վերականգնել Հայոց Փառքի ավերված տաճարը , այսօր էլ Խորենացու լույսն է ուղղորդում նրանց այդ ճանապարհին : Միայն թե հարկավոր է խորապես ընկալել Պատմահոր իմաստասիրական մոտեցումը , որն էլ իր հերթին զերծ կպահի նրա տողերի կամայական մեկնություններից : Եկեղեցական ատելավառ հերքումներին ու զեղծարարություններին զուգահեռ , այսօր ականատեսն ենք մեկ այլ՝ ոչ պակաս գարշելի ծայրահեղության . ամեն գնով պարսավվում ու նսեմացվում են հետքրիստոնեական Հայ մեծերի անուններն ու անիմաստ համեմատության մեջ դրվում նրանց գործերը՝ որպես նախորդ սերունդներից պակաս փառահեղ : Կույր ատելությունը ստիպում է անգամ իրենց պատմաբան համարող շատ տաքարյունների՝ անտեսել ժամանակի գործոնը , որ ազդել է Հայոց պետական այրերի արարքների տրամաբանության վրա : Ամեն բան կործանելու արատավոր այս մղումը կարող է բուժվել միայն Համահայկական այն մոտեցմամբ , որով մեր մեծ նախնին շարադրեց Հայոց Պատմությունը : Հակառակ դեպքում , պարոնայք վայ – պատմաբանները՝ լինեն դրանք եկեղեցական թե Հայոց Հավատքի հետևորդներ, մեզ համար ոչնչով չեն տարբերվում միմյանցից . գրկեք իրար և գահավիժեք այն անդունդը , որով բաժանել և Հայ Տեսակի միասնական Պատմությունը վեր եք ածել նախաքրիստոնեական և հետքրիստոնեական ժամանակագրությունների :
Գևորգ Հովհաննիսյան, « Հայկյանների Միություն »
Ֆրանսիա
ArmAr.am












