Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Բաքվի իրավական հիմքերը խախուտ են

Փետրվար 14, 2011թ. 10:13

32479Խոսելով հակամարտությունների կարգավորման ուղիների մասին` միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ հաճախ  հայտարարում  են, թե`  յուրաքանչյուր հակամարտություն ունի իր պատմական, քաղաքական իրավական առանձնահատկությունները, հետևապես, տվյալ հակամարտության   յուրահատկությունից ելնելով էլ հարկ է փնտրել «համարժեք լուծումներ»:

Այս մոտեցումը ընդունելի կլիներ, եթե  գերտերությունները չփորձեին «համարժեք լուծումներ» ասվածը փնտրել միայն սեփական շահերի տիրույթում:

Բանն այն է, որ շատ հաճախ է փորձ արվում հակամարտությունների կարգավորումը պայմանավորել զուտ սեփական տնտեսական ու քաղաքական  շահերով, իսկ հետո «արդարանալ», թե դա է թելադրում տվյալ հակամարտության պատմական, իրավական, քաղաքական «առանձնահատկությունը»:

Ակնհայտ է, որ հենց միջնորդ երկրների ակտիվ ջանքերով արցախյան հակամարտության բանակցային գործընթացն իրավականից մղվեց  զուտ քաղաքական հարթություն, ու գրեթե «մոռացվեց»  միջազգային իրավունքի  պահանջները: Այսօր էլ շրջանցվում ու անտեսվում է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման իրավական ուղին: Ինչն, իհարկե, ձեռնտու է միայն Ադրբեջանին ու վերջինիս շահերի սպասարկու երկրներին:

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք` մեկ տասնյակից ավելի ձգվող անարդյունք բանակցային գործընթաց…  Իսկ որքան ձգձգվում է գործընթացը, այնքան նորանոր քաղաքական խաղաքարտեր են ի հայտ գալիս, որոնք առավելապես խճճում ու փակուղի են մղում հիմնախնդրի լուծումը:

2010-ին Հայաստան այցելած ԱՄՆ Զինված հակամարտությունների ուսումնասիրության միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով վերլուծաբան Ժերար Շալյան գերտերությունների շահագրգռությունների մասին զարմացնող անկեղծությամբ արտահայտվել էր. «Կա մի պետություն, որը տալու, առաջարկելու որևէ բան չունի (իմա` Հայաստան), և հարուստ պետություն (իմա` Ադրբեջան), որը նավթամուղի սկիզբն է։ Սա նշանակում է, որ այսօր աշխարհում շահերը նույնքան կարևոր են, որքան սկզբունքները»…

Անհամատեղելի սկզբունքներ

Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում ադրբեջանական կողմը   սկզբից ևեթ առաջ մղեց «տարածքային ամբողջականություն» կոչված սկզբունքը, այն հակադրելով ու գերակա հայտարարելով արցախահայության` միջազգային իրավունքով ամրագրված արդար պահանաջին` ազգերի ինքնորոշման իրավունքին:

Ադրբեջանի իշխանությունները հրաշալի գիտակցում էին, որ միջազգային իրավունքի տեսանկյունից իրենց հիմքերը խարխուլ են, ինչպես նկատում է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` գոյություն չունի որևէ իրավական փաստաթուղթ, որով մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունը կարող է հիմնավորել Արցախի Հանրապետության նկատմամբ իր հավակնությունները: Բաքվի իրավական փաստարկների փաթեթում չկա իրավական բնույթի որևէ հիմնավորում` Լեռնային Ղարաբաղը`  «Ադրբեջան» անունով աշխարհագրական տարածքի կամ այդ անունով որևէ ինքնիշխան պետության պատկանելու մասին:

Եվ ահա, բանակցային գործընթացի սկզբից Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց` «տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա է ազգերի ինքնորոշման իրավունքին»` միջազգային իրավունքի տեսանկյունից անհիմն ու տգետ «փաստարկը», ինչի վրա էլ խարսխվեց Ադրբեջանի քաղաքական ուղենիշը:

Տարօրինակ է, որ նման անտրամաբանական «փաստարկը» լուրջորեն ընդունվեց արցախյան հիմնախնդրի կարգավորման առաքելությունն իրենց ուսերին վերցրած, միջազգային իրավունքի գիտակ համարվող համանախագահողների կողմից: Սիրահոժար «կուլ տալով» Բաքվի հրամցրած «դեղատոմսը», փաստորեն, տարիներ շարունակ Ադրբեջանին հնարավորություն տրվեց` խաղարկելով տարածքային ամբողջականության սկզբունքը, կեղծել ու գլխիվայր ներկայացնել արցախյան հիմնախնդրի իրական բնույթը: Մյուս կողմից էլ այն խաղաքարտ դարձավ հենց համանախագահների ձեռքում, որոնք նախընտրելի պահին, ուզածի չափ շարունակում են մանևրել երկու սկզբունքների մեջտեղում:

Ադրբեջանական քարոզչամեքենան, վարպետորեն նենգափոխելով պատմական, իրավական ու քաղաքական փաստերը, այսօր հասել է նրան, որ միջնորդ երկրների ներկայացուցիչները, ձայնակցելով Ադրբեջանին, արցախյան հակամարտության մասին հնչեցրած ցանկացած հայտարարություն սկսում ու ավարտում են «տարածքային ամբողջականության» սկզբունքին համակարծիք լինելու իրենց թյուրքահաճ հավաստիացումներով:

Ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի Մինսկի խմբի նախկին համանախագահ Բրայզան հաճախ էր սիրում կրկնել այն պնդումը, թե. «Կա պետությունների տարածքային ամբողջականության իրավական սկզբունք, և կա ժողովուրդների ինքնորոշման քաղաքական սկզբունք»: Ադրբեջանի շահերի պաշտպան դիվանագետը հրաշալի գիտակցելով իրավական հարթության մեջ Ադրբեջանի սնանկությունը, այդ կերպ ջանում էր իրավական փաթեթ խցկել ադրբեջանանպաստ  ինչ-որ հիմնավորում:

Իրականում տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքներն անհամատեղելի են, ու առավել ևս անհնար է փորձել արցախյան հակամարտությունը լուծել երկու սկզբունքները համադրելու ճանապարհով: Տեղին է  նկատել Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Գերոգի Պետրոսյանը, ասելով. «Մենք խոսում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, իսկ Ադրբեջանը` տարածքային ամբողջականության», ու քանի դեռ բանակցությունները շարունակում են կառուցվել երկու հակադիր սկզբունքների հիման վրա, Գ.Պետրոսյանի համոզմամբ, կողմերի միջև դիրքորոշումների ընդհանուր եզրեր չեն կարող լինել: «Այդ պատճառով պաշտոնական Բաքուն չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի հետ որևէ շփման գնալ: Դեռ ավելին, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում են զավթողական նկրտումների մասին»,- նկատել էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

Իրականությունն այն է, որ «տարածքային ամբողջականության» սկզբունք, որպես այդպիսին, գոյություն չունի: Հարց կառաջանա, այդ դեպքում ինչի՞ շուրջ է, տարիներ շարունակ, բարբաջում Ադրբեջանը: Բանն այն է, որ ՄԱԿ-ի Կանոնակարգի  4-րդ կետը տարածքային ամբողջականության առնչությամբ  ընդամենը հռչակում է.«ՄԱԿի բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի կիրառումից կամ սպառնալիքից, կամ այլ քայլերից, որոնք անհամատեղելի են Միավորված Ազգերի նպատակների հետ»:

Սա հենց այն կետն է, որից էլ կառչում են Ադրբեջանն ու վերջինիս շահերի սպասակուները:  Սակայն իրավագիտորեն պետք է տգետ լինել (կամ ձևանալ)` չհասկանալու համար, որ այստեղ խոսքը ճանաչված պետությունների հարաբերությունների մասին էբայց ոչ ազգերի ինքնորոշման:

Այս հիմնադրույթը ոչ մի ընդհանուր բան չունի «տարածքային ամբողջականության»

այսինքն, պետության տարածքի անձեռնմխելիության հետ: Այն ընդամենը կոչ է ուղղված երկրներին` ձեռնպահ մնալ` «մի պետության կողմից ուժի գործադրման միջոցով մեկ այլ պետությունը գրավելուց կամ նրա կառավարությունը տապալելուց»:

ՄԱԿ-ի հռչակագիրը, միաժամանակ, հստակ սահմանում է. «Տարածքային ամբողջականության սկզբունքը չի համարվում միջազգային իրավունքի սկզբունք: Այն ընդամենը կարգավորում է պետությունների միջև հարաբերությունները և կիրառելի է միայն այդ հարաբերություններում»: Եվ ուրեմն, այն չի կարող կիրառվել ղարաբաղյան հակամարտության դեպքում, ուր առկա է ազգերի ինքնորոշման իրավունքը:

Միջազգային իրավունքի տարբեր մասնագետներ տարբեր առիթներով արձանագրել են, որ.«Գործող միջազգային իրավունքի շրջանակներում ինքնորոշման սկզբունքը ընդհանրապես գերակա է տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ», և վերջապես. «Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարելի հակադրել ազգերի ինքնորոշման սկզբունքին և խոչընդոտել վերջինիս կիրառումը»:

Ինքնորոշման իրավունքի ընդունումը` անվտանգության նախադրյալ

Դեռ 1952թ. ՄԱԿ-ի վեհաժողովը հայտարարեց.«Ժողովուրդների եւ ազգերի ինքնորոշման իրավունքը նախադրյալ է մարդու բոլոր հիմնարար ազատությունները վայելելու համար»: Վեհաժողովը նաև հորդորեց, որ «Միավորված Ազգերի անդամ երկրները պետք է աջակցեն բոլոր ժողովուրդների եւ ազգերի ինքնորոշման սկզբունքին»:

ՄԱԿ-ի կանոնակարգը հստակ սահմանեց ինքնորոշման սկզբունքը.  Կանոնադրության  1.2-րդ, 55-րդ հոդվածները  հստակ ամրագրեցին, որ  «Իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման հարգանքի վրա կայունության ու բարօրության պայմանների ստեղծումն անհրաժեշտ է ազգերի միջև խաղաղ և բարեկամական հարաբերությունների համար»: Իսկ սա նշանակում է, որ ինքնորոշման սկզբունքը ՄԱԿ-ը դիտեց որպես ժողովուրդների միջև  բարեկամական հարաբերությունների հիմք: Այդ սկզբունքի լիակատար ընդունումը նախադրյալ է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման: Հետևապես, մերժելով արցախահայության ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանն այսօր խոչընդոտում է  տարածաշրջանում համընդհանուր խաղաղության հաստատմանը:

ՄԱԿ-ի կողմից 1970 թվականին ընդունված մեկ այլ հռչակագրով սահմանվում են պետությունների համագործակցության 7 սկզբունքները: Դրանցում խոսվում է` ուժի  չկիրառման, ազգերի իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքի, միջազգային վեճերի խաղաղ կարգավորման…մասին, մինչդեռ այդ 7 սկզբունքներում բացակայում է տարածքային ամբողջականության սկզբունքը: Հստակ է` այն ներառված չէ միջազգային իրավունքի սկզբունքների շարքում:

Հիշեցնենք նաև, որ դեռ 1960-ական թ.թ. ՄԱԿ-ը  ընդունել է «Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն տալու մասին» Հռչակագրը, որի 2-րդ պարբերությությունը հռչակում է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, ըստ այդմ, նրանք են որոշում իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, հասարակական եւ մշակութային զարգացմանը»: Սրանով հաստատվում է 1988-91 թթ. ԼՂՀ ազատագրումը գաղութային լծից և ԼՂՀ անկախության ճանաչումը, որը արցախահայությունը ձեռք է բերել 1991-94 թթ. Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիվ պատերազմում տարած հաղթանակի  շնորհիվ:

Իրավական նմանատիպ փաստարկների շարքը կարելի է շարունակել: Եզրափակելով մեր խոսքն արձանագրենք, որ իրավական  փաստաթղթերը հստակ ու անվերապահորեն սահմանում են ազգերի ինքնորոշման իրավունքը, որպես միջազգային իրավունքի սկզբունք, որը պարտադիր է ՄԱԿ-ի անդամ երկրների համար: Ինքնորոշման իրավունքի մերժումը մարդու իրավունքների ոտնահարում է և, ըստ այդմ, միջազգային իրավունքի խախտում: Ի դեպ,  ՄԱԿ-ի հռչակագրի հենց այդ կետը, որը հստակ սահմանում է ազգերի ինքնորշման իրավունքի նկատմամբ ՄԱԿ-ի անդամ երկրների պարտավորությունները` «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է զերծ մնալ որևէ բռնի գործողությունից, որը ժողովուրդներին կզրկի իրենց ինքնորոշման իրավունքից, ազատությունից, անկախությունից: Այդպիսի բռնի գործողությունների դեմ միջոցների կիրառման ժամանակ և դրանց դիմադրելիս այդ ժողովուրդներն իրենց ինքնորոշման իրավունքն իրրականացնելիս իրավասու են ձգտել աջակցության», շատ կարևոր է արցախյան հակամարտության տեսանկյունից.

Այս դրույթը ապացուցում, է որ Հայաստանն այսօր լիովին գործում է միջազգային իրավունքի շրջանակներում և այդ պահանջների համաձայն, օրինականորեն  պաշտպանում  իր ինքնորոշման իրավունքի հաստատման համար պայքարող արցախահայության շահերը:  Հետևապես, սին են Հայաստանը «ագրեսոր»  ճանաչելուն ուղղված ադրբեջանաթուրքական  բոլոր  փորձերը:

Այսպիսով. արցախյան հիմնախնդրի լուծումը քաղաքական շահերի տիրույթից հեռու պահելու միակ ուղին իրավական հարթությունն է. հայկական երկու պետությունները հնարավոր բոլոր ջանքերը պետք է գործադրեն արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման իրավական փաթեթն առաջ մղելու, բանկցային գործընթացը միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերին համահունչ զարգացնելու համար:

Արմինե Սիմոնյան


Դիտել Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն