Տիգրան Դավթյան.«Հայաստանի 2010թ. բյուջեն տնտեսության կայունացման բյուջե է»
«2010թ. Հայաստանում տնտեսական աճը կկազմի 1,2-1,3%, ինչը հնարավորություն կտա հաջորդ տարի դուրս գալ ճգնաժամից», -այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Նրա գնահատմամբ, 2010թ. բյուջեն տնտեսության կայունացման բյուջե է: «Կարծում եմ, որ հաջորդ տարի կկարողանանք վերջնականորեն կայունացնել տնտեսությունը, և կփորձենք հիմքեր ստեղծել` ապահովելու երկրի կայուն զարգացումն առաջիկա տարիներին»- ասաց Տ.Դավթյանը:
Ըստ նախարարի, ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարիներին փորձելու են իրականացնել ճգնաժամը չեզոքացնելուն ուղղված ընդլայնողական քաղաքականություն:
Հաջորդ տարի կտրուկ կնվազեցվեն սարքավորումների, տրանսպորտային միջոցների գնումը, գործուղումներն ու պատվիրակությունների ընդունելության ծախսերը:«Բավական խիստ խնայողական ռեժիմի տակ ենք պահելու պետական կառավարման համակարգը: Կապիտալ ծախսերի որոշակի նվազում է նախատեսված այն հատվածով, որոնք իրականացնելու ենք անմիջապես բյուջեի միջոցներով»- ասաց Տ.Դավթյանը` հավելելով, որ դրանք կոմպենսացվելու են այն վարկային ծրագրերով, որոնք իրականացվելու են այս և հաջորդ տարի:
Հ.Հ.












