Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի այցը ԱՄՆ

Փետրվար 28, 2011թ. 16:38

Georgi-PetrosyanՓետրվարի 25-ին, Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն  այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել առանձնազրույց ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ:

Այնուհետև, ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու և կազմակերպության աշխատակիցների հետ` քննարկելով Ղարաբաղյան հակամարտությանն ու բանակցային գործընթացին, ինչպես նաև Սփյուռքի հայկական համայնքների կյանքին վերաբերող մի շարք հարցեր:

Փետրվարի 26-ին Գեորգի Պետրոսյանը հանդիպում է ունեցել Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առկա իրավիճակին, Արցախի կյանքի տարբեր բնագավառներին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: ԼՂՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը մի շարք հարցերում:

Գեորգի Պետրոսյանն այցելել է Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ եկեղեցիներ, ներկա գտնվել պատարագին, այնուհետև` զրուցել հոգևորականների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սբ.Խաչ եկեղեցում նախարարը հանդես է եկել ելույթով, որում հայ համայնքի անդամներին ներկայացրել է ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում` նշելով ղարաբաղյյան հիմնախնդրի արդարացի լուծման համար Հայաստանի, Սփյուռքի և Արցախի ջանքերի միավորման անհրաժեշտությունը: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է նաև հայ համայնքի անդամներին հուզող հարցերին:

Այցի ընթացքում ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ուղեկցում էր ԱՄՆ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն