Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել CSIS-ում

Մարտ 2, 2011թ. 11:23

Փետրվարի 28-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում  ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը զեկույցով հանդես է եկել ամերիկյան Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) տեղի ունեցած միջոցառմանը` նվիրված Արցախյան հիմնախնդրին:

Իր խոսքում Գեորգի Պետրոսյանը ներկայացրել է Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Միաժամանակ նա ընդգծել է հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի անմիջական մասնակցության անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը: Նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի խիստ  վերաբերվի Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարություններին, որոնք էապես  խաթարում են խաղաղ բանակցային գործընթացը: Ելույթից հետո Գեորգի Պետրոսյանը պատասխանել է ներկաների` ԱՄՆ տարբեր վերլուծական կենտրոնների փորձագետների հարցերին:

Այնուհետև, ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահող Ֆրենք Փալոունի հետ: Հանդիպման ժամանակ Գեորգի Պետրոսյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականին Արցախին մշտապես աջակցություն ցուցաբերելու համար: Հանդիպմանը մասնակցում էր ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Նույն օրը երեկոյան նախարարը ելույթով հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում` Սումգայիթի ու Բաքվի կոտորածների զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Իր խոսքում ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ համայն հայությունը միջազգային հանրությունից ակնկալում է Սումգայիթի, Բաքվի ու Ադրբեջանի այլ քաղաքներում տեղի ունեցած ոճրագործությունների խստագույն դատապարտում:

Միջոցառմանը ելույթ են ունեցել ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փալոունը, Աննա Էշուն, Էլիոտ Էնգելը, Ջեկի Սփիյեռն ու Բրեդ Շերմանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը և ուրիշներ: Ելույթ ունեցողները դատապարտել են Սումգայիթում հայ ազգաբնակչության դեմ կազմակերպած կոտորածները և պատրաստակամություն են հայտնել շարունակել ղարաբաղյան խնդրի արդար կարգավորմանն ուղղված ջանքերը:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն