Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Արարատ» միության անդամներին
Փետրվարի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ՙԱրարատ՚ միության անդամներին` ուղեկցությամբ միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի:
«Արարատ» միությունը հիմնադրվել է 1989 թ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կողմից` Արարատյան թեմում իր առաջնորդական փոխանորդության շրջանում: Լինելով Հայ Առաքելական Եկեղեցու առաջին երիտասարդական նմանօրինակ կառույցը` այն անվանվել էր Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միություն, սակայն հետագայում վերանվանվել ՙԱրարատ՚ միություն: Այսօր միությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում. գործում են տարբեր խմբակներ, ուր երիտասարդները կրթվում են, ծանոթանում հոգևոր արժեքներին, կազմակերպվում են խոկումներ, ուխտագնացություններ, այցելություններ տարբեր սոցիալական հաստատություններ:
Մինչ հանդիպումը միության նախաձեռնությամբ Մայր Աթոռի Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում կազմակերպվել էր միության տասնինը նոր անդամների մկրտությունը:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուրախություն հայտնելով այցի առիթով, Հայրապետական իր գնահատանքը, օրհնությունն ու հայրական սերը բերեց երիտասարդներին: ՙՇնորհակալ եմ այս գեղեցիկ պահի համար, որ պարգևեցիք ինձ: Ես վերապրեցի այն գեղեցիկ տարիները, երբ Արարատյան թեմում շրջապատված էի երիտասարդներով, ովքեր իմ կյանքին, իմ հոգևոր ծառայությանն ու առաքելությանը նոր իմաստ հաղորդեցին՚, – նշեց Նորին Սրբությունը` վերհիշելով միության հիմնադրման մանրամասները և երիտասարդական կառույցի հետագա գործունեությունը:
Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նոր մկրտվածներին ու նրանց կնքահայրերին, մաղթեց, որ Աստծո շնորհներով զորանան իրենց հավատքի մեջ և կարողանան ապրել կյանքը Տիրոջ պատվիրանների համաձայն և իրենց հոգու լույսով լուսավորել հավատավոր մեր ժողովրդի զավակների ճանապարհը: Այս առիթով Վեհափառ Հայրապետը նրանց հանձնեց Նոր Կտակարան և հուշանվերներ, ապա պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու գործունեությանը կյանքի տարբեր ոլորտներում, ժամանակակից մարտահրավերներին, հասարակական կյանքում առկա տարբեր հոգևոր-բարոյական խնդիրներին:
Վերջում հոգևոր երգերի կատարումներով ելույթ ունեցավ միության «Արարատ» երգչախումբը:












