«Սարդարապատ». Զարուհի Փոստանջյանին լռեցնելու պատվիրատուներն իրենց հաշվարկներում սխալվել են
«Սարդարապատ» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, դատապարտելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ ՀՀ Դատախազության կողմից քրեական գործի հարուցումը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այլեւս գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի արդարացի ցասումն ու ընդվզումը զսպելու համար ժողովրդից իշխանությունը բռնությամբ խլած իշխող ռեժիմը եւ նրա կամակատարները ժողովրդի նկատմամբ կիրառելով բացահայտ բռնություն, երկրում փորձում են ստեղծել վախի մթնոլորտ:
Իշխանությունը եւ թալանած հարստությունը կորցնելու վտանգը նրանց ստիպում է բացահայտ խախտել ՀՀ Սահմանադրությունը եւ գործող օրենքները: Ուստի քաղաքացու նկատմամբ գործ սարքելը իշխող ռեժիմի համար դարձել է հարազատ գործելաոճ:
Ժողովրդի մոտ իրապես հեղինակություն վայելող մարդիկ, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանում սպասվելիք հեղափոխական գործընթացների վրա, այդքան էլ շատ չեն։ Եվ այդ քչերի թվում է Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Վերջին օրերին Զարուհի Փոստանջյանի եղբոր նկատմամբ ՀՀ Դատախազության կողմից հարուցած քրեական գործի եւ մամուլում բազում հրապարակումների միջոցով փորձ է արվում ներազդել Զարուհի Փոստանջյանի վրա վախեցնելու եւ լռեցնելու, ինչու չէ, նաեւ անուղղակի սեւացնելու համար:
Համոզված ենք, որ այդ գործի պատվիրատուները եւ կատարողները վստահաբար սխալվել են իրենց հաշվարկներում, քանի որ Զարուհի Փոստանջյանը հայտնի է իր սկզբունքայնությամբ, անարդարության դեմ պայքարելու վճռականությամբ, եւ որ այդ պայքարում նա միայնակ չէ, նրա կողքին են բոլոր ազնիվ, քաջ եւ նվիրյալ հայորդիները»,- ասված է շարժման հայտարարության մեջ:
ArmAr.am












