Բակո Սահակյան. «Արցախի անկախությունն ու անվտանգությունը մեր ժողովրդի համար բացառիկ արժեքներ են և ենթակա չեն սակարկության»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական ծրագրերի Ֆրանսիական ինստիտուտում կազմակերպված <<1994 թ. զինադադարից 17 տարի անց. ո՞ւր է հասել Լեռնային Ղարաբաղն այսօր>> կոնֆերանսին եւ հանդես եկել ելույթով:
Երկրի ղեկավարը անդրադարձել է արցախյան հիմնախնդրի նախապատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախում պետականաշինության գործընթացին, ինչպես նաեւ շոշափել է ԼՂՀ միջազգային ճանաչման եւ նրա արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Խոսելով հիմնախնդրի նախապատմության մասին` Բակո Սահակյանը նշել է, որ Արցախը պատմական Հայաստանի նահանգներից մեկն էր եւ միշտ կարեւոր դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ` հանդիսանալով հայոց անկախ պետականության վերջին բեկորը եւ ազգային-ազատագրական պայքարի էպիկենտրոնը: Նախագահը ղարաբաղյան հիմնախնդրի ծագման սկիզբը համարել է 1918 թվականը, երբ Օսմանյան Թուրքիայի անմիջական միջամտությամբ Անդրկովկասում ստեղծվում է Ադրբեջան անունով պետություն, որը մինչ այդ պատմության մեջ երբեք գոյություն չի ունեցել եւ կազմավորման առաջին իսկ պահից սկսել է տարածքային պահանջներ ներկայացնել բոլոր հարեւան երկրներին` Օսմանյան կայսրության հետ ցամաքային սահման ունենալու եւ պանթուրքական տիրություն ստեղծելու նպատակով: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ բոլշեւիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի կողմից Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու քայլն ուղղված է եղել Արեւելքում բոլշեւիզմի տարածմանը:
Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է Ադրբեջանի հետ բոլոր հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով եւ անմիջական երկխոսության միջոցով լուծմանը, միաժամանակ նշելով, որ դա ամենեւին էլ չի նշանակում, թե Արցախը պատրաստ չէ եւ հաստատակամ հարկ եղած դեպքում պաշտպանել իր անկախությունն ու անվտանգությունը: Երկրի ղեկավարը շեշտել է, որ խոսք անգամ լինել չի կարող Արցախի անկախության եւ նրա անվտանգության չնչին իսկ թուլացման մասին, որոնք մեր ժողովրդի համար բացառիկ արժեքներ են եւ ենթակա չեն սակարկության: Բանակցային գործընթացի ամենամեծ խոչընդոտը Նախագահը համարել է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը եւ այնտեղ պետական ամենաբարձր մակարդակով տարվող ծայրահեղական ու ռազմատենչ հակահայկական քաղաքականությունը: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ բանակցություններին անհրաժեշտ է մոտենալ` գիտակցելով անցյալին վերադառնալու անհնարինությունը եւ նախապայմանների վրա հիմնված մոտեցումների անհեռանկարային լինելը:
Շոշափելով մեր երկրում ընթացող պետականաշինության գործընթացին վերաբերող հարցերը` Նախագահը նշել է, որ Արցախի անկախ պետության ձեւավորումը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին, եւ նրա հիմքում ընկած են անկախության, ինքնիշխանության ու ժողովրդավարության սկզբունքները: Բակո Սահակյանի խոսքով` մեր ժողովրդի կամքը, նրա մտավոր ներուժը, լավատեսությունն ու աշխատասիրությունը, երկրի անվտանգության հիմնական երաշխավորը հանդիսացող հզոր ու մարտունակ բանակը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի մշտական աջակցությունը հանդիսանում են ԼՂՀ բոլոր ձեռքբերումների հիմքը:
Խոսելով ԼՂՀ միջազգային ճանաչման մասին` երկրի ղեկավարը նշել է, որ թեպետ այս գործընթացը սերտորեն փոխկապակցված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ, դրանք տարբեր գործընթացներ են: Ըստ Բակո Սահակյանի` կարելի է մտածել, որ մեր հանրապետությունը կհասնի իր միջազգային ճանաչմանը հակամարտության կարգավորումից հետո: Բայց նույն հաջողությամբ կարելի է ասել, որ հակամարտությունը կկարգավորվի Արցախի միջազգային ճանաչումից հետո: Նախագահը նշել է, որ վերջին 2-3 տարիների փորձը ցույց է տալիս, որ համանման հակամարտությունների կարգավորումն ընթանում է հենց այս տարբերակով, որի վառ օրինակն են Կոսովոն, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Հարավային Սուդանը: Երկրի ղեկավարն ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաստակել է միջազգային հանրության լիիրավ անդամ լինելու իրավունքը եւ քաղաքական, եւ իրավական, եւ բարոյական տեսանկյուններից: <<Արցախի Հանրապետության գոյության երկու տասնամյակի ընթացքում մեզ հաջողվել է կառուցել ժողովրդավարական, կայուն զարգացող եւ ոչ մեկին վտանգ չներկայացնող երկիր: Իսկ նման երկիրը չի կարող չճանաչվել>>, -եզրափակել է Նախագահը:
Ելույթից հետո Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների հարցերին:
Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:












