Մկրտություն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մարտի 4-ին Քրեակատարողական հիմնարկների հովվությունը ՙԱրթիկ՚ քրեակատարողական հիմնարկում կազմակերպեց մկրտության արարողություն:
Սա առաջին մկրտությունն էր, որ կատարվեց կալանավայրի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` կառուցված 2010 թվականին՝ հենց դատապարտյալների ուժերով:
21 դատապարտյալներ մկրտվեցին քրեակատարողական հիմնարկների նորանշանակ հոգևոր տեսուչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի, Հառիճավանքի վանահայր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի և Շիրակի թեմի հոգևոր սպասավոր Տ. Արշեն քահանա Սարգսյանի կողմից:
ՙԴուք մկրտության միջոցով լվացվեցիք ոչ միայն ձեր մեղքերից, այլև Սուրբ Հոգու շնորհները ստացաք, որպեսզի կարողանաք ձեր հետագա կյանքը ապրել ըստ Քրիստոսի պատգամների ու պատվիրանների: Իսկ Քրիստոսի ամենամեծ պատգամը դա սերն էր՚, – նշեց Հայր Ռուբենն իր շնորհավորական խոսքում: Հայր Սուրբը հորդորեց մկրտվածներին աղոթքի մոջոցով մշտապես Աստծո ներկայությունն ունենալ իրենց կյանքում և վստահություն հայտնեց, որ այս մկրտությունը օրինակ կծառայի շատերի համար, կմատնանշի դժվարությունները հաղթահարելու և դարձի գալու ճանապարհը:
Այս առիթով մկրտվածներին փոխանցվեցին նաև մկրտության խաչեր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից:












