Գլխավոր » Լրահոս

Կստեղծվի հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողով

Մարտ 9, 2011թ. 19:00

DAV_2855Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լատվիայի Հանրապետություն:

Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Վալդիս Զատլերսի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վալդիս Զատլերսը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին փոխայցելությունների և բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ակտիվացել է Հայաստանի և Լատվիայի միջև քաղաքական երկխոսությունը, զարգացել են կապերը մշակութային, կրթական և մի շարք այլ ոլորտներում:

Անդրադառնալով 2009թ. Լատվիայի նախագահի  Հայաստան կատարած պետական այցին` կողմերը նշել են, որ Նախագահ Զատլերսի այցի ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ արդեն կյանքի են կոչվել:  Իսկ Հայաստանի նախագահի այցի նպատակն է շարունակել  2009թ. դեկտեմբերին կայացած արդյունավետ երկխոսությունը` ի նպաստ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև Երևանում և Ռիգայում դեսպանատների հիմնումը:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են Հայաստանի և Լատվիայի միջև 2011-2013թթ. մշակութային համագործակցության ծրագիր, ինչպես նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև եվրամերձեցման ոլորտում համագործակցության մասին արձանագրություն, որին հաջորդել է Հայաստանի և Լատվիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն