Ադրբեջանում ներքաղաքական լարված իրավիճակ է
Ադրբեջանական ոստիկանությունը մարտի 8-ին ձերբակալել է ևս երկու երիտասրդական ակտիվիստների, որոնք կոչ էին արել մարտի 11-ին մասնակցելու զանգվածային ցույցերի ամբողջ երկրի տարածքով: Ընդդիմադիր Մուսավաթ կուսակցությունը հայտնում է, որ ձերբակալվածներն են Սահավաթ Սոլթանլին և Ռաշադաթ Ախունդովը: Այլ ակտիվիստների նկատմամբ հետապնդումները դեռևս շարունակվում են:
Amnesty International կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հետապնդումները. «Ակտիվիստները հայտնում են, որ իրենք ձերբակալվել են, ենթարկվել խոշտանգումների, և իրենց մերժվում է իրավաբանական օգնություն ստանալ»,- ասում է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կազմակերպության տնօրենի տեղակալ Ջոն Դալուսենը,- Ադրբեջանի իշխանությունները պետք է անմիջապես դադարեցնեն ճնշումները և թույլ տան խաղաղ ցույցերի անցկացումը»:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան ևս հանդես էր եկել նմանատիպ կոչով` կապված մարտի 4-ին Գյանջայում Բախտիյար Հաջիևի ձերբակալության հետ:












