Պատմական ճշմարտություններ կամ ստատուս քվո
Ինչպես այլ էթնոսների, այնպես ել հայ էթնոսի պատմական ճշմարտությունները շատ շատ են: Մեր պատմության մեջ նույնպես կան այնպիսի անկյունաքարային ճշմարտություններ, որոնք ձևավորվել են վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում և բացարձակ են, իրենց կարծրատիպությամբ:
Հայ իրականության մեջ հավաքական մտքի կարծրատիպերի ազդեցության ներքո, հասարակության ուշադրությունը հիմնականում կենտրոնացվեց երկրորդական խնդիրների վրա, որոնց միջոցով ակտիվորեն շրջանցվեց հայ էթնոսի հիմնախնդիրը` պահանջատիրությունը: Գաղափարախոսները հենվելով կարծրատիպերի վրա հասարակությանը գիտակցաբար ուղղորդում են նույնպես կարևոր, սակայն երկրորդական մի միջավայր, որտեղ հավաքական գիտակցությունը զբաղված է առօրեական և շատ հաճախ կենցաղային խնդիրների լուծմամբ: Այս հանգամանքը հանգեցրել է նրան, որ վերջին տասնամյակներում հայ մարդու պահանջատիրությունը խիստ կենցաղացված է և ըստ այդմ հայ մարդը չի պատկերացնում, չի ցանկանում, ու նաև չի կարողանում հասկանալ` ինչպես ապրել իր գենետիկ հայրենիքում` տիրոջ իրավունքով:
Իր գենետիկ հայրենիքում տիրոջ իրավունքով ապրելու և պայքարելու փոխարեն, հայ մարդը նախընտրում է լռել կամ հեռանալ, իհարկե կարող ենք բերել նաև բազում մեկնաբանություններ, լռելու և հեռանալու երևույթը արդարացնելու համար, բայց դա արդեն դառնում է լոկ բացատրություն: Լռելու և հեռանալու կարծրատիպությունը պատմական փաստ է, որն անտեսելը հավասարազոր է ինքնաոչնչացման: Իքնաոչնչացման հակա ռակ բևեռը ինքնակայացումն է, որը հայ հասարակության համար, նույնքան բացարձակ ճշմարտություն է, սակայն, առայժմ` ցպահանջ:
Ճշմարտություն է նաև այն, որ առայժմ հայ իրականության մեջ շատերի կողմից ազգային միակենտրոն հավաքական գաղափարախոսությունը խարսխվում է մեր էթնոսի հիմնախնդիրը որպես պատրանք ներկայացնելու երևույթի վրա:
Հայ էթնոսի առաջ ծառացած հաջորդ գերխնդիրը գենոֆոնդի պահպանումն է և նրա աճող ռեգեներացիայի ապահովումը Հայաստան աշխարհում, այսինքն Հայաստանի Հանրապետությունում, Ջավախքում, Արցախում, Արևմտյան Հայաստանում:
Սփյուռքում հայապահպանությունը նույնպես շատ կարևոր է, սակայն հստակ հարկավոր է մի բան հասկանալ` սփյուռքի գոյությունը միայն ժամանակի խնդիր է: Սփյուռքի տաս միլիոն հայերը ունեն երեք ճանապարհ` վերադառնալ հայրենիք, մնալ սփյուռքում՝ ձուլվել, դեգերել գաղութից գաղութ և նորից ձուլվել:
Հայ էթնոսը վաղուց ապրում է իր վզին փաթաթված քաղաքական ճշմարտություններով, որոնք մեզ են մատուցել հայ քաղաքական էլիտայի և նյութապաշտ մտավորականության հանցավոր համձայնությամբ, պարտադրված հասարակությանը որպես ստատուս քվո: Սա խիստ ասված չէ, սա պարզապես բարձրաձայնվում է իմ կողմից որպես ևս մեկ ճշմարտություն: Ստատուս քվոն հայ հանրության մեջ ամրացրեց նյութապաշտական մտածողությունը որպես գերիշխող կացութաձև, որի հետևանքով մեր հանրային ընկալում ներում ստատուս քվո հակամարտությունը կարգավորող գործոնից վերածվեց համազ- գային կառուցողական մտածողության արգելափակող գործոնի:
Ես ստիպված հարցնում եմ բոլորին, ովքեր օգտվում են ստատուս քվոյի ծառայություններից և զբաղված են ոսկե հորթի ձուլմամբ, մի՞թե Ձեզ թվում է, թե դուք ավելի խելոք եք, քան աշխարհահռչակ „միսթր հինգ տոկոսը“ կամ ինքը նավթային մագնատ Գյուլբեկյանը, կարծում եմ նրա հինադրամը բավարար զգուշացում է և կարող է ուղղեցույց հանդիսա- նալ այն հայորդիների համար , ովքեր ոսկե հորթ են ձուլում ուրիշ երկրների համար:
Հայ էթնոսի փաստացի ստատուս քվո վիճակը ծայրահեղ մտահոգիչ է, աշխարհասփյուռ հայ հասարակությունը կեցության վերաիմաստավորման լուրջ խնդիր ունի ,խարխլված է ազգային մտածողության հիմքերի հիմքը, սեփական հայրենիք ունենալու գենետիկ պահանջը: Առողջ հայ մտավորականության գերխնդիրներից մեկը այսօր և ապագայում մեկն է, կոտրել հայ էթնոսի մեջ թե հոգևոր և թե նյութական կեղծ հայրենասիրությամբ հանրությանը ներկայանալու ստատուս քվոն և հայ հասարակությանը առաջնորդել հստակ մատնանշելով հայ էթնոսի գերակա խնդիրները և այդ խնդիրներից բխեցնել այդքան տեսանելի և իրական քայլերը այլ ոչ թե այդ քայլերի իմիտացինան:
Հայ ազգը վաղուց ապացուցել է , կարող է գոյատևել առանց իր լեզվի,իր հայրենիքի, հենվելով իր գենետիկական հիշողության վրա, ժամանակն է որպեսզի հայ ազգը գիտակցի և ապացուցի, որ այլևս պետք է ապրի իր լեզվով որպես մեկ ազգ, նորից վերակերտելով իր պատմական հայրենիքը և ոչ վիրտուալ:
Արամ ՄԿՐՏՉՅԱՆ, Գերմանիա
Հ.Գ. Ելույթն ընթերցվել է փետրվարի 26-ին «Հայրենականչ» հ/կ-ի հրավիրած գիտաժողովի ժամանակ, որի թեման էր` «Արևմտյան Հայաստան. բնիկ ժողովրդի պահանջատիրության իրավաքաղաքական հիմքերը»:
ArmAr.am













