Կդրվի Հայ-ռուսական հ/կ-ների միության ստեղծման հիմնաքարը
Մի շարք հայաստանյան և ռուսաստանյան կազմակերպություների նախաձեռնությամբ և քաղաքական պետական ու հասարակական գործիչ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ սույն թվական ապրիլի 1-5-ը Հայաստանում կանցկացվի հայաստանյան և ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների համատեղ կոնֆերանս, որի հիմնական նպատակն է հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության ստեղծումը:
Նախաձեռնողների համոզմամբ հայ-ռուսական բարեկամական և գործընկերային հարաբերություններում վաղուց արդեն առաջացել է հասարակական սեկտորի մակարդակով նոր ձևաչափի հարաբերությունների հաստատման անհրաժեշտություն: Մինչ այժմ գոյություն չունեցող նման խոշոր միջազգային միավորումը տարատեսակ խնդիրների բարձրացման հնարավորություն կստեղծի անդամագրված հ/կ-ների համար և’ Հայաստանի Հանրապետությունում, և’ Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Նոր ծավալներով ու նոր մակարդակի հարաբերությունների հաստատումը երկու երկրների հասարակական կազմակերպությունների միջև թույլ կտա էլ ավելի զարգացնել ռազմավարական գործընկերների` Ռուսաստանի և Հայաստանի կապը նոր հարթության վրա:
Բազմապիսի ոլորտներում իրականում գործող կազմակերպությունների համակարգված գործակցությունը թույլ կտա նոր ձևաչափի հարաբերություններ հաստատել հայաստանյան և ռուսաստանյան իրավապաշտպանների, գործարարների, գիտության և մշակույթի գործիչների, մարզիկների, արհմիությունների ու տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների միջև:
Զարգացած և զարգացող երկրներում հասարակական կազմակերպությունները ոչ միայն ժողովրդավարական ինստիտուտներ են և ազատ ու իրավական պետության պարտադիր տարրեր, այլև ծանրակշիռ ու ազդեցիկ մի ուժ, որը միավորում է քաղաքացիական հասարակության առավել ակտիվ ներկայացուցիչներին, որոնց ողջ պոտենցիալի համադրումը միջազգային մակարդակով ունակ է լուծումներ պարտարելու նույնիսկ ամենարդիական ու առաջնայի խնդիրների համար, որոնք առկա են բարեկամական ժողովուրդների ու երկրների հարաբերությունների օրակարգում:
Համաժողովին նախորդող օրերին կանցկացվեն թեմատիկ կլոր սեղաններ` ըստ ոլորտների: Հ/կ-ների խմբերը կքննարկեն առաջնային հարցեր ու խնդիրներ, միևնույն ժամանակ կմշակեն հայ-ռուսական հ/կ-ների միության ստեղծմանն առնչվող գաղափարական ու կանոնադրական դրույթները:
ArmAr.am












