Վազգեն Մանուկյան. «Թուրքիան ցանկանում է այս արձանագրություններն օգտագործել Հայաստանի և Սփյուռքի միջև սեպ խրելու համար
Հանրային խորհրդի բոլոր հանձնաժողովներում քննարկելով օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ հանձնաժողովների կողմից հնչեցրած առաջարկությունների հիման վրա կազմել է փաստաթուղթ` Հանրային խորհրդի առաջարկություններն արձանագրությունների վերաբերյալ: Այս մասին Հանրային խորհրդի հերթական նիստում ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Վաղը տեղի է ունենալու Հանրային խորհրդի ընդայնված կազմով հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում էլ ներկայացվելու են առաջարկությունները, մտահոգությունները կապված արձանագրությունների հետ:
Վազգեն Մանուկյանի խոսքով, իրենց կողմից կազմված փաստաթղթում ներառված են բոլոր հանձնաժողովների առաջարկություններն ու մտահոգությունները: Վազգեն Մանուկյանն առաջարկեց լսել այդ կարծիքներն ու, անհրաժեշտության դեպքում, փաստաթուղթը փոփոխությունների ենթարկել: Նա նաև ասաց, որ փաստաթղթում խմբագրական փոփոխություններ էլ կարող են կատարվել:
Ամփոփելով լսումների և քննարկումների արդյունքները, Հանրային խորհուրդն արձանագրել է, որ դրանց մասնակիցները գրեթե բոլորը կողմ են Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները բացելուն, դիվանագիտական հարաբերությունները հաստատելուն և երկկողմ հարաբերությունները զարգացնելուն: Նրանք գրեթե բոլորը միակարծիք են` հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիայի կողմից Հայաստանի փաստացի ապաշրջափակումն է:
Հանրային խորհրդի հանձնաժողովներում հնչեցված մտահոգություններից է այն, որ արձանագրությունների վավերացումը բացասական հետևանքներ կարող է ունենալ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանություն ճանաչման միջազգային գործընթացների վրա, քանի որ արձանագրություններում զետեղված պատմական հարցերին նվիրված ենթահանձնաժողովի ստեղծմամբ երկու ժողովուրդների պատմական անցյալին վերաբերող իրադարձությունների քննարկումը կարող է ընկալվել որպես Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու փորձ:
Հանրային խորհուրդն անընդունելի է համարում Հայոց ցեղասպանության պատմական եղելությունը կասկածի տակ դնելու կամ քննարկման նյութ դարձնելու յուրաքանչյուր փորձ: «Շատերը, այդ թվում նաև Թուրքիան, ցանկանում են այս արձանագրություններն օգտագործել Հայաստանի և Սփյուռքի միջև սեպ խրելու համար: Այդ իսկ պատճառով մենք կարևորել ենք Սփյուռքին»,- ասաց Վ. Մանուկյանը:
Հանձնաժողովականները միաժամանակ մտահոգություն են հայտնել, որ այն կարող է լուրջ խնդիրներ հարուցել միգրացիայի, տնտեսական էքսպանսիայի, անշարժ գույքի անվերահսկելի գնման, օրենսդրության անկատարության առումով, արձանագրությունների վավերացումը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում հայանպաստ լուծումների հնարավորությունները և այլն:
Հանրային խորհուրդը համոզված է, որ արձանագրություններում ԼՂՀ հիմնահարցի կարգավորումը ո’չ բացահայտ, ո’չ էլ քողարկված կերպով արտահայտված չէ:
Խորհրդում այն համոզմանն են, որ արձանագրությունների վավերացումով ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ հայությունը թևակոխում է զարգացման նոր ժամանակաշրջան, որն ընձեռում է նոր հնարավորություններ, սակայն այն միաժամանակ նոր մարտահրավերներ է ենթադրում, ինչին հնարավոր է դիմագրավել միայն ազգային միասնությամբ:
ArmAr.am












