Ադրբեջանին խորհուրդ կտանք հետևել Արցախի փորձին
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են հետևյալը.
Փետրվարին ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողմից կազմակերպված ավստրիացի, սլովակ և չեխ գործարարների Արցախի Հանրապետություն ու ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի շուրջ ադրբեջանական քարոզչամեքենան կատաղի վայնասուն է բարձրացրել: Անդրադառնալով այցին, ադրբեջանական և նույնիսկ թուրքական ԶԼՄ-ները նախ կասկած էին հայտնել այցի պաշտոնական լինելու շուրջ և այնուհետև, ստացել Ռուսաստանում Սլովակիայի դեսպանատան պատասխանը, որ այցի կազմակերպիչը ԵՀՄՖ-ի ու Սլովակիայի հայ համայնքի նախագահ Ա. Գրիգորյանն է:
ԵՀՄՖ-ը հայտարարում է, որ ավստրիացի, սլովակ և չեխ գործարարների խումբը պաշտոնապես ընդունվել է Արցախի նախագահի, վարչապետի և նախարարների կողմից, ընդ որում հանդիպումների ընթացքում բարձր մակարդակի վրա քննարկվել են համագործակցության ծրագրեր ու ներդրումային առաջարկներ: Քննարկումներն ընթացել են արհեստավարժ և գործնական մակարդակի վրա, որը հիացրել է գործարարներին: Այցի արդյունքում գործարարների մոտ ստեղծվել է տպավորություն, որ Արցախն ունի բացարձակ ժամանակակից մտածողությամբ երիտասարդ ղեկավարություն, տնտեսությունը ազատականացված է լիովին և գործարար հարաբերությունները զերծ են կոռուպցիայի տարրերից: Եվրոպացի հյուրերի վրա շատ բարձր տպավորություն է թողել Արցախի ինֆարաստրուկտուրան և մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկեցիկ եվրոպական տեսքը: Նրանք նույնիսկ կատակով նշել են, որ «Սյունիքից Արցախ մտնելիա տպավորությունն այնպիսին էր, կարծես ԵՄ երկիր մտանք»:
ԵՀՄՖ-ը, պարզաբանելով ադրբեջանական և թուրքական մամուլում բարձրացված գործարարների այցի պաշտոնական լինելու հարցը, հայտնում է, որ եվրոպական գործարարներն իրավունք ունեն այցելել ցանկացած երկիր և արժանանալ պաշտոնական ընդունելության` անկախ իրենց երկրների կառավարությունների թույլտվության: Ահա սա է հայտնվել Սլովակիայի դեսպանության պաշտոնական նամակում ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքի: Այս պատասխանը իրավունք չի տալիս դիմել սպեկուլյատիվ մեկնաբանությունների: Բնական է, որ կոռումպացված և վերահսկելի ադրբեջանական գործարար աշխարհի ղեկավարության համար սա դժվար ըմբռնելի փաստ է: Սակայն բավական է, որ ադրբեջանցիները ծանոթանան իրենց հարևան երկրներում` Վրաստանում և Արցախում կատարված բիզնեսի ազատականացման արդի մակարդակին` հասկանալու, որ, այո, սա գործարարության զարգացման եվրոպական մոտեցումն է: Կրկնում ենք դրա համար պետք չէ հասնել Եվրոպա, ուսումնասիրեք Վրաստանի և Արցախի փորձը: Այս երկրներում, ինչպես նաև ԵՄ-ում իշխանությունները կարող են միայն և միայն նպաստել գործարարի աշխատանքներին. խանգարելը կամ արգելելը իսպառ բացառվում է:
Ի գիտություն Ադրբեջանի ԶԼՄ-ների հայտնում ենք, որ Արցախի Հանրապետությունն ունի օտարերկրյա ներդրողների կողմից այնքան շատ առաջարկներ, որ այսօր Արցախի կառավարությունն ընտրություն է կատարում և համագործակցում միայն լավագույնների հետ: Մեր առաջարկները նույնպես այժմ ստանում են մասնագիտական քննություն և միայն դրա արդյունքում կսկսեն իրականացվել դրական գնահատական ստացած ծրագրերը: Ինչ վերաբերվում է մեր եվրոպացի գործընկերներին, հայտնում ենք, որ նրանց ընկերություններն իրենց երկրների` Ավստրիայի, Սլովակիայի և Չեխիայի ԱԳՆ-ներից կամ այլ մարմիններից չեն ստացել ոչ մի զանգ և կամ գրություն` Արցախում գործունեություն ծավալելուն դեմ:
Հ.Գ. Վերոհիշյալ թեմայի շուրջ արձագանքները կարելի է կարդալ փետրվարի 7-ից մինչ օրերս ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ներում , այդ թվում` Azer news,Trend news agence, Todey.az, News.az , APA, Azer TAc, Hurriyet Daily News և այլն:
ArmAr.am












