Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է բարձր գնաճի իրական պատճառները
ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, “Այլընտրանք” հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը այսօր ներկայացրել է “Բարձր գնաճի իրական պատճառները եւ դրանց հաղթահարման ելքերը” տնտեսական վերլուծությունը:
Ինչպես հայտնում է Մեդիամաքս-ը, վերլուծության արդյունքների համաձայն, ՀՀ-ում գնաճն ունի արտաքին եւ ներքին պատճառներ: Արտաքին պատճառներն են` միջազգային գների աճը, ճգնաժամի պայմաններում սպառողական գների նկատելի անկումը, զարգացած երկրների կոզմից գյուղմթերքի արտադրության պետական սուբսիդավորման քաղաքականությունը, ինչի հետեւանքով ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ:
Որպես ներքին պատճառներ կենտրոնի կողմից առանձնացվել են գնաճը զսպելու համար ֆինանսական միջոցների անբավարար քանակը, 2010-ին մշակովի ցանքատարածությունների կրճատումը, արհեստական դեֆիցիտի ստեղծումը, կոռուպցիան, մենաշնորհային քաղաքականությունը եւ այլն:
Թաթուլ Մանասերյանն այսօր ասել է, որ հետազոտությունների արդյունքների հիման վրա իրենք մշակել են առաջարկությունների փաթեթ, որը մտադիր են ներկայացնել ՀՀ կառավարությանը:
Տնտեսագետը նաեւ տեղեկացրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` գիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ:












