Վիկտոր Ենգիբարյան.«Ֆուտբոլում Թուրքիային այս պահին պարտվում ենք»
«Հայաստանի եվրոպական շարժում» կազմակերպությունը մտահոգված է հայ–թուրքական հարաբերությունների վերականգնման գործընթացի կապակցությամբ։ Այս մասին Tert.am–ին իր մտահոգություններն է հայտնել կազմակերպության նախագահ Վիկտոր Ենգիբարյանը։
«Մի կողմից մեր պետությունը, մեր նախագահը, իրավացիորեն, առաջարկում է հարաբերությունների վերականգնում առանց նախապայմանների, մյուս կողմից թուրքական կողմը իր նախապայմաններն է առաջարկում, որոնց հայկական դիվանագիտական ենթակառուցվածքները համարժեք արձագանքի չեն արժանացնում։ Մենք մտահոգ ենք, ու եթե Թուրքիան նախապայմաններ է առաջադրում, ուրեմն մենք էլ պետք է մեր նախապայմանները դնենք։ Դրանք են՝ Հայոց ցեղասպանության ճանաչում մինչև հարաբերությունների հաստատումը, ու Սևրի պայմանագրի վերականգնումը»,– ասել է Վիկտոր Ենգիբարյանն ու հավելել, որ եթե Թուրքիան պահանջում է Ղարաբաղի ազատագրված շրջանները վերադարձնել Ադրբեջանին, ապա Հայաստանն էլ պետք է պահանջի Թուրքիայի կողմից ավելի քան 90 տարի օկուպացրած տարածքները։
«Հայաստանի եվրոպական շարժման» ղեկավարը նշել է, որ թուրք դիվանագետներն, ի տարբերություն հայ դիվանագետների, առավել խորամանկ են և, առաջարկելով «Ճանապարհային քարտեզը», ցանկանում են, որ մենք ճանաչենք Թուրքիայի ներկայիս սահմանները։ Ըստ նրա, եթե հայկական կողմը ստորագրում է այդ քարտեզի տակ, նշանակում է, ընդունում է Թուրքիայի ներկա սահմանները, և դրանով, Թուրքիան չեզոքացնում է Հայաստանի մեկ նախապայմանը։ Վիկտոր Ենգիբարյանը սա կոչել է Թուրքիայի կողմից պատրաստված «էժան թակարդ»։
Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանը հայ–թուրքական հարաբերություններում նախապայման չի դրել Հայոց ցեղասպանության ճանաչումը, սակայն Թուրքիան այդ հարցը ևս կչեզոքացնի։ Նրա խոսքով, Գյուլին Երևան հրավիրելով մենք ԱՄՆ–ին ցույց տվեցինք, թե համագործակցում ենք Թուրքիայի հետ, ինչի պատճառով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ չցանկանալով խանգարել հարաբերությունների կարգավորմանը։
Վիկտոր Ենգիբարյանը հայտարարել է, որ հայ–թուրքական ֆուտբոլային խաղում Հայաստանն այս պահին պարտվել է, հաշիվը 2։0 է հօգուտ Թուրքիային, այնուհետև ավելացրել, որ դեռ խաղը շարունակվում է ու եթե այսպես շարունակվի 3–րդ գոլով Հայաստանը կվերադարձնի ազատագրված տարածքները Ադրբեջանին։
«Դրանք ուղղակի գյուղատնտեսական նշանակության հողեր չեն, այլ անվտանգության տեսակետից ռազմավարական նշանակություն ունեն»,– եզրափակել է կազմակերպության ղեկավարը։
ArmAr.am












