Զինվորական ու դիվանագիտական դիպուկահարները
Տեսնես, այսօր էլ ՙկը մասնակցի՞՚ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Եովանովիչը ՀԱԿ-ի միտինգին… Չէ՞ որ դրա վերջնի՝ մարտի 1-ի հավաքին ՙմասնակցեց՚ ու դեռ ավելին՝ ելույթ էլ ունեցավ, թեկուզ հեռակա՝ ԵՊՀ-ում… հարցադրմանը ամենեւին էլ զարմանքով վերաբերվել հարկավոր չէ, քանզի հաճախ է պատահել, որ ԱՄՆ դեսպանուհին խորամուխ է եղել հայաստանյան ներքին հասարակա-քաղաքական ՙցավոտ՚ հարցերում, իսկ այս վերջինում իսկ՝ արտահերթ ընտրությունների ու ՙքաղաքացիական հասարակություն ձեւավորելու կոչեր արձակել, ճիշտ այնպես, ինչպես ՀԱԿ-ի հանրահավաքում ելույթներով հանդես եկողները: ԵՊՀ-ի հանդիպմանը, սակայն, ի պատիվ մեր ուսանողների զգաստ հարցադրումների՝ տկն. Եովանովիչը մասամբ փորձեց արդարանալ՝ ձեւացնելով, որ մտադիր չէ միջամտել իր առաքելությունը իրականացնող երկրի ներքին հարցերին, բայց դա այնպես էլ չհաջողվեց իրեն, քանզի պարզից էլ պարզ էր, որ դեսպան Եովանովիչի ելույթի տողատակերում ակներեւ էր աֆրիկյան ու մերձավորարեւելյան դոմինոյական ՙհեղափոխությունների՚ մոդելավորման պատրանքը եւ որ դրանք կարող են նաեւ նախադեպ լինել անդրկովկասյան քրիստոնյա 2-րդ երկրում… հատկապես որ ինքը բավական փորձաշրջան է անցկացրել հարեւան տարածաշրջանի մի այլ երկիր՝ Կիրգիզստանում՝ նախքան Հայաստանում դեսպանության ստանձնումը:
Ահավասիկ, անցնող երկու շաբաթներում նախքան Սոչիի եւ հետսոչիական հանդիպմանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում ադրբեջանցի դիպուկահարի զոհ դարձան երկու հայ զինծառայողներ, իսկ մշտապես էլ ադրբեջանական ուժային սադրանքներին զուգակցվել են դիվանագիտական ճնշում-հարվածները, ասենք՝ Եւրոխորհրդի տարբեր կառույցների, ԱՄՆ պետդեպարտամենտի երկակի չափանիշերի ձեւաչափերով, ինչպես եւ անհատ ժպտերե՛ս միջնորդների խրատա-հորդորական ժեստերով, հանձինս՝ Չավուշօղլուների, Բրայզաների, Համերբերգների, Բարուզոների եւ սրանց նախկին ու ներկա գործընկերների: Այ, տեսեք, թէ ինչ էր հայտարարում ՀԱԿ-ի առաջնորդը նախորդ մարտիմեկեան հանրահավաքի փոխան ելույթում տեղ գտած հայտարարութեան 14-րդ կետում.-
ՙ…14. Հանրահավաքը նաեւ անհրաժեշտ է համարում կոչ անել միջազգային կազմակերպություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եւրոմիության երկրների կառավարություններին՝ դադարեցնելու աշխարհաքաղաքական նկատառումներով Հայաստանի բռնապետական վարչախմբին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, որը ոչ միայն ոչնչով չի նպաստում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, այլեւ ավելի եւս ամրապնդելով ռեժիմի դիրքերը՝ վերջին հաշվով ուղղվում է ժողովրդի դեմ, ինչը միանգամայն ակնհայտ է դառնում արաբական երկրներում ներկայումս ընթացող իրադարձությունների լույսի ներքո, եւ ինչը խոստովանում են անգամ արեւմտյան քաղաքական գործիչներն ու անկախ վերլուծաբանները:
Ճիշտ է, նմանատիպ դիվանագիտական ճնշումները խոշոր տոկոսով արդյունք են ճնշվող երկրի իշխանությանց խոցելի լեգիտիմության կամ էլ նույն իշխանությանց ներքին թէ արտաքին ճակատների վրա քաղաքականության ու դիվանագիտական ռեսուրսների տկարության եւ կամ էլ երկուսը համատեղ…: Ու այսպես՝ արտաքին ճնշման նպատակը միեւնույնն է՝ արցախյան հարցի ՙկարգավորման՚ հաշվին միակողմանի զիջումներ պարտադրել առավել եւս խոցելի երկրին, տվյալ դեպքում՝ Հայաստանին, հատկապես որ վերջինս նաեւ ՙհամարձակվել է՚ սառեցնել հայ-թուրքական հաշտեցման արջանագրությունները… սրանք, ինչ խոսք, պարզ հաշիվներ են, իսկ օրվա մոդելավորվող առիթները (Թունիս, Եգիպտոս) անպակաս. ՀԱԿ-ն էլ, ի դեմս իր առաջնորդի, նախկինի պես ՙայնթապցիական թայմաուտ՚-ի գնալու մտադիր չէ եւ կարեւորը՝ հերթական ընտրությունների սպասելու եւ այդ մոդելներով ինքնանպատակ ու լոկ ՙընդդէմ՚-ի վարքով իշխանափոխություն անելու իր համբերության բաժակը այլեւս հորդել է, ինչպես որ դրա մասին բարձրաձայնեց նախորդ՝ մարտի 1-ի հանրահավաքում:
Մնում է, ուրեմն, սպասել ու տեսնել, թե ներքին ու արտաքին խմորումները ինչպիսի ընթացք են հաղորդելու այսօրվա ՀԱԿ-ի ռադիկալաշունչ ՙհանրահավաքին ու երթին՚, որոնք բացառված չէ՝ պարուրված լինեն ՙգարնանային կարմիր կակաչների բողբոջանքներով՚, այն էլ՝ կիրգիզական բուրմունքով…
Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ, «ԱԼԻՔ» օրթերթի գլխավոր խմբագիր
ArmAr.am












