Թուրքիան իր քայլով նոր Ռուսաստանին դարձրեց 90ամյա դեպքերի հանցակիցը
«Քաղաքական շրջանակներում բողոք ու զայրույթ է հարուցել Թուրքիայի վարչապետ Էրդողանի երեկվա այցը Մոսկվա, որը միտումնավոր համընկավ Մոսկովյան պայմանագրի 90 -ամյակի հետ: Խնդիրն, իրականում, պահանջում է քաղաքական ու դիվանագիտական համարժեք մեկնաբանություն, այլ ոչ թե դեմարշներ և այլն` այդ ամենը լուրջ չէ»,- ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
«1921թ-ի մարտի 16-ին Մոսկվայում կնքվել է ռուս-թուրքական պայմանագիր, որը հետագայում ստացավ «Մոսկովյան պայմանագիր» անվանումը: Այն միջազգային իրավունքի տեսակետից խայտառակ, անբարոյական ու անմարդկային պայմանագիր է, որը միջազգային իրավունքի ոչ մի նորմի չի համապատասխանել: Խայտառակություն` երկու պետություն, իրենց չպատկանող երրորդ պետության տարածքները հանձնում են չորրորդ պետությանը. բոլշևիկյան Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվում են Հայաստանի մաս ճանաչված Նախիջևանը հանձնել խորհրդային Ադրբեջանին, որն իր հերթին ճանաչել էր Նախիջևանը որպես Հայաստանի մաս»,-նկատել է քաղաքագետը:
«Ու թեև այդ օրվանից անցել է 90 տարի, այդուհանդերձ Մոսկովյան խայտառակ պայմանագրի անբարո իմաստը չի փոխվել: Ավելին, 1991թ-ին խորհրդային միությունը լուծարվեց, և Էրդողանը միտումնավոր հանդիպումն իրեն ժողովրդավար հռչակած Ռուսաստանի նոր ղեկավարության հետ հենց այդ օրն իրականացրեց: Այս դեպքը գալիս է ասելու, թե ում հետ մենք գործ ունենք. նոր Ռուսաստանի, որը խոստացել էր շրջվել դեպի ժողովրդավարություն և այլն, բայց Մոսկովյան պայմանագրից 90 տարի հետո տեղի է ունենում այս հանդիպումը»,- մատնանշեց Ա.Մանասյանը:
Հավելելով, որ Թուրքիան այս քայլով նոր Ռուսաստանին իրեն հանցակից դարձրեց 90-ամյա դեպքերին:
«Թուրք պաշտոնյայի երեկվա հանդիպումներն անհանգստության տեղիք են տալիս, բայց ոչ մեզ համար, այլ հենց ՌԴ-ի համար, քանի որ սա նշանակում է, որ ՌԴ-ն չի կանգնում ժողովրդավարության ու նորացման ճանապարհին, մինչդեռ ակհնայտ է, որ Թուրքիան այս պարագայում ցանկանում է, որպեսզի ՌԴ-ն դառնա 1921թ-ի մարտի 16-ի իր հանցակիցն ու մնա այդպիսին: Եվ Թուրքիան դրան հասավ»,- շեշտեց քաղաքագետն
Ռուսաստանին հանձնելով պայմանագրի պատճենը, Թուրքիան նոր իմաստ է դնում, ասել է թե` այդ հանցագործության կողմ եղել է թեկուզև բոլշևիկյան Ռուսաստանը, բայց այսօր այդ խայտառակ փաստաթղթի պատճեն հանձնելով ՌԴ ղեկավարությանը` մեղսակից դարձրեց նաև նրան»:
«Բայց ոչ մի երաշխիք մենք չենք էլ ունեցել, որ Ռուսաստանն այդպես չպետք է վարվեր և, ես գտնում եմ, որ հուզվելու կարիք չկա: Պարզապես այս ամենը մեզ համար պետք է որպես քաղաքական դաս ծառայի, թե ում հետ գործ ունենք ռեալ քաղաքականության մեջ»,-եզրափակել է Ալեքսանդր.Մանասյանը:
ArmAr.am












