«Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ շրջանակներում ընդունված փաստաթղթերին»
ՀՀ ԱԳ Նախարարի ելույթը Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ
Հարգելի պարոն Աժուբալիս, Հարգելի բարեկամներ,
Ես ուրախ եմ ողջունել Աուդրոնիուս Աժուբալիսին՝ իմ լիտվացի գործընկերոջը, որն այստեղ է գտնվում որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության գործող նախագահ: Ինչո՞ւ եմ ես բացում այս հապավումը, որովհետեւ ցանկանում եմ ընգծել այն, ինչը մեզ համախմբում է այս կազմակերպության մեջ՝ Եվրոպայում անվտանգության ամրապնդումը եւ համագործակցության զարգացումը:
Հայաստանը ԵԱՀԿ ակտիվ անդամ է, իր մասնակցությունն է բերում կազմակերպության գործունեության բոլոր ուղղություններով, նաեւ բարեփոխումների գործընթացին, լինի դա Կորֆուի, թե այլ ձեւաչափերով:
Հայաստանն աջակցել է Լիտվայի ընտրությանը որպես ԵԱՀԿ նախագահ եւ Լիտվայի նախագահության ընթացքում մենք մեր նպաստն ենք բերելու՝ աջակցելով բոլոր այն քայլերին, որոնք ձեռնարկվում են կազմակերպության դերակատարության եւ արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Ես շատ ուրախ եմ, որ իմ լիտվացի գործընկերոջ այցելությունը երեկ սկսվեց նրանով, որ միասին նշեցինք Լիտվայի Ազգային տոնը: Դա խորհրդանշական է, այն առումով, որ Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թ.-ին:
Մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հուսով ենք, որ Լիտվայի արտգործնախարարի այցելությունը, նաեւ մայիսի սկզբին նախատեսված Լիտվայի նախագահի այցելությունը կնպաստեն մեր հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:
Մենք երեկ սկսեցինք մտքերի փոխանակումը երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային, միջազգային տարբեր հարցերի շուրջ՝: Եւ այսօր ընդլայնված ձեւաչափով շարունակեցինք մեր քննարկումները ԵԱՀԿ-ին առնչվող հարցերի վերաբերյալ:
Բնական է, որ մենք անդրադարձանք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: ԵԱՀԿ Մինսկի խումբը իր եռանախագահներով այն ձեւաչափն է, որ ստեղծվել է միջազգային հանրության կողմից, ունի միջազգային հանրության մանդատը եւ աջակցությունը, ձեւաչափ, որի շրջանակներում ընթանում են բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:
Ես նշեցի այդ քննարկումների ընթացքում, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է այն հայտարարություններին, այն փաստաթղթերին, որոնք ընդունվել էին ԵԱՀԿ շրջանակներում ղարավայղան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ՝ 2008 թ. դեկտեմբերին Հելսինկիում, 2009 թ. դեկտեմբերին Աթենքում, 2010 թ. հուլիսին Ալմաթիում, 2010 թ. դեկտեմբերին՝ Աստանայում: Եվ նաեւ համահունչ են այն հայտարարություններին, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահների՝ Դմիտրի Մեդվեդեւի, Բարաք Օբամայի, Նիկոլա Սարկոզիի կողմից 2009 թ. լ՛Աքվիլայում եւ 2010 թ.Մուսկոկայում: Մենք իհարկե իմ գործընկերոջ հետ համակարծիք ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային խաղաղ ճանապարհով կարգավորումը այլընտրանք չունի:
Նաեւ ԵԱՀԿ գործող նախագահը ներկայացրեց այն առաջնայնությունները, որոնք Լիտվան ունի իր նախագահության ընթացքում ԵԱՀԿ-ում: Ես մեկ անգամ եւս հայտնեցի, որ Հայաստանը կաջակցի ԵԱՀԿ-ում լիտվական նախագահության ընթացքում ՝ կազմակերպության առջեւ ծառացած խնդիրների լուծման համար:
ArmAr.am












