Գլխավոր » Լրահոս

Հանդիպել են Հայաստանի եւ Խորվաթիայի ԱԺ նախագահները

Մարտ 21, 2011թ. 16:07

Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների խորացումը բոլոր ուղղություններով: Նա վստահություն հայտնեց, որ Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի` այս տարվա նոյեմբերին Հայաստան նախատեսված այցը լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություների ընդլայնման համար: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում եւ մասնավորապես հակամարտությունների կարգավորման գործընթացում: ՙԿարծում եմ, որ Խորվաթիայի խորհրդարանում 2010 թ. հուլիսին ձևավորված Խորվաթիա-Հայաստան և 2009 թ. փետրվարին Հայաստանի Ազգային ժողովում ստեղծված բարեկամության միջխորհրդարանական խմբերը նույնպես կարևոր դերակատարություն կունենան միջխորհրդարանական երկխոսության խթանման գործում` երկկողմ և բազմակողմ հարթություններում, այդ թվում` միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում՚,- ասաց Հայաստանի խորհրդարանի ղեկավարը: Հովիկ Աբրահամյանն կարեւորեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության շարունակական բնույթը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Խորվաթիայի հետ համագործակցության հնարավորությանը ԵՄ նախաձեռնությունների` Արևելյան գործընկերության և Սևծովյան համադաշնեցում ծրագրերի շրջանակներում: ՙԱյս համատեքստում մենք կարևորում ենք ընթացիկ տարվա փետրվարին հնչեցված` խորվաթական կողմի նախաձեռնությունը եվրաինտեգրման գործընթացի շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության արձանագրության ստորագրման վերաբերյալ,- ասաց Հովիկ Աբրահամյանը:- Հայկական կողմը սկզբունքորեն համաձայն է ներկայացված փաստաթղթի դրույթներին եւ ստորագրման հնարավորությանը կանդրադառնա մոտակա ժամկետներում՚:
Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու հրավերի համար` Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչը նշեց, որ իր այցի հիմնական նպատակը խորհրդարանական արդյունավետ եւ բեղմնավոր համագործակցության հաստատումն է: Միաժամանակ, Խորվաթիայի խորհրդարանի նախագահի համոզմամբ, այցը խթան կհանդիսանա երկու երկրների կառավարությունների համար` սերտացնելու հետագա համագործակցությունը, ինչպես նաեւ գործարարներին հնարավորություն կտա ընդլայնելու կապերն ու ամրապնդել փոխվստահությունը:
Ներկայացնելով Եվրամիությանն անդամակցելու գործընթացում Խորվաթիայի անցած ճանապարհը` Լուկա Բեբիչն ասաց, որ իրենք ցանկանում են կիսել իրենց փորձը, միաժամանակ, տեղեկանալու այդ ուղղությամբ Հայաստանի ձգտումներին: Խորվաթիայի խորհրդարանի նախագահը ողջունեց Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների սկիզբը: Լուկա Բեբիչը վստահություն հայտնեց, որ հայ եւ խորվաթ խորհրդարանականների հանդիպումն իր ներդրումը կունենա հետագա համագործակցության ընդլայնման, եվրոպական կառույցներին ինտեգրվելու գործընթացում:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ միջազգային կառույցներում համագործակցությանը:
Երկու խորհրդարանների նախագահներն էլ համակարծիք էին, որ տնտեսական բնագավառում շատ չիրացված հնարավորություններ կան: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ տնտեսության մի շարք ոլորտների զգալի ներուժը, այդ թվում` էներգետիկա, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, արդյունաբերություն, տրանսպորտ, առողջապահություն եւ այլն, բավարար բացահայտված ու օգտագործված չէ: ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ իր խորվաթ գործընկերոջ այցը խթան կհանդիսանա նաեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար:
Նշենք, որ առավոտյան Լուկա Բեբիչը եւ պատվիրակության անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում: Պարոն Բեբիչը գրառումներ կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն