«Սահմանները բացվելու են ոչ թե Թուրքիայի, այլ Արևմտյան Հայաստանի հետ»
Հարցազրույց` նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի հետ
-Այսօր բուռն քննարկումներ են ծավալվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Եվ մասնակից պետությունները, և մեր իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Ուրեմն, ի՞նչն է մեզ անհանգստացնում:
-Իրականում սա միայն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման խնդիր չէ: Այս ամենում խառնված են նաև մեծ տերությունները` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը, որոնք էլ մեր տարածաշրջանում վարում են իրենց դիվանագիտությունը և ուղղորդում այս բոլոր գործընթացները`ըստ իրենց շահերի, ցանկությունների ու հարմարության: Հետևապես, հարկ է գործընթացները դիտարկել այս հարթության մեջ:
Հայ-թուրքական հարաբերությունները, հատկապես, Հայոց ցեղասպանության հարցը, նրանց ձեռքին գործիք է, ցանկացած պահի ճնշում գործադրելու համար: Սակայն բոլորի համար մի բան պետք է հստակ լինի`Հայոց Ցեղասպանության փաստը երբեք չի կարող լինել քննարկման, սակարկման առարկա:
Սահմաններն, ի վերջո, բացվելու են, բայց բացվելու են ոչ թե Թուրքիայի, այլ Արևմտյան Հայաստանի հետ: Սակայն այսօր այդ իրավիճակը դեռ չի հասունացել: Մի բան հստակ է` առանց Ցեղասպանության ճանաչման, առանց ֆինանսական ու բարոյական փոխհատուցման (պետք է վերադարձվեն Արևմտյան Հայաստանի տարածքները), սահմանների բացման, առավելապես` բարեկամության մասին խոսք լինել չի կարող:
-Հայ-թուրքական հարաբերություններում լինելով պահանջատեր, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում` հաղթանակած կողմ, հայկական դիվանագիտությունը, սակայն, հանդես է գալիս մի տեսակ խեղճացած դիրքերից: Ըստ ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված:
– Պատճառն այն է, որ մեր ներկայիս դիվանագիտությունը դեռ անհրաժեշտ չափով հասունացած չէ: Իսկ առավել ցավալին այն է, որ երբեք դասեր չենք քաղում մեր պատմությունից: Այսօր էլ իրավիճակը նույնն է, ինչպիսին էր 20-րդ դարասկզբին: Ինչպե՞ս կարելի է հավատալ թուրքի բարեկամությանը, ինչպե՞ս կարելի է հաշտության ձեռք մեկնել այն ազգին, որը սարսափելի ոճիր է գործել քո ժողովրդի նկատմամբ և այսօր էլ հրաժարվում է ճանաչել իր իսկ ձեռքով իրականացրած ոճրագործությունը: Թուրքերը լավ են սերտել կատվի «օրինակը»` ինչ դիրքով էլ ընկնում է, միևնույն է, դարձյալ չորս թաթի վրա է կանգնում:
Նաև ուզում եմ խոսել մեկ այլ մտահոգիչ երևույթի մասին. մասնագիտության բերումով շատ եմ շրջագայում, լինում եմ աշխարհի տարբեր երկրներում ու համոզվել եմ, որ դրսում աշխատող մեր դիվանագետների 90 տոկոսը օտար պետությունների են ծառայում: Մինչ օրս դիվանագիտական ոլորտում դեռ չեմ հանդիպել գեթ մեկ աշխատակցի, որն առաջ մղի սեփական երկրի շահերը: Այս ամենը հայտնի չէ՞ հանրապետության նախագահին: Այդ վայ դիվանագետների հակահայկականության պատճառով է, որ մենք անընդհատ կոտրած տաշտակի առջև ենք հայտնվում, դիվանագետներ, որոնք անգամ չգիտեն իրենց ժողովրդի պատմությունը: Ինչո՞ւ է մոռացվել 20-րդ դարասկզբին ստորագրված կարևորագույն իրավական փաստաթուղթը` Սևրի պայմանագիրը, որով Հայաստանին պետք է վերադարձվեին մեր պատմական տարածքները: Սակայն այն ժամանակվա ղեկավարների անհեռատեսության պատճառով` կորցրեցինք այդ ամենը: Այսօր էլ չենք բարձրաձայնում այդ մասին` անտեղյակության, երբեմն էլ` անտարբերության պատճառով: Ցավով պետք է նկատեմ, որ անկախությունից ի վեր` մեր քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Մինչև մեր ղեկավարները Հայաստան երկիրն ավելի շատ չսիրեն, քան սեփական շահը, մեր երկիրը ոտքի չի կանգնի:
Ի վերջո, սա հայի երկիրն է ու հայի հողը, և թող որևէ մեկն իրեն իրավունք չվերապահի հայ ժողովրդի փոխարեն որոշումներ կայացնել: Վերջապես, այն ամենը, ինչ այսօր ունենք, ձեռք ենք բերել մեր ժողովրդի ստեղծագործ մտքի ու աշխատասիրության շնորհիվ:
– Թուրքիայի վարչապետն անվերջ հայտարարում է, թե առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, այդ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման սահմանները չեն կարող բացվել: Գուցե հարկ է, որ Հայաստա՞նն էլ հայտարարի Կիպրոսից թուրքական զորքերը դուրս բերելու մասին:
– Նման քայլերի համար պետք է, որ մեր ժողովուրդը լինի առավել համախմբված` մեկ բռունցք դարձած: Պետք է ունենանք ազգային մտածողություն, մեր հողի վրա ամուր կանգնած լինենք, դառնանք հզոր երկիր, վերադարձնենք մեր հողերը (ես համոզված եմ, ի վերջո, վերադարձնելու ենք), և միայն այդ դեպքում մեր ձայնը լսելի կլինի:
Մենք պետք է կարողանանք մեր իսկ շահերով առաջնորդվել: Ինչո՞ւ պետք է պարտադրված լինենք կատարելու Ռուսաստանի, ԱՄՆ-ի, նաև Թուրքիայի պահանջները: Ինչո՞ւ պետք է թույլ տանք, որ Ռուսաստանն իր պահանջները թելադրի` սպառնալով` հոսանքն անջատել կամ ատոմակայանը փակել: Ինչո՞ւ ենք մեր երկրի կարևորագույն «երակները»` հաղորդակցության միջոցները, հանձնել օտարին, որ նա էլ կարողանա իր ցանկությունները մեզ պարտադրել:
– Պարոն Աղաբաբյան, այնուհանդերձ, սահմանի բացումը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի ներքին կյանքի վրա, հատկապես մշակույթի:
– Նախ, մեր` առանց այն էլ հիվանդ տնտեսությունն ավելի կաղքատանա: Թուրքական անորակ արտադրանքը ցածր գներով կներմուծվի Հայաստան և մենք լուրջ խնդիրներ կունենանք մեր տեղական արտադրանքի իրացման հարցում: Սա էլ իր հերթին չի կարող չանդրադառնալ մեր արտադրության վրա, հետևապես, չի կարող չհանգեցնել գործազրկության թվի աճին:
Մի բան ևս պետք է հաշվի առնենք. ի վերջո, այդ ճանապարհներն անցնում են Թուրքիայով և ցանկացած պահին թուրքերը կարող են կրկին փակել դրանք: Պատմությունը մեզ դա է հուշում:
Ինչ վերաբերում է մշակույթին, ապա մեր մշակույթի վրա արդեն իսկ ակնհայտ է թուրքական ներազդեցությունը` սկսած երաժշտությունից, մինչև նորաձևություն: Ցավով եմ նկատում, որ մեր հայ օրիորդներն առանձնահատուկ սեր ունեն թուրքական ապրանքների նկատմամբ: Վերջերս սկսել են կրել այնպիսի հագուստներ, ինչպիսիք ժամանակին հագնում էին բարբարոս թուրքերը: Սա ինձ մեծ ցավ է պատճառում:
-Ենթադրենք` թուրքերն այնքան քաղաքակրթվեցին, որ ճանաչեցին ու դատապարտեցին իրենց իրականացրած ոճիրը` Հայոց ցեղասպանությունը, սահմաններն էլ բացվեցին. հնարավոր կլինի՞ երկու ժողովուրդների հարաբերությունները սկսել նոր էջից: Մեր ժողովուրդը հոգեբանորեն պատրա՞ստ է դրան:
-Հայը աշխարհի ամենաբարի ժողովուրդն է. խոհեմ, մարդասեր, համբերատար` այսպիսին է հայի տեսակը: Այդքան արհավիրքներ տեսնելով հանդերձ` այսօր դարձյալ թուրքի հետ բարեկամություն անելու մասին ենք խոսում: Հրանտ Մաթևոսյանի մոր խոսքերը մեջբերեմ. «Մի եղիր այնքան դառը, որ թքեն, այնքան քաղցր, որ կուլ տան»: Մեր ժողովուրդը շատ է քաղցր: Դա է պատճառը, որ մեզ անընդհատ կուլ են տվել: Այսօր մեր հարևանները զբաղված են հայի պատմությունն ու ստեղծած մշակութային արժեքները յուրացնելով, իսկ մենք, այդ ամենն անտեսելով` բոլորին բարեկամության ձեռք ենք մեկնում: Սա է մեր տեսակը, ներողամիտ ու մարդասեր:
–Իսկ դուք` որպես նկարիչ, պատրա՞ստ եք համագործակցել թուրք մշակութային գործիչների հետ:
-Թուրքն ու մշակույթը որևէ առնչություն չունեն իրար հետ: Այդ ժողովուրդն իր տեսակով ստեղծագործ չէ: Նրանց ստեղծագործությունը միայն մարդ մորթելն ու թալանելն է: Ընդհանրապես, աշխարհում գոյություն ունեն երկու տեսակի ազգեր` ստեղծարար և այդ ստեղծածը` բարբարոսաբար ոչնչացնող: Թուրքի տեսակը երկրորդն է: Ինչպե՞ս համագործակցել նրանց հետ:
-Փորձենք ամփոփել, ըստ ձեզ, ի՞նչ զարգացում կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման` արդեն իսկ սկսված գործընթացը:
-Մոտակա տասը տարիների հեռանկարում ես չեմ տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հնարավորություն:
Ցավոք, դա միայն մենք չենք որոշում: Ինչպես արդեն ասացի, մեծ տերություններն են մեր միջոցով իրականացնում իրենց ծրագրերը: Պարզապես, մենք պետք է լինենք խոհեմ և կարողանանք ինքնուրույն վարել մեր քաղաքականությունը, ոչ թե ուրիշների կամակատարը դառնալ: Իսկ դրա համար պետք է այնպիսի երկիր ստեղծենք, որ կարողանանք մեր ազգային, պետական շահերից բխող պահանջներ ներկայացնել:
Անի ԱԲՈՎՅԱՆ
Թեգեր` Թուրքիա, Հայաստան, Հայոց Ցեղասպանություն, մշակույթ, Նիկոլ Աղաբաբյան












