Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀՀ-ում կբացվի Շվեյցարիայի դեսպանատուն

Մարտ 31, 2011թ. 15:00

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը:

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշելին Կալմի-Ռեյի առանձնազրույցը և երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Նշելով, որ Նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ հանդիպելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու բազմաթիվ առիթներ է ունեցել, Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդուհանդերձ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահն առաջին անգամ է պաշտոնական այցով գտնվում  Հայաստանում, ինչը լավ հնարավորություն է համակողմանիորեն քննարկելու հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերը:

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում դեսպանատուն բացելու Շվեյցարիայի Համադաշնության իշխանությունների որոշումը, և այն ընկալում ենք որպես  երկկողմ հարաբերությունները զարգացնելու Շվեյցարիայի ցանկության դրսևորումներից մեկը, ինչի համար ուրախ ենք: Շվեյցարիան հասել է շատ մեծ հաջողությունների բոլոր բնագավառներում, և մեզ համար պատիվ է` բարեկամություն ունենալ Շվեյցարիայի նման աշխարհի առաջատար երկրներից մեկի հետ ու խորացնել երկկողմ հարաբերությունները:  Մենք շատ շնորհակալ ենք Շվեյցարիայի ժողովրդին և կառավարությանը` Հայաստանին մշտապես ցուցաբերվող օժանդակության համար  և նաև  երախտապարտ` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պառլամենտում քննարկելու և բանաձև ընդունելու համար»,-հանդիպման ժամանակ ասել է Նախագահ Սարգսյանը:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր պաշտոնական այցը կնշանավորվի նաև շատ կարևոր և խորհրդանշական իրադարձությամբ`Երևանում  դեսպանատան բացմամբ, որը  կլինի հայ-շվեյցարական հարաբերությունների սերտացման ևս մեկ առհավատչյա: Տիկին Միշելին Կալմի-Ռեյը իր երկրի կառավարության անունից  շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին` դեսպանատան բացմանը ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, որ, իրոք, երկուստեք ամուր կամք կա` Հայաստանի և Շվեյցարիայի միջև կապերն ամրապնդելու և համագործակցությունը զարգացնելու համար:

Հանդիպումից հետո Հայաստանի և Շվեյցարիայի նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն