Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Ապրիլի 24-ին ընդառաջ

Ապրիլ 15, 2011թ. 10:14

24 aprilՀայոց ցեղասպանությունը նաեւ եվրոպական պատմության ու հիշողության անքակտելի մասն է

Մեծ եղեռնի 96-րդ տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս տարի էլ կկազմակերպի մի շարք միջոցառումներ. կանցկացվի «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» խորագրով միջազգային գիտաժողովը, Եվրոպայի եւ Ամերիկայի 7 խոշոր քաղաքներում կբացվեն շարժական ցուցադրություններ: Տարին առանձնահատուկ է նաեւ նրանով, որ կնշվի երեք հոբելյան` նորվեգացի հայասեր ու մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը, շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերի 140 ամյակը եւ ամերիկացի միսիոներուհի Կլարա Բարտոնի 190-ամյակը:

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքերով, մեզանում քչերը գիտեն, թե հայանպաստ ինչ մեծ դերակատարություն են ունեցել սկանդինավյան երկրների` Դանիայի, Շվեդիայի եւ Նորվեգիայի  միսիոներները հայ ժողովրդի կյանքի դժվարին ու ողբերգական օրերին:« Մենք ուզում ենք առաջ բերել Հայոց ցեղասպանության հետ սերտորեն կապված եվրոպական հիշողության այդ դրվագները»,-ասաց նա` տեղեկացնելով, որ ապրիլի 20-21-ին անցկացվելիք միջազգային գիտաժողովը կկրի «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» խորագիրը: Այն  կուղեկցվի Ֆ.Նանսենի 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցահանդեսով, կներկայացվեն մեծ հումանիստի անձնական իրերը, բացառիկ նյութեր: Կպատրաստվի նաեւ կատարելապես մոտ 90 տոկոսով նոր նյութերից բաղկացած շարժական ցուցադրություն, որը տարվա ընթացքում հայ այցելուներին ու հանրությանը ներկայացվելուց զատ, կբացվի նաեւ Կոպենհագենում, Օսլոյում, Ստոկհոլմում: Բացառիկ է նաեւ երիտասարդ հայ աղջիկների փրկության մասին պատմող 1920 թվականին նկարահանված դանիական վավերագրական ֆիլմը: «Վերցնելու ենք կոնկրետ աշխարհագրական գոտին եւ դրա պատմությունն ու հիշողությունը հենց այդ ժողովրդին ներկայացնելու միջոցով հետաքրքրություն ենք կառաջացնելու հայ ժողովրդի մեծ ողբերգության նկատմամբ: Պետք է նրանց ցույց տանք իրենց պատմության այն դրվագը, որ զարմացնելու է հենց իրենց, եւ դա կարվի ոչ թե հակաթուրքականության համատեքստում, այլ սեփական պատմությունն ու դրա հետ անքակտելիորեն կապված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»,- բացատրեց զրուցակիցս` ավելացնելով, որ սա դարձել է իրենց գործունեության նոր մոդելը:

Տարվա ընթացքում նախատեսվում է, որ կտպագրվի շուրջ 5-6 անուն գիրք.  հայկական կոտորածների վերաբերյալ դիվանագիտական փաստաթղթերի երկրորդ հատորը, ամերիկացի դիվանագետ Հ.Մորգենթաուի հաղորդումների արեւելահայերեն առաջին հրատարակությունը, թուրքական բանակի հայ զինվորականներից մեկի հուշագրությունը, առաջին անգամ կհրատարակվի ցեղասպանության ականատես` շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերի հուշերը: Ցուցադրություն կլինի նաեւ նվիրված ամերիկուհի Կլարա Բարտոնի 190-ամյակին` թանգարանային արժեք ներկայացնող եզակի իրեղեն նյութեր, վավերագրեր, որոնք կհարստացնեն ցեղասպանության զոհերին տրամադրված մարդասիրական օգնության պատմության էջերը: Կհրատարակվեն ամերիկյան Կարմիր խաչ ընկերությանը Կ.Բարտոնի ներկայացրած հաշվետվության թարգամանությունն ու անգլերեն վերատպությունը: Կլինեն նաեւ հիշատակի միջոցառումներ. Ծիծեռնակաբերդի Հիշողություն պատում կամփոփվեն Մարիա  Յակոբսենի եւ Աննա Յոհանսենի գերեզմաններից բերված հողը, Հայաստան կայցելեն նրանց սերունդներն ու ազգականները:

Անդրադառնալով աշխարհի խոշոր քաղաքներում նախատեսված շարժական ցուցադրություններին` Հ.Դեմոյանը նկատեց, որ այդպիսով սկսում են պատրաստվել Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի լուրջ եւ ներկայացուցչական միջոցառումներին: «Գրագետ գիտական-հավաքչական աշխատանքի արդյունքում վերջին 4 տարիների ընթացքում մեր կուտակած նյութը հնարավորություն է տալիս ոչ միայն դրանք ամփոփել ու ներկայացնել այստեղ Ծիծեռնակաբերդում, այլ նաեւ տարբեր մայրաքաղաքներում միջազգային  հնչեղության ցուցադրություններում»,- ասաց տնօրենը:

Աշխատանքներ են տարվում Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արդեն այսօրվանից պատրաստվում է նաեւ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Նախատեսվում է, որ այն թանգարանը կդիմավորի ընդլայնված շենքում` նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ցուցադրություններ կազմակերպելու հնարավորությամբ: 2012 թվականի ապրիլից մինչեւ 2013թ. ապրիլը Երեւանը լինելու է գրքի միջազգային մայրաքաղաք, եւ այս իրադարձությունից անմասն չի լինելու նաեւ թանգարանը: Ծրագրվում է բացել Հայոց ցեղասպանությանը վերաբերող եւ մինչեւ 1930 թվականը լույս տեսած եզակի գրքերի, բացառիկ նմուշների, առաջին հրատարկությունների, ոչ թե գիտական աշխատություններ, այլ հազվագյուտ սկզբնաղբյուրների ցուցահանդես:

Հ.Դեմոյանը չի կիսում հնացած այն մոտեցումը, թե ինստիտուտի աշխատանքը պետք է բնութագրվի բացառապես հրատարակված գրքերով. թանգարանի` www.geniocide-museum.am  քառալեզու կայքն ամեն օր թարմացվող եւ նոր նյութերով հագեցվող հսկայական ռեսուրս է, ինչը մեծ աշխատանք է պահանջում: Կայքում նույնպես ներկայացվում են էլեկտրոնային գրքեր եւ հրատարակություններ, կան օնլայն ցուցադրություններ: Արդեն կյանքի կոչված ծրագրերից նա առանձնացրեց հատկապես www.baku.am կայքը, որի թարմացման եւ նոր նյութերով համալրելու աշխատանքները շարունակական բնույթ են կրում: Ինստիտուտի մասնագետներն աշխատում են նաեւ գիտական աշխատությունների, մուլտիմեդիա թողարկումների ուղղությամբ:

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն