«Հայաստանը կրկին գնդակը նետեց Անկարայի դաշտը»
Թուրքական հանրային հեռուստատեսությունը «Հայաստանը կրկին գնդակը նետեց Անկարայի դաշտը» վերնագիրը կրող նյութով արձագանքել է ապրիլի 13-ին պաշտոնական այցով Սլովենիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հետևյալ խոսքերին. «Մեր մյուս հարեւանըՙ Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա, չի ուզում բացել Հայաստանի սահմանը, թեեւ միջազգային պարտավորություն է ստանձնել»:
Թուրքական հեռուստատեսությա կայքէջում գրված է. «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հարցում կրկնեց իր համար արդեն սովորական դարձած արտահայտությունը: Ս. Սարգսյանն ասաց, որ Երեւանը չի հաստատի 2009-ին ստորագրված արձանագրությունները, քանի դեռ դրանք առանց նախապայմանի չեն անցել թուրքական խորհրդարանում: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը նախատեսող արձանագրությունները երկու խորհրդարաններում էլ չեն հաստատվել: Անցյալ տարվա ապրիլին Երեւանը կասեցրել էր արձանագրությունների (վավերացման) գործընթացը: Նախագահ Սերժ Սարգսյանը Սլովենիա կատարած այցի ընթացքում նշեց, որ դուրս չեն եկել Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացից: Սարգսյանն ասաց, որ Երեւանը որեւէ քայլ չի կատարելու, քանի դեռ թուրքական կողմը չի հաստատել արձանագրությունները: Թուրքիան որպես նախապայման առաջադրում է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը նախքան արձանագրությունների հաստատումը: Իսկ Սարգսյանը կրկնում է, որ Հայաստանը չի կարող ընդունել այս նախապայմանները եւ երբեւէ չի ընդունելու»:












