Էրդողանը չափն անցնում է
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` երկրի վարչապետին անվայել պահվածքն անցել է բոլոր սահմանները: Այն հարցը կամ հրապարակավ բարձրաձայնված այս կամ այն խնդիրը եթե հաճելի չէ այս թուրքի քիմքին, պատրաստ է էժանագին հոխորտանքով վիրավորել դիմացինին:
Նման վիրավորական պատասխանի էր արժանացել ֆրանսիացի կին պատգամավոր Միլիթելոն:
Էրդողանի` իրեն ուղղված վիրավորական խոսքերին անդրադառնալով ու իր վրդովմունքն արտահատելով թուրքական NTV-ի հետ հարցազրույցում, պատգամավոր Միլիթելոն ասել է. «Նա իմ հարցին կարող էր պատասխանել «այո», սակայն նա վիրավորական արտահայտություններ արեց: Նրա առաջին նախադասությունից հասկացա, որ ֆրանսիացիների հասցեին ոչ հաճելի արտահայտություն է արել: Ես նրան չպատասխանեցի, քանի որ ԵԽԽՎ-ում նման վարքը հարիր չէ»,- ասել է Միլիթելոն:
Հիշեցնենք ֆրանսիացի խորհրդարանական Միլիթելոնի Թուրքիայի վարչապետին ուղղված հարցը. «Ինչպե՞ս են երաշխավորում Թուրքիայում ազգային փոքրամասնությունների կրոնական իրավունքները»: Պարզ է, որ հարցը պիտի դուր չգար թուրք վարչապետին ու վերջինս հեգնանքով պատասխանել է. «Դուք խոսում եք մի բանից, որից գլուխ չեք հանում: Կարծում եմ դուք ֆրանսիացի եք, Թուրքիայի համար էլ եք ֆրանսիացի »:
Հարցազրույցի ընթացքում ֆրանսիացի պատգամավորը թուրք լրագրողին նաև մի գաղտնիք է բացել, ասելով. «Ես Հայոց ցեղասպանությունից փրկված հայի թոռ եմ: Տատս ու պապս մինչեւ 1915-ը ապրել են Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում: Պապիս անունը եղել է Սեյրան, իսկ տատինս` Մադլեն: 1915-ի մի երեկո իմ պապի տան դուռը թակել են եւ զգուշացրել տեղի ունենալիք իրադարձությունների մասին, եւ նրանք կարողացել են փախչել ու փրկվել»,- թղթակցին պատմել է Միլիթելոն:
ArmAr.am












