Ադրբեջանում մահացած Մանվել Սարիբեկյանի դեպքի հետքերով
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն Ադրբեջանում մահացած Մանվել Սարիբեկյանի հարցով ադրբեջանական կողմից տեղեկատվություն ստանալու նպատակով 2011 թ.-ի ապրիլի 5-ին նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային։ Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ այդ որոշումը կայացվել է գլխավոր դատախազի նամակի՝ ադրբեջանական կողմի արձագանքի բացակայության, քրեական գործի քննությանը չաջակցելու, ճշմարտության բացահայտմանը շահագրգիռ չլինելու հանգամանքներից ելնելով։
Յուրի Չայկային ուղղված նամակում Աղվան Հովսեփյանը գրում է. «Քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու համար, առաջնորդվելով 22.01.1993թ. կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիայով՝ ՀՀ գլխավոր դատախազը 2010թ. դեկտեմբերի 14-ի գրությամբ դիմել է Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ պարոն Զակիր Գարալովին` վերը նշված քրեական գործի քննությանն աջակցելու խնդրանքով, մասնավորապես խնդրել է հայտնել, թե Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվում է արդյոք քննություն Մ. Մ. Սարիբեկյանի բռնի մահվան դեպքի առթիվ, եթե այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: ՀՀ գլխավոր դատախազությունը երաշխավորել է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով:
Հաշվի առնելով, որ վերը նշված գործողությունների կատարումը նշանակություն ունի քրեական գործով վերջնական որոշում կայացնելու համար` խնդրում եմ Ձեզ աջակցել մեր գրությանը պատասխան ստանալուն»:
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Մ. Սարիբեկյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու համար 2010 թ. դեկտեմբերին նամակով դիմել էր Ադրբեջանի գլխավոր դատախազ Զ. Գարալովին՝ քրեական գործի քննությանն աջակցելու համար, այն է՝ մասնավորապես տեղեկացնել, թե Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվում է արդյոք քննություն Մ.Սարիբեկյանի բռնի մահվան դեպքի առթիվ, եթե՝ այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: Գլխավոր դատախազությունը երաշխավորել էր նաև, որ Ադրբեջանի կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով
Նշենք, որ 2010 թ.-ի նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին էր հանձնել Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանի դին, ով, ադրբեջանական պաշտոնական հայտարարությունների համաձայն, մահացել է 2010թ.-ի հոկտեմբերի 5-ին՝ խեղդամահության հետևանքով:
Գլխավոր դատախազի ցուցումով Մանվել Սարիբեկյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 13-րդ կետերով (սպանություն առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը այնուհետև հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությանը:












