Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր, Ցեղասպանություն

Կոչ Եկեղեցիներին` հիշատակել Հայոց Ցեղասպանությունը

Ապրիլ 15, 2011թ. 19:01

Mayr Ator 2Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահները կոչ են ուղղել Եկեղեցիներին հիշատակել Հայոց Ցեղասպանությունը

2011թ. Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի և Հայոց Ցեղասպանության հիշատակման օրվա համընկնման կապակցությամբ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր քարտուղարներ` դոկտ. Օլավ Թվեյթն ու դոկտ. Վիորել Իոնիտան, իրենց զորակցությունը հայտնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ապրիլի 13-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կոչ անելով բոլոր անդամ Եկեղեցիներին` Զատկական ուղերձներում վկայակոչելու Հայոց Մեծ Եղեռնի 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Ստորև ներկայացվում է ուղերձն ամբողջությամբ:

Համատեղ հայտարարություն Հայոց ցեղասպանության հիշատակության օրվա վերաբերյալ

Զատիկը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրը, այս տարի ապրիլի 24-ին է, որը համընկել է Հայոց Ցեղասպանության հիշատակման օրվա հետ: 1915թ. սկսած առաջին անգամն է, որ ապրիլի 24-ը Հայոց Եկեղեցու տոնացույցով համընկել է Զատկի կիրակիին: Հիրավի, սա իմաստալից համընկնում է, քանզի հենց հայ ազգի և ժողովրդի գոյությունը Հարության ուժի հատուկ խորհրդանիշ է մահվան աշխարհում: Երբ ամբողջ աշխարհի քրիստոնյաներն այս տարի միևնույն օրն են տոնախմբում Զատիկը, դա մեզ բոլորիս համար պատմական հնարավորություն պետք է լինի` Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:
Քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին և Հայ ժողովուրդը վկայակոչում են Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը և Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսը կոչ են անում բոլոր անդամ Եկեղեցիներին` իրենց աղոթքներում և 2011թ. Զատկական ուղերձներում հիշատակելու Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերին:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը բարձրացրել է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության հարցը: 1984 թ. ԵՀԽ-ն հրապարակել է <<Հայաստան. շարունակվող ողբերգություն>> անունը կրող փաստաթուղթը, որը նպաստեց հայ ժողովրդի պատմության և վերապրած ողբերգության ճանաչմանը: Միջազգային հարցերով Եկեղեցիների հանձնախումբը Հայոց Ցեղասպանության հարցը բարձրացրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում` հենվելով վերջինիս <<Ցեղասպանություն ոճրագործության կանխման և հատուցման հարցի վերանայված և թարմացված զեկույցի>> վրա: Ինչպես նշվել է 2005թ. ԵՀԽ-ի Կենտրոնական Կոմիտեի հանդիպման ընթացքում, ԵՀԽ-ն հավատացած է, որ <<քրիստոնեական տեսանկյունից դեպի արդարություն և համերաշխություն տանող ճանապարհը պահանջում է այն հանցանքի ճանաչումը, որն իրագործվել է, որպես հիշողությունների դարմանման և ներման հնարավորության համար անհերքելի պայման: Ներել նշանակում է ոչ թե մոռանալ, այլ հետադարձ հայացք նետել` արդարությունը, մարդկային իրավունքների հանդեպ հարգանքը և ոճրագործների ու զոհերի միջև հարաբերությունները վերականգնելու նպատակով>>:
2005թ. ապրիլի 15-ին Եվրոպական Եկեղեցիների նախագահությունը և Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հանդես եկան համատեղ հրապարակային հայտարարությամբ` հրավիրելով բոլոր անդամ Եկեղեցիներին <<ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության հիշատակման օր դարձնելու և մտածելու Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելիցի հիշատակմանը վերաբերող հետագա պատշաճ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ>>: ԵԵԿ-ի նախագահությունը հետագայում Թուրքիայի կառավարությանը կոչ արեց հայ և թուրք ազգերի միջև հաշտեցման գործընթաց սկսելու, որտեղ մեղքի գիտակցումն ու ճշմարտության հռչակումը անբաժանելի տարրեր պիտի լինեն>>:
Այս տարի Զատկի Կիրակիի հանդեպ մեր մոտեցման ոգով` ի Հիսուս Քրիստոս մեր բոլոր հավատակից եղբայրներին և քույրերին կոչ ենք անում միանալ հայ ժողովրդին` հայերի և ցեղասպանության այլ զոհերի համար աղոթք բարձրացնելով:
Եկեք հիշենք, թե ինչ ասաց Քրիստոս. <<Ես իսկ եմ հարություն և կյանք.
Ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի. և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի>> :

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն