Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիայի վարչապետի նախընտրական խոստումները

Ապրիլ 19, 2011թ. 11:40

turk 0Թուրքիայի վարչապետ Էրդողանը հրապարակել է իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության 8.5 տարիների ընթացքում Թուրքիայի ունեցած նվաճումներին և մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը) ունենալիք նվաճումներին առնչվող նախընտրական քարոզարշավի գրքույկը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Zaman» թերթը:

Գրքույկը բաղկացած է 5 մասից.1 ժողովրդավարության զարգացում, 2. խոշոր տնտեսություն, 3.ուժեղ հասարակություն, 4.քաղաքներ, 5.առաջատար երկիր:

Ընտրությունների նախաշեմին Էրդողանը խոստացել է` հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցության հաղթանակի դեպքում ձեռնամուխ լինել նոր Սահմանադրության մշակմանն ու ընդունմանը: Ըստ վարչապետի, այն կլինի առավել ժողովրդավար և ազատական` փոխարինելով 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Հանրապետության ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջման արդյունքում 1982 թվականի նոյեմբերի 7-ին ընդունված «ռազմական սահմանադրությանը»: Բարելավվելու է արդարադատության համակարգը, դատական վճիռները կկայացվեն առավել սեղմ ժամկետներում:

Ընտրությունների նախաշեմին ինչե~ր ասես չեն խոստանում քաղաքական գործիչները : Բազմաթիվ խոստումներ  է շռայլել իր ընտրողին նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանը:

«2010 թվականին Թուրքիայի տնտեսությունը 8.9 տոկոսի աճ է արձանագրել, ինչն աննախադեպ իրադարձություն է Թուրքիայի Հանրապետության ավելի քան 87-ամյա պատմության ընթացքում: Այդ ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում գրավել է առաջին տեղը, իսկ աշխարհում` 3-րդը: Մինչև 2023 թվականը Թուրքիան տեղ է զբաղեցնելու տնտեսական պլանում աշխարհի առաջատար երկրների (G-20) տասնյակում (ներկայումս 16-րդն է):

Առաջիկայում այդ գործընթացը շարունակվելու է, ինֆլյացիան ավելի շատ է անկում ապրելու: Մինչև 2015 թվականը մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը կազմելու է 14.000 դոլար, մինչև 2019 թվականը` 18.685 դոլար, իսկ մինչև 2023 թվականը` 25.076 ամերիկյան դոլար: Դրա հետ մեկտեղ աճելու է նաև ՀՆԱ-ն. մինչև 2015 թվականը ՀՆԱ-ն կազմելու է 1 տրիլիոն 76 միլիարդ դոլար, մինչև 2019 թվականը` 1 տրիլիոն 486 միլիարդ դոլար, մինչև 2023 թվականը` 2 տրիլիոն 64 միլիարդ դոլար:

Մինչև 2015 թվականը թուրքական արտահանումը հասցվելու է 201 միլիարդ դոլարի, մինչև 2019 թվականը` 317 միլիարդ դոլարի, իսկ մինչև 2023 թվականը` 500 միլիարդ դոլարի (երբ 2002 թվականին ԱԶԿ-ն եկավ իշխանության, թուրքական արտահանումը կազմում էր ընդամենը 36 միլիարդ ամերիկյան դոլար):

Ստամբուլը տեղ է զբաղեցնելու աշխարհի 10 ֆինանսական կենտրոնների շարքում: Մինչև 2023 թվականը գործազրկությունը կնվազի` հասնելով 5 տոկոսի (2010 թվականի ամռանն այն կազմում էր 10.5 տոկոս), զբաղվածությունն աճելու է 50 տոկոսով:

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թվաքանակը կհասնի 50 միլիոնի (2010 թվականին Թուրքիա է այցելել 26.7 միլիոն զբոսաշրջիկ: Այդ ցուցանիշով Թուրքիան աշխարհում զբաղեցրել է 7-րդ տեղը, իսկ զբոսաշրջությունից ստացված եկամուտների ցուցանիշով` 9-րդ տեղը: Կանխատեսվում է, որ այս տարի Թուրքիա կայեցելի 30 միլիոն զբոսաշրջիկ, որոնք 25 միլիարդ դոլարի եկամուտ կապահովեն երկրին): Զարկ է տրվելու հողագործությանը (ներկայումս այդ նպատակին է ծառայում Թուրքիայի տարածքի միայն 1/3-ը: Այդ ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում զբաղեցնում է 2-րդ, իսկ Ասիայում` 4-րդ տեղը):

2023 թվականին Թուրքիան անօդաչու թռչող սարքերի (հետախուզական ինքնաթիռ) արտադրության ոլորտում գրավելու է 3-րդ տեղը` զիջելով միայն ԱՄՆ-ին ու Իսրայելին: Ավարտին կհասցվեն ներքին պատերազմների համար նախատեսված ATAK ուղղաթիռի նախագծման բոլոր աշխատանքները: Դրա արտադրությունը կսկսվի 2013 թվականին:

Մինչև 2023 թվականը կարտադրվի սեփական քաղաքացիական ինքնաթիռը, որը նախատեսված է Թուրքիայի ներսում թռիչքներ իրականացնելու համար: Դրանով հնարավոր կլինի ավտոբուսների գներով Թուրքիայի ցանկացած վայրից մյուս վայր հասնել մեկ ժամից էլ պակաս ժամանակահատվածում:

Ավելացվելու են ներկայումս գործող 46 օդանավակայանների քանակը (այլ տվյալներով դրանց քանակն արդեն իսկ հասել է 120-ի): Դրանց տարեկան հզորությունը կկազմի 165 միլիոն մարդ, որոնք ներկայումս գործող օդանավակայանների հետ տարեկան կկարողանան սպասարկել 400 միլիոն մարդու:

Մինչև 2023 թվականը կառուցվելու են 7500 կիլոմետր ընդհանուր երկարությամբ նոր ավտոճանապարհներ և ճեպընթացների համար նախատեսված 10.000 կիլոմետր երկարությամբ նոր երկաթուղային գծեր, որոնցից 3500-ը` մինչև 2015 թվականը, իսկ 6500-ը` մինչև 2019 թվականը (ներկայումս Թուրքիայի ավտոճանապարհների երկարությունը կազմում է 450.000 կիլոմետր, իսկ երկաթգծերինը` 10.984 կիլոմետր): Սևծովյան նեղուցների վրա կառուցվելու են 3 նոր կամուրջներ:

Նախադպրոցական և դպրոցական կրթության միահյուսման շնորհիվ պարտադիր կրթությունը դառնալու է 13 տարի (ներկայումս գործում է «8+4» տարի ձևաչափը), ավելանալու է ուսուցիչների թվաքանակը: 2023 թվականին մասնագիտացված վարժարանների տոկոսային հարաբերակցությունը կազմելու է 65 տոկոս (2002 թվականին գործում էր 6065 վարժարան, որոնցից 3428 –ը մասնագիտացված էին, իսկ 2637-ը` ընդհանուր):

Մինչև 2023 թվականը բժիշկների թվաքանակը 120.000-ից կհասցվի 200.000-ի: Ներկայումս Թուրքիայում ծխողների 27 տոկոսանոց ցուցանիշը կնվազեցվի մինչև 13 տոկոսի: Կարիքավոր ընտանիքների համար կկառուցվեն ավելի քան 100.000 բնակարաններ, նրանց ամսեկան կհատկացվի 100 թուրքական լիրա (ավելի քան 65 ամերիկյան դոլար), աղքատության մակարդակը կնվազի մինչև 10 տոկոսի: Ընդհանուր առմամբ կառուցվելու է 1 միլիոն բնակարան:

Հատուկ ուշադրություն է հատկացվելու 100.000 և ավելի բնակչություն ունեցող քաղաքների խնդիրներին: Ստամբուլի եվրոպական ու ասիական հատվածներում կառուցվելու են նոր «քաղաքներ»: 2 տարվա ընթացքում Անկարայի մետրոպոլիտենի համար կառուցվելու է 44 կիլոմետրանոց նոր երկաթգիծ: Անկարայի «Էսենբողա» օդանավակայանը քաղաքի կենտրոնի հետ կապվելու է երկաթգծով: Իզմիրը կդառնա աշխարհի խոշորագույն 10 նավահանգիստներից մեկը»:

«Մինչև 2023 թվականը կառուցել «թուրքական Սուեզի ջրանցքը»: Ջրանցքը մեկնարկելու է սևծովյան Սամսուն քաղաքից 15 կիլոմետր դեպի արևելք ընկած հատվածից, ապա անցնելու է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայրենի Քայսերի քաղաքից մոտ 50 կիլոմետր դեպի արևելք ընկած հատվածով և ի վերջո հանգրվանելու է Ադանայի վիլայեթի Յումուրթալըք քաղաքում` Միջերկրական ծով: Ջրանցքն անցնելու է ծովի մակերևույթից 1000-1400 մետր բարձրություն ունեցող տարածքներով:

Անատոլիայի մեջտեղով անցնելիք այդ ջրանցքով միաժամանակ կարող են երթևեկել միջին մեծության երկու նավեր: Ջրանցքն ունենալու է մոտ 500 կիլոմետր երկարություն, 80 մետր լայնություն և 22 մետր խորություն»:

Սրանք են Թուրքիայի վարչապետի ապագա ծրագրերը` նախընտրական խոստումներում:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն