Իգոր Լևիտին. Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների ծավալն աճել է 40 տոկոսով
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինն այսօր Երևանում անցկացված «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» թեմայով առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում նշեց, որ վերջին տարիներին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները հաջողվել է բարձրացնել նոր մակարդակի վրա:
«Միջտարածաշրջանային համագործակցությունը երկու երկրների միջև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ամենակարևոր ուղղություններից մեկն է, որը նոր լիցք կհաղորդի տնտեսական ոլորտում կապերի զարգացմանը»,-ասաց Ի.Լևիտինը:
Ըստ նրա, զգալիորեն ընդլայնվել է առևտրաշրջանառությունը: Նրա խոսքերով, նախորդ տարի հաջողվեց հաղթահարել ճգնաժամի բացասական հետևանքները և հասնել առևտրաշրջանառության կայուն աճի։ Մասնավորապես, նախորդ տարի Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների ծավալն աճել է 40 տոկոսով, իսկ այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 12,6 տոկոսով:
Նա նաև ներկայացրեց մի շարք ծրագրեր, որոնք իրականացվել են 2010թ.-ին: Անդրադառնալով այս տարի համատեղ իրականացվելիք ծրագրերին, Ի. Լևիտինը նշեց, որ նախատեսվում է երկկողմ բանակցություններ սկսել ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ: Նշվեց նաև, որ այս տարվա երրորդ եռամսյակում Ռուսաստանի շրջաններից մեկում կկայանա հայ-ռուսական հերթական միջկառավարական հանդիպումը:
ArmAr.am












