Ժողովրդական հուզումները Սիրիայում չեն դադարում
Սիրիայի իշխանությունները հանել են երկրում 1963թ.–ից գործող արտակարգ դրությունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պետական ԶԼՄ–ները։
Ավելի վաղ երկրի նախագահ Բաշար ալ Ասադը խոստացել էր հանել երկրում գործող արտակարգ դրությունը, ինչպես նաև բարեփոխումներ անցկացնել իրավապահ և դատական համակարգերում, ազատություն տալ մամուլին, միջոցներ ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարելու համար և ստեղծել նոր աշխատատեղեր։
Չնայած նախագահի այդ խոստումներին՝ ժողովրդական հուզումները Սիրիայում չեն դադարում։ Վերջին օրերին, իրավապաշտպանների տվյալներով, Հոմսում իսկական արյունահեղություն է կատարվում։ Հաղորդվում էր, որ ցուցարարին ցրելու համար գործողություններն անցկացնում է 4-րդ էլիտար դիվիզիայի հրամանատար Մահեր Ասադը՝ նախագահ Բաշար ալ Ասադի եղբայրը։ Բանակը շրջափակման մեջ է վերցրել Հոմսը և նրա շրջակայքը, քաղաքում հեռախոսակապն անջատված է։ Ականատեսների խոսքերով՝ բախումների հետևաքնով զոհերի և վիրավորների թիվը հասնում է 30-ի։
Ժողովրդական հուզումները Սիրիայում սկսվել են մարտի 18-ին՝ Հորդանանի հետ սահմանակից Դարաա քաղաքում։ Այդ հուզումների համար խթան հանդիսացան մի խումբ աշակերտների ձերբակալությունները. վերջիններս ձերբակալվել էին պատերին հակակառավարական կարգախոսներ գրելու համար: Դրանից հետո մարդիկ փողոց դուրս եկան՝ պահանջելով ազատ արձակել նրանց։ Բողոքի ակցիաներն այնուհետ ընդգրկեցին երկրի այլ շրջաններ։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 200 մարդ է զոհվել:












