Բյուլբյուլօղլուն ակամայից հաստատել է Պարգեւ սրբազանի խոսքերը
«Բի-բի-սի»- ի ռուսական ծառայությունը «Բաց չթողնեք» իր ավանդական խորագրի ներքո այսօր զետեղել է ռեպորտաժ Արցախի Հանրապետության մասին: «Ղարաբաղ. պատմությունը գրվում է երկու տարբերակով» անունը կրող 10 րոպեանոց ֆիլմում ներկայացվում է արցախյան իրականությունը, կա նաեւ անդրադարձ հակամարտության արմատներին:
Լրագրողը ներկայացրել է դիրքորոշումներ հակամարտող կողմերից: Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանը ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների եւ ներկայացվող առավելագույն պահանջների վրա` ընդգծելով, որ ցանկացած հակամարտություն ենթադրում է փոխզիջում, մինչդեռ Բաքուն պատրաստ չէ դրան:
Ֆիլմի մյուս բանախոսը՝ Փոլադ Բյուլբյուլօղլուն՝ `ներկայումս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը, ակամայից հաստատելով Պարգեւ սրբազանի խոսքերը, ակնարկում է ադրբեջանական հասարակությունում առկա ագրեսիվ տրամադրությունների մասին:
Վլադիմիր Կազիմիրովը` 1992-1996 թթ Ղարաբաղի հարցով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը, իր հերթին ռեպորտաժում համոզմունք է հայտնում, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի:
«Պետք է բացառել խնդրի լուծումը ռազմական ճանապարհով կարգավորելու հեռանկարը, եւ կողմերը այլընտրանք չեն ունենա, այն կկարգավորեն բանակցային սեղանի շուրջ»,- նշում է ռուս դիվանագետը:
ArmAr.am












