«Մենք ձեզ ենք փոխանցում մեր գիտելիքն ու փորձը, օգտվե’ք դրանից». Ռալֆ Յիրիկյան
Ապրիլի 19-ից 21-ը ընկերության գլխամասային գրասենյակում նեղ մասնագիտացմամբ դասընթաց
էր կազմակերպվել հայաստանյան բուհերի տեխնիկական ֆակուլտետների 54 ուսանողի համար:
Ռադիոյի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետների երրորդ և
ավելի բարձր կուրսերի ուսանողները մասնակցեցին տեխնիկական դպրոցի դասընթացներին:
Դասընթացին ուսանողներին ներկայացվեցին հեռահաղորդակցության տեխնոլոգիաների
հիմունքները` անլար ցանցերի արագ և դինամիկ զարգացող ճյուղի օրինակով: Ուսանողներին
ներկայացվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ում կիրառվող տեխնոլոգիաները, այդ թվում` GSM, GPRS/EDGE,
WCDMA/UMTS, HSPA+, 4G/LTE: Մասնավորապես, ուսանողներն ավելի խորությամբ ծանոթացան
HSDPA (High Speed Downlink Packet Access) և HSUPA (High Speed Uplink Packet Access),
ինչպես նաև HSPA+ և 4G տեխնոլոգիաներին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի համապատասխան մասնագետները նաև ներկայացրեցին շարժական
հեռահաղորդակցության համակարգի հիմնական տարրերին, ինչպիսիք են ռադիո հասանելիության
ցանցը (Radio Access Network) և ցանցերի փոխկապակցման ենթահամակարգը (Network Switching
Subsystem): Բացի այդ, ուսանողները նաև ծանոթացան տեղանքի տեղակայման և կայանների
շահագործման տեխնիկային և գործիքներին:
Դասընթացի վերջին օրը դպրոցի ունկնդիրներն այցելեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի բազային կայաններից
մեկը:
Տեսական գիտելիքների հարստացմանն ուղղված այս դասընթացի ուսումնական ծրագիրը կազմվել է
մասնակիցների մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Մասնակիցների թվում Գորիսի
պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի և դրա Իջևանի մասնաճյուղի, Պետական
ճարտարագիտական համալսարանի, այդ թվում` Կապանի մասնաճյուղի, Վանաձորի պետական
մանկավարժական համալսարանի, Վիճակագրության և տեղեկատվության Մոսկվայի պետական
համալսարանի, Իրավունքի և տնտեսագիտության Սանկտ Պետերբուրգի համալսարանի, Հայաստանի
ամերիկյան համալսարանի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներ էին:
«Մենք ձեզ ենք փոխանցում մեր գիտելիքն ու փորձը. օգտվեք դրանից»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի
գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` դիմելով ուսանողությանը: «Մենք հավատացած ենք, որ մեր
երիտասարդությունն ունի հսկայական չիրացված ներուժ և մենք պատրաստ ենք օգնել նրանց`
հնարավորություն ընձեռելով մեր ընկերությունում ստանալ գործնական
գիտելիքներ»,-ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:
Դասընթացի ավարտին կայացած հատուկ արարողության ընթացքում տեխնիկական դպրոցի
ուսանողներին շնորհվեցին ավարտական վկայականներ:
Նույն արարողությանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ նվերներ և աշխատակիցների գնահատման
վկայականներ շնորհվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում
իրավաբանական թեմայով էսսեների 2010-ի նոյեմբերի 10-ին բուհերի ուսանողների համար
հայտարարված մրցույթի հաղթողներին: Հաղթող երեք ուսանողները ստացան HTC Wildfire
սմարթֆոններ, ինչպես նաև ընկերությունում մասնագիտական պրակտիկա անցնելու
հնարավորություն: Հաղթող աշխատանքները հասանելի կլինեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարիերայի
զարգացման ծրագրի կայքում, ինչպես նաև ընկերության գրադարանում:












