«Ծաղկահավաքը» ապրիլի 27-ին
Ծիծեռնակաբերդ. հուշարձան, որը վեր բարձրացավ Երևանում՝ համանուն բլրի վրա` 1968 թվականին. այն նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ օրվանից սկսած ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ ծաղիկներ դնելու Անմար կրակի շուրջ: Ապրիլի 24-ից հետո Ծիծեռնակաբերդում հավաքված միլիոնավոր ծաղիկներն ամեն տարի հուշահամալիրից հեռացվում էին` որպես աղբ: Անցած տարի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հանդես եկավ մի նախաձեռնությամբ:
2010 թվականին Հիմնադրամն առաջարկեց անմեղ զոհերի հիշատակին նվիրաբերված բոլոր ծաղիկների հավաքման և հետագա կիրառման այլընտրանքային, առավել օգտակար, խորհրդանշական ու բնապահպանական տարբերակ:
Այսուհետ, միջոցառման շրջանակում բոլոր ծաղիկները խնամքով կհավաքվեն և կտեղափոխվեն հուշարձանի հետնամաս, այնտեղ էլ կառանձնացվեն ցողունները ու ծաղկաթերթիկները: Ծաղկի ցողուններից կպատրաստվի պարարտախառնուրդ` հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկի չորացված թերթիկները «Արևորդի» էկո – ակումբների սաները կօգտագործեն թղթի վերամշակման և ձեռքով պատրաստված բացիկների ձևավորման համար:
Այդ թուղթը կտրամադրվի նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` հուշագրեր, շնորհակալագրեր եւ հրավիրատոմսեր պատրաստելու համար: Ծաղիկների վերամշակման աշխատանքներն իրականացվում են անհատ կամավորների և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով:
Այս տարի աշխատանքներին կմասնակցեն շուրջ 300 կամավորներ, որոնց թվում կարող եք լինել նաև Դուք և Ձեր ընկերները: «Ծաղկահավաքը» տեղի կունենա ապրիլի 27-ին:
Նշեմ նաև, որ աշխատանքներին մասնակցող բոլոր խմբերը Հիմնադրամի կողմից կստանան մասնակցության վկայականներ և Մեծ Եղեռնի հուշահամալիրը պատկերող խորհրդանշական հուշամեդալներ:
Մի քանի խոսք հիմնադրամի մասին: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հիմնադրվել է 2001թ.-ին, հիմնադիր` բնապահպանական ֆիլմերի ռեժիսոր` Ռուբեն Խաչատրյան: Հիմնադրամի հիմնական նպատակն է Հայաստանի բնապահպանական խնդիրների վեր բարձրացումը: Այն այսօր համարվում է Հայաստանի ամենախոշոր բնապահպանական կազմակերպությունը: Հիմնադրամի գործունեության ծախսերի (80%) տրամադրվում է հայկական մասնավոր հատվածի կողմից: Հիմնադրամը համագործակցում է տարբեր ոլորտների (մեդիա, բնապահպանկան իրավունք, կենսաբազմազանություն) առաջատար մասնագետների հետ: Ավելին, Հիմնադրամը սերտ համագործակցում է Հայաստանի բոլոր մարզերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների` GTZ, ԵԱՀԿ, UNICEF , համագործակցություն կա նաև Կրթության Ազգային ինստիտուտի և Բնապահպանության նախարարության հետ:
Իսկ ահա «Արևորդին» Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ստեղծած բրենդն է, որի ներքո Հիմնադրամն իրականացնում է կրթական և տեղեկատվական նախաձեռնություններ: Այժմ ՀՀ- ում կա շուրջ 600 արևորդիներ: Նրանք 12-16 տարեկան հայ պարմանիներ ու պարմանուհիներ են, որոնք ակտիվ են և մտահոգված իրենց հայրենիքով: Հետևյալ նախաձեռնությունն ևս անց է կացվում նրանց ակտիվ մասնակցությամբ:
ArmAr.am












