Տնկիր քո ծառը քո երկրում
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գլխավոր
գործընկեր Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ
2008 թ-ից սկսած ամեն տարվա ապրիլին իրականացնում է Երկրի Օրվան նվիրված բնապահպանական
մեծ քարոզարշավ: Ապրիլի 1-ին մեկնարկած քարոզարշավը «Տնկիր քո ծառը քո երկրում»
կարգախոսը այս տարի էլ «գործի է դրել» Երեւանում եւ ՀՀ գրեթե բոլոր մարզերում:
«Երկրի օր-2011» քարոզարշավի ծրագրի մասին այսօր «Մոսկվայի տուն» մշակութագործարարական
կենտրոնում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի
գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և FPWC-ի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Բնապահպանական քարոզարշավը հանրության առավել լայն շերտերին հասու դարձնելու նպատակով
Հիմնադրամը թողարկել է հեռուստատեսային սոցիալական հոլովակ: Ճանաչված մարդիկ` հանրահայտ
արտիստներից ու երաժիշտներից մինչեւ առաջատար ընկերությունների ղեկավարներ, միացել են
քարոզարշավին եւ սոցիալական հոլովակում պատմում են «իրենց» Երկրի օրվա մասին:
«Բոլորս պետք է երիտասարդ սերնդի մեջ սերմանենք այն մտածողությունը, որ մեր երկրի
մեծագույն հարստությունը բնության բարիքներն են: Այդ բարիքները, սակայն, սահմանափակ են,
եւ հարկ է, որ խնայողաբար վերաբերվենք դրանց: Այս է պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը` որպես
գործարար կառույց, եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը
շարունակաբար միավորում են իրենց ջանքերը երեխաներին բնապահպանական միջոցառումների
շուրջ համախմբելու գործում: Մեր կրթական ծրագրերում մենք նախընտրում ենք ոչ այնքան
տեսական դասընթացները, որքան գործնական միջոցառումները` դրանք համարելով կենսակերպի
ձեւավորման առավել իրտեսական մոտեցում»,- նշում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր
տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Երկրի օր-2011» քարոզարշավի օրակարգը բազմազան է ու բազմաշերտ` աղբի հավաքման, տարածքի
մաքրման աշխատանքներ, ծառատունկեր, լուսանկարներչական մրցույթ («Իմ անտառը») եւ ոլորտի
վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացմանը միտված այլ միջոցառումներ:
Ասուլիսից հետո Մոսկվայի տանը տեղի ունեցավ հինադրամի ստեղծած «95 ծառ» ֆիլմի անդրանիկ
ցուցադրությունը: Ֆիլմը 30 րոպե տեւողությամբ վավերագրական է, որ պատմում է 95
տնկիների` Արեւմտյան Հայաստանից դեպի Երեւան կատարած հուզիչ ուղեւորության մասին:
Հիմնադրամի նախաձեռնությամբ Արեւմտյան Հայաստանի տարբեր քաղաքներից բերված հենց այդ
տնկիները 2010 թ-ին, որպես Ցեղասպանության 95-րդ տարելիցի յուրօրինակ խորհրդանիշ,
համալրեցին Ծիծեռնակաբերդի «Հուշերի պուրակը»:
Այս տարի, կամավորական աշխատանքներից զատ, մարդիկ Հայաստանը կանաչապատելու ծրագրին
հնարավոր է միանալ նաեւ պարզապես հանգանակություն կատարելով ծառի համար:
Նվիրատվությունը կարելի է անել ինչպես ինտերնետային «Paypal» մեթոդով, այնպես էլ կարճ
հաղորդագրությամբ: «Paypal» վճարումները կարելի է անել նաեւ Հիմնադրամի պաշտոնական
կայքէջից (www.sunchid.org)` սեղմելով «Տնկիր քո ծառը» կոճակը:
Տասից ավելի ծառի նվիրատվություն անող մարդկանց անունները հատուկ ցուցատախտակներով
կնշվեն ծառատունկի տարածքում: Նրանք նաեւ ձեռքով վերամշակված թղթի վրա տպագրված հատուկ
վկայագրեր կստանան: Այս ձեռքով պատրաստված թղթերը Հիմնադրամի «Արեւորդի» էկո-ակումբների
սաների աշխատանքի արդյունքն են: Հանգանակություն արած մարդիկ կարող են գտնել իրենց ծառը
Հիմնադրամի կայքէջում տեղադրված հատուկ էլեկտրոնային քարտեզի միջոցով:
«Երկրի օր-2011» քարոզարշավի ամենանշանակալի միոցառումներից մեկը կլինի ապրիլի 27-ին,
այս տարի արդեն 2-րդ անգամ, Հայոց ցեղասպանության հիշատակման օրը Ծիծեռնակաբերդի
հուշահամալիրում հավաքված ծաղիկները կվերամշակվեն: Ըստ նախաձեռնության` ծաղկի
ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ` հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ
ծաղկի չորացված թերթիկները «Արևորդի» էկո-ակումբների սաները օգտագործում են թղթի
վերամշակման և ձեռքով պատրաստված բացիկների ձևավորման համար: Այդ թուղթն է օգտագործվում
նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը` հուշագրեր, շնորհակալագրեր եւ
հրավիրատոմսեր պատրաստելու համար: Հիմնադրամն այս նախաձեռնությամբ փորձ է անում ամեն
տարի Ծիծեռնակաբերդում հավաքվող հազարավոր ծաղիկների` հետագայում աղբ դառնալու խնդրին
առավել պատշաճ, բնապահպանական եւ ստեղծագործ լուծում առաջարկել:
«Երկրի օր-2011» քարոզարշավն այս տարի կամփոփվի մայիսի 8-ին Եռաբլուրում անցկացվող
հանդիսավոր ծառատունկով: Արարողությանը մասնակցելու հրավիրված պետական կառույցների,
առաջատար ընկերությունների, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներն այդ
օրը հիշատակի ծառ կտնկեն հանուն խաղաղության:












