Գլխավոր » Genocide, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Դիմում-առաջարկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին

Ապրիլ 24, 2011թ. 09:45

Pan Ki munՄիավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին

Մեծարգո պարոն գլխավոր քարտուղար,

20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությանն ու տեղահանությանը զուգընթաց` երիտթուրքական կառավարությունը կանխամտածված եւ ծրագրավորված ոչնչացրեց նաև հայկական քրիստոնեական քաղաքակրթության` մշակութային և նյութական արժեքները:

Թուրքական կառավարությունը, որ 1912-1913թթ նկատելի հետաքրքրություն էր ցուցաբերում հայկական եկեղեցիների, վանքերի քանակի, նրանցում պահպանվող ազգային, հոգևոր հարստությունների նկատմամբ, հրահանգում է Կ.Պոլսո հայոց Պատրիարքարանին մանրամասնորեն ցուցակագրել դրանք,  ինչը պայմանավորված էր արևմտահայության  ցեղասպանության պետական քաղաքական  ծրագրի ծածուկ մշակմամբ: Ի դեպ, հայոց Պատրիարքարանի կողմից կազմված պաշտոնական փաստաթուղթի համաձայն Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցել է 2500-ը:

Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը  Հայոց ցեղասպանության տարբեր փուլերում, ու նաև մինչ օրս նպատակամղված ոչնչացրել, թալանել ու ավերել է հայոց եկեղեցիներն ու վանքերը:

Հայկական ճարտարապետական շինությունները հետևողականորեն պայթեցվել են, որպես թիրախ օգտագործվել թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, իսկ քարերն օգտագործվել և օգտագործվում են որպես շինանյութ: Շատ դեպքերում հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների:

Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում ստեղծել է պատմությանը, գրականությանը, արվեստին, բնական գիտություններին վերաբերող տասնյակ հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնք մեր ժողովրդի ազգային, մշակութային հարստություն էին: Սակայն 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին  Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից ծրագրված հստակ քաղաքականության հետևանքով ոչնչացվեցին  հազարավոր հազվագյուտ ձեռագիր մատյաններ` անփոխարինելի աստվածաշնչեր, սաղմոսներ, ճառընտիրներ, օրացույցներ, կանոնագրքեր, պատմական, փիլիսոփայական բնույթի գրքեր և հայկական մանրանկարչության գլուխգործոցներ…

Ոչնչացված մշակութային արժեքների թվաքանակը` մոտավոր հաշվարկներով կազմում է 20-25 000:

Կորստի մեծությունն այնքան ահավոր է, որ չափազանց դժվար է որոշել եկեղեցական ու վանական հաստատությունների, մշակութային ու արվեստի գանձերի նյութական     իրական արժեքը: Այդուհանդերձ, մոտավոր հաշվարկների համաձայն, Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի ու Օսմանյան կայսրության ողջ տարածքում գտնված հայ վանական ու եկեղեցական շինությունների,  արվեստի ոչնչացված գործերի մոտավոր արժեքը, իր ժամանակների հաշվարկով, կազմել է նվազագույնը մեկ միլիարդ դոլար: Սակայն հայկական հուշարձանների ոգեղեն արժեքների մեծ մասի կորուստն ու կողոպուտը անհնար է արտահայտել դոլարներով:

Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովրդի դեմ իրականացվեց մշակութային արժեքների սպանդ` Էթնոցիդ, ինչպես նաև լեզվական ցեղասպանություն` լինգվոցիդ: Իսկ մշակույթի բարձրագույն արտահայտությունը, ավելին` ժողովրդի լինելության հիմքը, լեզուն է: 1915 թվականին թուրքական կառավարության տարածած ներքին  հրահանգով հայերին արգելվեց սեփական հայրենիքում խոսել հայերեն: Լեզվաոչնչացումը ևս թուրքական պետական քաղաքական ծրագրի բաղկացուցիչ մաս էր: Ոչնչացումից փրկվելու համար բազմաթիվ հայեր ստիպված եղան մոռանալ մայրենին, կրոնափոխ լինել: Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդը, փաստորեն, կորցրեց իր երկրորդ գրական լեզուն` արևմտահայերենը, ինչպես նաև բազմաթիվ բարբառներ:

Մշակութային ցեղասպանության դրսևորում է նաև Արևմտյան Հայաստանում արդեն մեկ դար շարունակվող տեղանունների թրքացումը (Տոպոնիմ), որը եղել և մնում է թուրքական  կառավարության քաղաքականության բաղադրիչ մասը: Տեղանունները ազգի հիշողությունն են, պատմական իրականություն, ուստի և թուրքական կառավարությունը գնաց դրանց նենգափոխման ճանապարհով` հնարավոր բոլոր մեթոդներով վերացնել բնիկ հայ ժողովրդի հետքն իր հայրենիքում` Արևմտյան Հայաստանում:    1915 թվականի հունվարին Թուրքիայի ռազմական նախարար Էնվեր փաշան հրաման արձակեց, որի առաջին կետում գրված էր` օսմանյան  տերության մեջ անվանափոխել հայերեն, հունարեն, բուլղարերեն աշխարհագրական բոլոր անվանումները. ոչինչ չպետք է հիշեցնի ոչ մուսուլման ժողովրդի գոյությունը: Հետագա տարիներին էնվերի հրամանը դարձավ պատգամ Թուրքիայի բոլոր իշխանությունների համար`  անկախ այն բանից, թե այդ ժամանակ ով էր իշխանության ղեկին` հրահանգը սրբորեն կատարվում էր:  Դրա տրամաբանական շարունակությունը 1957 թվականին տեղանունների փոփոխության պետական հանձնաժողովի ստեղծումն էր: Մոտ 30 000 հայկական տեղանուն է անվանափոխվել:

Այսպիսով, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կամ դրա յուրացումը հայերի դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների համաձայն` 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն:

Մշակութային այս վիթխարի կորուստը դուրս է գալիս ազգային սահմաններից և ստանում միջազգային նշանակություն, որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն:

Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջմամբ վերացումն է, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումը: Սակայն «Ազգային-մշակութային ցեղասպանություն» հասկացությունը, անհասկանալիորեն տեղ չի գտել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948թ.դեկտեմբերի 9-ի կոնվենցիայում:

Այդ «բացթողման» հետևանքը եղավ այն, որ առ այսօր քաղաքակիրթ աշխարհում  շարունակվում է իրականացվել մշակութային ցեղասպանություն, մասնավորապես, ուղղված հին քաղաքակրթությունների, հին ազգերի մշակույթների նկատմամբ:

Հիշենք. Բուդդայի արձանների ոչնչացումը, Բաղդադի  հնագիտական հավաքածուների թալանն ու կողոպուտը, Ադրբեջանի բանակի ձեռքով իրականացված Նախիջևանի հայկական խաչքարերի ոչնչացումը, Կոսովոյում սերբական հուշարձանների ավերումն ու ոչնչացումը, Հարավային Կորեայի հոգևոր կենտրոնատեղիի՝ Հարավային դարպասների հրկիզումը: Օրինակները շատ են:

Ոստի, դիմում ենք Միավորված Ազգերի Կազմակերպությանը` ժամանակակից աշխարհում միջազգային հարաբերությունների և միջազգային համակեցության կանոնների երաշխավոր կառույցին` Մշակութային ցեղասպանությունը դատապարտող միջազգային կոնվենցիա ընդունելու պահանջով:

«Հայրենականչ » հասարակական կազամակերպության գործադիր խորհուրդ

ArmAr.am


Դիտել Genocide, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն