Գլխավոր » Genocide, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Ցեղասպանություն

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Ապրիլ 24, 2011թ. 10:29

SargsyanՍիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ապրիլի 24-ն է, եւ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

1915-1923 թվականներին հայության, մարդկության ու քաղաքակրթության դեմ կատարվել է ոճիր, որ այդ ժամանակ դեռ անուն չուներ: Հետագայում տրված բոլոր անուններն ու բնորոշումները` լինեն բարոյական, իրավական, թե քաղաքական, պայմանական են եւ միայն մասնակիորեն են արտահայտում կատարվածը: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտենք միայն մենք, եւ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ գտնվի, իր անձնական ճակատագրի վրա է զգում Մեծ եղեռնի ավերիչ հետեւանքները թե՛ բարոյական, թե՛ մշակութային, թե՛ լեզվական եւ թե՛ քաղաքական առումներով:

Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման եւ հայրենազրկման ծրագիր: Դրա իրականացման բոլոր փուլերում հայերի սպանդը, բռնագաղթը, կրոնափոխությունն ու ստրկացումը Թուրքիայի ներքին կյանքում դիտվել են որպես սովորական, կենցաղային մանրուքներ: Իսկ արտաքին միջամտությունները ո՛չ միայն չեն կանգնեցրել հանցագործներին, այլեւ առանձին դեպքերում վերջիններիս մղել են ավելի կտրուկ գործողությունների:

Բայց հակառակ բոլոր հրեշավոր ծրագրերի ու հաշվարկների` հայ ժողովուրդը վերապրեց Մեծ եղեռնը: Վերապրեց անդառնալի կորուստներով, մաքառեց 20-րդ դարում իրեն բաժին ընկած այլ արհավիրքների դեմ, որպեսզի իր հաղթանակած անկախ պետականությամբ մուտք գործի նոր հազարամյակ: Պետականություն, որ այլեւս թույլ չի տալու նման հանցագործության կրկնություն: Պետականություն, որ պաշտպանելու է իր արդար դատը եւ միջազգային ատյաններում պայքարելու է ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու պատժման համար:

Եթե նախորդ դարի 20-ական թվականներին մեր ազգի եւ երկրի առջեւ ծառացած էր չմեռնելու, աշխարհի երեսից չվերանալու, վերապրելու խնդիր, ապա մերօրյա Հայաստանի խնդիրներն այլ են: Մեր առջեւ բացված են պատմական ճշմարտության վերականգնման, զարգացման, առաջընթացի եւ արարելու լայն հորիզոններ:

Հայաստանի Հանրապետությունն իր գործնական քայլերով հստակորեն ցույց է տվել, որ ինքը, չնայած պատմության սեւ էջերին, ձգտում է խաղաղության իր հարեւանների հետ, նույն Թուրքիայի հետ: Այնտեղ այսօր, առավել քան երբեւէ, հնչում են ողջախոհության ձայներ: Մենք բարձր ենք գնահատում ինչպես անհատ թուրք մտավորականներին, այնպես էլ հանուն արդարության իրենց ձայնը բարձրացնող ազնիվ մարդկանց, որոնք քիչ չեն աշխարհում:

Սակայն, դրանով հանդերձ, Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը շարունակում է մերժման ուղեգիծը: Ավելին` այն «կատարելագործվում է», եւ դառնում է իբր «ավելի ճկուն», նախաձեռնվում են եզակի ձեւական-քարոզչական քայլեր: Մեզ համար միարժեք է հետեւյալը. ուրացման քաղաքականությունը եղեռնի ամենաուղղակի շարունակությունն է: Հանցագործության հետքերը սրբելու յուրաքանչյուր փորձ նոր հանցագործություն է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ոճրագործ ծրագրի իրականացման ողջ ընթացքում եւ տարածքում հայերը պաշտպանվեցին ինչպես կարող էին եւ ինչով կարող էին` քարով, ատամներով, հրացանով: Բայց մեծ մասը մնաց անպաշտպան: Սա դաս է: Դառը դաս:

Ես վստահ եմ, որ այսօր, ինչպես ամեն տարի, չի դադարի մարդկային հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք` գլուխ խոնարհելու մեր անմեղ զոհերի հիշատակի առջեւ: Բայց նաեւ գիտեմ ու վստահ եմ, որ այդ հոսքն արդեն ներառում է ուրի՛շ հայերի` դասեր քաղած հայերի:


Դիտել Genocide, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն