Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Սոֆիայի Երևանյան պուրակում սկսվեց Հայոց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված հավաքը

Ապրիլ 27, 2011թ. 14:00

Ապրիլի 24-ին Բուլղարիայում Հայաստանի դեսպանը և դեսպանության անձնակազմը, Սոֆիայի եկեղեցական և թեմական խորհրդի, բոլոր հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Սուրբ Զատիկի արարողությունից հետո Սոֆիայի հայկական եկեղեցուց` եռագույն դրոշներով և Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներով, երթով շարժվեցին դեպի Երևանյան պուրակում տեղադրված Հայկական խաչքար: Երևանյան պուրակում` խաչքարի մոտ, Հայաստանի Հանրապետության օրհներգով սկսվեց Հայոց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված հավաքը: Տեղի ունեցավ սգո պատարագ, լռության րոպե, պսակի զետեղման և մոմավառության արարողություն:

Հանրահավաքին ելույթներով հանդես եկան Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը, «Երևան» թերթի գլխավոր խմբագիր, Բուլղարիայի «Հայ Դատի» հանձնախմբի անդամ տիկին Վարդանուշ Թոփաքբաշյանը, բուլղարական «ԼԵՎՐԵՊԵՈ» ամսագրի խմբագիր և քաղաքական մեկնաբան Լյուբեն Դիլովը:

Հայաստանի դեսպանը նշեց, որ մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը առ այսօր միջազգային ողջ հանրության կողմից չի դատապարտվել, թեև շատ երկրներ` Ռուսաստանը, Ֆրանսիան, Եվրախորհուրդը, եվրոպական մի շարք երկրներ, Հարավային Ամերիկայի և ԱՄՆ մի քանի նահանգներ արդեն իրենց ճշմարիտ խոսքն են ասել: Իր ելույթում դեսպանը կարևորեց նաև Բուլղարիայի Հանրապետության մի շարք քաղաքային և համայնքային խորհուրդների կողմից 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ արդեն մեկ տասնյակից ավելի ընդունված որոշումները և հերթով թվարկեց դրանք` Պլովդիվ, Բուրգաս, Ստառա Զագոռա, Նովա Զագոռա, Ռուսեգ, Սիլիստրա, Կազանլըկ, Մալկո Տռնովո, Ալֆատար, Լյասկովեց, Պազարջիկ:

Հավաքին ներկա էին Հայ առաքելական եկեղեցու թեմական խորհրդի նախագահը և անդամները, ԲՀ ԲԺԺ պատգամավորներ, Սբ. Կլիմենտ Օրհիդսկի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայագիտական բաժնի դասախոսներ և ուսանողներ, Սոֆիայում գործող բուլղարահայ ազգային մարմինների, կրթամշակութային և այլ կազմակերպությունների, ԶԼՄ ներկայացուցիչները, մտավորականներ և գործարարներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն