Ուխտագնացություն Թաթուլ Կրպեյանի շիրիմին
Ուխտագնացության գաղափարը ծնվեց 2010 թվականի նոյեմբերին, երբ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներ Գոռ Նազարյանը, Էրիկ Դավթյանն ու Էդգար Էլբակյանը, վերջինիս նախաձեռնությամբ, որոշեցին «աշխարհիկ ուխտագնացություն» կազմակերպել ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի շիրիմին: Թաթուլի շիրիմը գտնվում է Թաթուլ (Արեգ) գյուղում, որը Թալին քաղաքից հեռու է 5 կիլոմետրով:
Թալինից դեպի Թաթուլ գյուղ ուղևորությունը որոշվեց իրականացնել ոտքով:
Գաղափարն ընդունվեց նաև այլ ուսանողների կողմից, և ուխտագնացությանը որոշեցին միանալ ուսանողներ Ալեն Շադունցը, Վահագն Ռափյանը, Նարեկը Հարությունյանը, Դավիթ Քյարունցը, Վարդինե Մարուքյանը:
Ապրիլի 20-ին առավոտյան ժամը 10:00-ին խումբը, Արարատյան թեմի Սուրբ Սարգիս եկեղեցում ստանալով հայոց եկեղեցու օրհնությունը, ճանապարհ ընկավ:
Ագարակ գյուղում խմբի անդամներին սիրով էին սպասում, նրանք այստեղ արժանացան ջերմ ընդունելության:
Ուխտագնացների համար անկանխատեսելի դժվարությունները սկսվեցին կեսգիշերի մոտ, երբ սպառվեցին ջրի պաշարները: Սկսած Կոշ գյուղից ճանապարհն ամայի էր և վերընթաց, ինչն ավելի էր դժվարացնում տեղաշարժը:
Բարեբախտաբար, եղանակը նպաստավոր էր: Լիալուսինը լուսավորում էր խմբի ճանապարհը…
Առավոտյան ժամը 08:15-ի սահմաններում ուխտագնացների խումբը հասավ Աշնակի ճամփաբաժանին, ուր և անդամները որոշեցին փոքր-ինչ հանգստանալ:
Եվս մի քանի ժամ և ուխտագնացները Թալինում էին: 12:15-ին, համախմբելով վերջին ուժերը, խումբը շարժվեց դեպի Թաթուլ գյուղ:
Կեսօրին ուխտագնացներն արդեն հերոսի շիրիմի առաջ էին` իրենց խոնարհումը բերելով ազգային հերոսի հիշատակին:
Ազգային հերոսի շիրմին այցելելուց հետո ուխտագնացներին ջերմությամբ սպասում էին Թաթուլ Կրպեյանի հայրական տանը:
Դեպի Երևան հետդարձի ճանապարհին ուխտագնացները վերլուծելով իրենց կատարած քայլը եկան այն համոզման, որ նման միջոցառումները պետք է հաճախակի կազմակերպվեն, քանզի դրանք շատ կարևոր են հայ երիտասարդների ազգային դաստիարակության գործում:
Գոռ Նազարյան, ԵՊՀ ուսանող
ArmAr.am












