Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Է.Նալբանդյան. «Ֆյուլեի հետ քննարկեցինք արցախյան հիմնախնդիրը»

Ապրիլ 29, 2011թ. 13:17

Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ ջերմորեն ողջունել Երեւան ժամանած ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Մերձեցումը Եվրոպական ընտանիքի հետ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է եւ գոհունակությամբ պետք է նշեմ, որ այդ համագործակցությունը տարեցտարի առավել ընդլայնվում եւ ամրապնդվում է:

Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կանոնավոր քաղաքական երկխոսությունը, պարբերական բնույթ կրող բարձրաստիճան փոխայցելությունները, առեւտրա-տնտեսական կապերի զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը, այդ թվում բարեփոխումները, նպաստում են համակողմանի փոխգործակցության խորացմանը: Արեւելյան գործընկերության մեկնարկը, հավելյալ խթան է հաղորդում  մեր հարաբերություններին;

Մենք այսօր անդրադարձանք Ասոցացման համաձայնագրի բանակցություններին: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ արդեն փակվել են բանակցությունների 16 գլուխներ:

Հանձնակատար Ֆյուլեի հետ ընդգծեցինք Հայաստանի եւ ԵՄ քաղաքացիների տեղաշարժի դյուրացման կարեւորությունը եւ նշեցինք, որ արդեն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել մուտքի արտոնագրային ռեժիմի պարզեցման բանակցությունների մեկնարկի համար: Հայաստանը սպասում է ԵՄ հետագա քայլերին:

Քայլեր են ձեռնարկվում նաեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի համար:

Պարոն Ֆյուլեի հետ քննարկեցինք տարածաշրջանային խնդիրներ, արցախյան հիմնախնդիրը: Այստեղ մենք համամիտ ենք Եվրոմիության հետ, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում`ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա եւ խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:

Ամփոփելով եւս մեկ անգամ նշեմ, որ մեր համագործակցությունը հաջող ընթացքի մեջ է, եւ վստահ եմ, որ այս այցելությունը նոր խթան կհաղորդի մեր հարաբերություններին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն