Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Կին ազատամարտիկի հավերժ հիշատակին

Մայիս 6, 2011թ. 18:56

2010թ. ապրիլի 17-ին կյանքից վաղաժամ հեռացավ Արցախյան շարժման մասնակից, ազատամարտիկ Կարինե Հովսեփյանը: Արդեն մեկ տարի է, ինչ նա մեզ հետ չէ. այդ առիթով մարտական ընկերները, հարազատներն ու ընտանիքի անդամները հավաքվել էին Եռաբլուրում: Շիրմաքարի մոտ ընկերները հիշում էին նրա խիզախությունը, այդ «տղամարդ-կնոջը», ով ոչնչից վախ չուներ, ով նրանց համար և՛ քույր էր, և՛ մայր, և՛ ընկեր, իսկ թշնամու համար` ահ ու սարսափ: Կարինե Հովսեփյանը, առանց ընտանիքի անդամների գիտության, գաղտնի, հենց ջոկատների կազմավորման առաջին իսկ օրերին զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանության գործին: Հանուն հայրենքի ազատության նա զոհաբերեց իր անձնական կյանքը, իր կանացի երջանկությունը:

Կարինե Հովսեփյանը «Տիգրան Մեծ» ջոկատից էր  և պատերազմի ընթացքում ապացուցեց, որ հայ կինը նույնպես կարող է լինել հայրենիքի պաշտպան: «Տիգրան Մեծ» ջոկատի ասոցիացիայի նախագահ Սմբատ Այվազյանը պատմում է. «Մինչ Արցախյան պատերազմի սկիզբը մտածում էի, որ կինը չպետք է լինի պատերազմի դաշտում. պատերազմը միայն  տղամարդու գործ է: Սակայն մարտի դաշտում տեսնելով Կարինե Հովսեփյանի սխրանքները` համոզվեցի, որ հայրենիքի պաշտպանությունը բոլորի գործն է` անկախ սեռից: Նա հերոս աղջիկ էր»:

Տարելիցի օրը Եռաբլուրում էր նաեւ ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ իրենց ճանապարհները խաչվել են Հյուսիային Արցախում, որտեղ Կարինեն հավատավոր զինակիցների հետ պայքար էր մղում մեր ժողովրդի արժանապատվության, ազատության և մեր հայրենիքի ամբողջության համար: Պարոն Հովհաննիսյանն այսպես բնութագրեց կին ազատամարտիկին. «Նա հայրենիքի նվիրյալ դուստրն էր, ով կյանքը, արյունը, ավյունը, կանացիությունը դրեց ազատության և հավատքի, հայրենիքի խորանի վրա, անմնացորդ նվիրվեց երկրի ամրությանը, ազատությանը և ապագային: Արժանի լինենք նրան, իր թողած ժառանգությանը և բոլոր նրանց, ովքեր այստեղ ննջում են: Արժանի լինենք մեր կյանքով և այն հայրենիքով, որին մենք պարտավոր ենք փայփայել մեր կյանքի օրերում»:

Պատերազմից հետո Կարինե Հովսեփյանը կրկին շարունակում էր ծառայել հայրենիքին. հայրենասիրական ոգով  դաստիարակում էր մատաղ սերնդին, աշխատում էր փոքրիկ երկրապահների հետ: Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցի նախկին տնօրեն, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, կրթության մեջ հավատալով  օրինակին, գտնում է, որ Կարինեի օրինակը վարակիչ է երեխաների համար: Տիկին Բախշյանը հուզմունքով է հիշում հայրենիքի քաջարի դստեր երկարամյա մտերմիկ կապը դպրոցի աշակերտների հետ, նրանց հաճախակի հանդիպումներն ու զրույցները, որոնք նպաստում էին երեխաների ռազմահայրենասիրական  դաստիարակությանը:

Ահա այսպիսին էր նա` ամբողջ կյանքն անմնացորդ հայրենիքին նվիրած այդ կինը: Ռազմի դաշտում բազմիցս վիրավորված մարտիկը երկար ժամանակ թաքցնում էր իր ծանր հիվանդությունը և միայնակ կռիվ էր տալիս հիվանդության դեմ: Այս կռվում, սակայն, չկարողացավ հաղթել: Ինչպես նշում են զինակիցները, նա պատրաստ չէր մեռնելու, նա պատրաստ էր պայքարելու և մինչև վերջ պայքարելով` հեռացավ կյանքից:

Ցավոք, հերոսական ուղի անցած ազատամարտիկը կյանքի վերջին տարիներն անցկացրել է սոցիալական դժվարին պայմաններում, հանրակացարանում: Շատ ցավալի է, որ ազատամատիկների բազում ընտանիքներ այսօր մեր երկրում անուշադրության են մատնվում: Մինչդեռ մենք ունենք չավարտված պատերազմ, և այս անտարբերությունը տեսնող սերունդը արդյո՞ք պատրաստ կլինի տալ այնպիսի մարտիկներ, ինչպիսին էր Կարինե Հովսեփյանը` մարդ, ում, իր իսկ զինակիցների խոսքով, շատերն էին ցանկանում նմանվել…

Արփինե Մաթևոսյան


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն