Գլխավոր » Hay-turq, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն

Ժիրայր Սեֆիլյան. «Շուշիի ազատագրումը ողջ հայ ժողովրդի պահանջն էր»

Մայիս 8, 2011թ. 18:36

12««Հարսանիքը լեռներում» ռազմական գործողությունը, որը հանգեցրեց Շուշիի ազատագրմանը, բացառիկ եւ անգամ բեկումնային նշանակություն է ունեցել Ղարաբաղում ազատագրական պատերազմի պատմության մեջ»,-ասել է Արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով, եթե այդ ճակատագրական օրերին հայկական կողմին չհաջողվեր գրավել Շուշին, սպառնալիքի տակ կհայտնվեր Ստեփանակերտը:

«Այդ օրերին հակառակորդն ամբողջությամբ ռմբակոծել էր Ստեփանակերտը խոշոր տրամաչափի զենքերից»,- պատմում է Սեֆիլյանն, ընդգծելով, որ Շուշիի ազատագրումը ողջ հայ ժողովրդի պահանջն էր:

Շուշիի ազատարգրումը, հերոսի ներկայացմամբ, ոչ միայն բացառիկ ռազմավարական, այլ նաեւ հոգեբանական նշանակություն ուներ: «Ռազմական գործողության հաջողությունը բարձրացրեց հայ զինվորների ոգին եւ խուճապ առաջացրեց հակառակորդի շարքերում:

«Հարսանիքը լեռներում» օպերացիայից հետո ադրբեջանցիները մեկը մյուսի հետեւից սկսեցին պարտություններ կրել»,- նշել է Սեֆիլյանը: Բացի այդ, ըստ նրա, Շուշիի ազատագրումը «ճանապարհ բացեց» հետագա օպերացիաների հաջողության համար, որի արդյունքում ցամաքային կապ հաստատվեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ:

«Այդ ճակատագրական օրերին հիշում եմ հաղթական մթնոլորտը, որը տիրում էր հայ զինվորների շարքերում: Բոլորը ցանկանում էին կռվել, կամավորներն ավելի շատ էին, քան զենքը: Կռիվ էին մեկնում նաեւ ֆիզիկապես թույլ մարդիկ: Մենք երբեմն ստիպված էինք լինում կիլոմետրեր քայլել` ծանր բեռն ուսներիս, ինչին չէին դիմանում անգամ ձիերը, բայց մարդիկ, նույնիսկ ֆիզիկապես թույլերը, համառորեն քայլում էին, քանի որ գնում էին հաղթանակի…»հիշում է արցախյան հերոսամարտի հերոսը:

Մայիսի 8-ին լրանում է ռազմավարական նշանակության Շուշի քաղաքի ազատագրման բացառիկ օպերացիայի 19-ամյակը: Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի շրջանում Շուշին վերածվել էր ադրբեջանական զինվորական հենակետի։ Հակառակորդը, օգտագործելով քաղաքի բարձրադիր դիրքը, արդեն 1991 թվականի ավարտին սկսեց գնդակոծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։ Իրավիճակը կտրուկ վատացավ 1992 թվականի փետրվարին, երբ ադրբեջանցիներն սկսեցին «Գրադ» զինատեսակ օգտագործել:

Օպերացիան սկսվեց 1992 թվականի մայիսի 8-ի գիշերը՝ 02։45-ին։ Շուշին պաշտպանում էր մինչեւ ատամները զինված 2500 ադրբեջանցի զինվորական։ Հայկական կողմից հարձակմանը մասնակցում էր 3800 կամավոր՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Թադեւոսյանի գլխավորությամբ։ Ճակատը եղել է 45 կմ։ Հարձակումն իրականացվել է մի քանի ուղղություններով։

Հայ մարտիկների բարոյական ոգին, Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը փրկելու անհրաժեշտության գիտակցումը թույլ տվեցին օպերացիան ավարտել ամենակարճ ժամկետներում։ Այն շարունակվեց 26 ժամ։ Արդեն մայիսի 9-ի առավոտյան՝ 04։00-ին, Տեր-Թադեւոսյանը հայտարարեց՝ հակառակորդի բոլոր խմբավորումները լքել են Շուշին։ Կայծակնային արագությամբ իրականացված օպերացիան թույլ տվեց այն անցկացնել նվազագույն մարդկային կորուստներով։ Հայկական կողմը կորցրեց 58 մարտիկ, ադրբեջանական կողմը՝ շուրջ 200։

news.am

ArmAr.am


Դիտել Hay-turq, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն